Մատչելիության հղումներ

ՌԴ նախագահը Պետդումա է ուղարկել սահմանադրական փոփոխությունների նախագիծը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ուղարկել երկրի մայր օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը, որի մասին հայտարարել էր անցած շաբաթ Դաշնային խորհրդին ուղղված ելույթում: Պետդուման վաղը քննարկելու է այդ փոփոխությունները:

Փորձագետներն ասում են, որ սա արագություն չէ, «գերարագություն է»: Կրեմլը մտադիր է արդեն ապրիլին անցկացնել համառուսաստանյան քվեարկություն Պուտինի առաջարկած սահմանադրական փոփոխությունների հարցով: Այս մասին հղում անելով նախագահի աշխատակազմում իր աղբյուրին՝ գրել է RBK-ն՝ հավելելով, որ ամենայն հավանականությամբ հարցը քվեարկության կդրվի ապրիլի 12-ին կամ 26-ին:

Մինչ այդ սահմանադրական բարեփոխումները պետք է հաստատեն Պետդուման և Դաշնային խորհուրդը: Եկող տարի, հիշեցնենք, Ռուսաստանում պետք է անցկացվեն խորհրդարանական ընտրություններ, և փորձագետները նաև սրանով են բացատրում Կրեմլի շտապողականությունը:

Ռուսաստանի նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ հայտարարել է, թե շարունակելու է մնալ իշխող «Եդինայա Ռոսիա» («Միասնական Ռուսաստան») կուսակցության նախագահ: Այս մասին նա հայտարարել է կիրակի օրը «Առաջին ալիքին» տված հարցազրույցում:

Նախկին վարչապետի խոսքով՝ իր նոր՝ Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոնը չի խոչընդոտում քաղաքական գործունեությանը: Մեդվեդևը հարցազրույցում ասել է, թե կուսակցությունն արդեն նախապատրաստվում է հաջորդ տարի կայանալիք Պետդումայի ընտրություններին:​

Հիշեցնենք, անցած շաբաթ Ռուսաստանում վարչապետ է փոխվել: Հունվարի 16-ին նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Միխայիլ Միշուստինին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին որոշումը: Ավելի վաղ երկրի խորհրդարանի ստորին պալատը հավանություն էր տվել Միշուստինի նշանակմանը երկրի վարչապետի պաշտոնում: Անկուսակցական Միշուստինը Պետդումայում ստացել է 383 կողմ քվեներ, սրանից շատ ձայն ստացել էր միայն Պուտինը 2008-ին, երբ 4 տարով նախագահական աթոռը թողել էր արդեն նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևին և նշանակվել վարչապետի պաշտոնում:

ՌԴ նորանշանակ վարչապետը Պետդումայում խոստացել է փոփոխություններ կառավարության կազմում, սակայն մանրամասներ չի հայտնել: Հնարավոր է, որ այսօր հայտարարվի կառավարության կազմը: Այսօր Պուտինն աշխատանքից ազատել է երկրի գլխավոր դատախազ Յուրի Չայկային: Որոշ աղբյուրներ հայտնում են, որ նա նոր պաշտոն է ստանալու Դաշնային խորհրդում: Գլխավոր դատախազի համար Ռուսաստանի նախագահը Դաշնային խորհրդին է ներկայացրել Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Իգոր Կրասնովի թեկնածությունը:

Հիշեցնենք, հունվարի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին: Ստեղծվել է արդեն աշխատանքային խումբ: Պուտինի ներկայացրած առաջարկների համաձայն՝ Պետդումային և Դաշնային խորհրդին պետք է անցնեն նախագահի մի շարք լիազորություններ: Թերևս ամենակարևոր փոփոխությունը, որն առաջարկել է Պուտինը՝ Սահմանադրությունում ամրապնդել Պետական խորհրդի կարգավիճակն ու լիազորությունները: Փորձագետները համարում են, որ հենց այս պաշտոնն է զբաղեցնելու Պուտինը 2024-ից հետո:

Ռուսաստանցի ընդդիմադիրները հայտարարում են, որ Կրեմլն իրականացնում է «սահմանադրական հեղաշրջում» Պուտինի իշխանությունը երկարաձգելու համար: Ընդդիմադիրները, այդ թվում՝ Ալեքսեյ Նավալնու «Յաբլոկո» կուսակցությունը հայտարարել են, փերտրվարի 29-ին Բորիս Նեմցովի հիշատակին ամեն տարի անցկացվող երթը լինելու է նաև Պուտին առաջարկած սահմանադրական բարեփոխումների դեմ: Ընդդիմադիրներն արդեն հայտ են ներկայացրել Մոսկվայի քաղաքապետարան: «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովն իր բլոկում այսօր գրել է.

«Ամեն ինչ հասկանալի է, Կրեմլը պետք է մի բան հնարեր Պուտինի իշխանությունը երկարաձգելու համար, անհասկանալի է միայն շտապողականությունը: Ինչո՞ւ եք այդքան շտապում, Վլադիմի՛ր Վլադիմիրովիչ, ի՞նչ է պատահել»:

XS
SM
MD
LG