Մատչելիության հղումներ

Միշուստինը այսօր Պուտինին կներկայացնի կառավարության նոր կազմը. «Ինտերֆաքս»


Ռուսաստան - Նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է ապագա վարչապետ Միխայիլ Միշուստինին, Մոսկվա, 15-ը հունվարի, 2020թ.
Ռուսաստան - Նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է ապագա վարչապետ Միխայիլ Միշուստինին, Մոսկվա, 15-ը հունվարի, 2020թ.

Այսօր երեկոյան Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը նախագահ Վլադիմիր Պուտինին պետք է ներկայացնի կառավարության նոր կազմը և կառուցվածքը, հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Սահմանադրությունը սրա համար մեկ շաբաթ է հատկացնում։ Միշուստինի թեկնածությունը Պուտինն առաջարկել էր հունվարի 15-ին, և հունվարի 16-ին նա նախագահի հրամանով նշանակվել է վարչապետի պաշտոնում։ Այսինքն՝ Միշուստինը դեռ երկու օր ունի կառավարության կազմը նախագահին ներկայացնելու համար, սակայն ռուսական մամուլը գրում է, որ դա տեղի կունենա այսօր երեկոյան։

Մի շարք աղբյուրներ, այդ թվում՝ Bloomberg-ը, գրել են, որ իրենց պաշտոններում կմնան պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նույն աղբյուրների համաձայն՝ նոր վարչապետի նախկին ղեկավար Անտոն Սիլուանովը հրաժեշտ կտա փոխվարչապետի պաշտոնին, սակայն կպահպանի ֆինանսների նախարարի աթոռը։

Միշուստինը չի շտապում ներկայացնել իր կառավարության անդամներին, իսկ ահա Պուտինի առաջարկած սահմանադրական փոփոխությունների շուրջ զարգացումները, ի զարմանս փորձագետների, շատ արագ են ընթանում, ինչը, սակայն, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նորմալ է համարում։

«Նախագահը բարձրաձայնեց նախաձեռնությունը: Պետության ղեկավարի կողմից բարձրաձայնված ցանկացած նախաձեռնություն, իհարկե, մեծ ուշադրությամբ է ընդունվում, և այդ նախաձեռնությունների իրականացումը, դրանց քննարկումը միշտ իրականացվում է ծայրահեղ առաջնահերթ կարգով: Սա է մեր իրականությունը, և դա բացարձակապես հասկանալի ու պարզ իրականություն է», - այսօր ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին փաստաթուղթը պատրաստ կլինի մոտ ապագայում:

Հիշեցնենք՝ հունվարի 15-ին Դաշնային ժողովին ուղերձում Ռուսաստանի նախագահը հայտարարել էր Սահմանադրության մի շարք փոփոխությունների անհրաժեշտության մասին, օրինակ՝ նույն անձը Ռուսաստանում կարող է զբաղեցնել նախագահի պաշտոնը միայն երկու անգամ: Բացի այդ՝ փոփոխությունները պետք է մեծացնեն խորհրդարանի դերը երկրի կյանքում, ինչպես նաև Սահմանադրությունում պետք է նշվի Պետական խորհրդի դերը: Փորձագետները կարծում են, որ Պետական խորհրդի ղեկավարի պաշտոնը Պուտինը պետք է զբաղեցնի 2024 թվականից հետո, երբ լրանա նրա նախագահության չորրորդ և վերջին ժամկետը։

XS
SM
MD
LG