Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր հայտարարեց՝ տարածքների ու շենք-շինությունների վաճառքի գործընթացն իր հսկողության տակ է ու այլևս թույլ չի տա հանրային տարածքներ օտարել, ապօրինի, ծիծաղելի գներով գույք վաճառել՝ վնաս հասցնելով համայնքներին, այն, ինչ տեղի է ունեցել նախորդ տասնամյակներում։ Հրավիրած մամուլի ասուլիսում նա շեշտեց, որ այսօր էլ դեռ համայնքապետեր կան, որոնք աշխատում են հին գործելաոճով։
«Կարծում եմ՝ որևէ մեկն այսուհետ պետք է չհանդգնի մեր քաղաքների հանրային տարածքների վրա որևէ նկրտումներ ունենալ։ Շատ սկզբունքային, կարևոր հարցեր են սրանք ինձ համար», - ասաց Ղուկասյանը։
Մարզպետն ասաց՝ համայնքապետարաններից հաճախ հողերի նշանակության փոփոխության կամ շինարարության նախագծերը հասնում են մարզպետարան՝ հաստատ իմանալով, որ դրանք մերժվելու են, քանի որ հակասում են օրենսդրությանը։
«Էս միջոցով համայնքապետերը փորձում են իրենց վրայից պատասխանատվությունը վերցնել, և քանի որ ի վերջո ստացվում է, որ այդ հայտերը մերժվում են մարզպետարանում, քաղաքացիների մոտ փորձում են ստեղծել կեղծ տպավորություն, որ «մենք շատ պատրաստակամ ենք, բարի ենք, և, տեսեք, որ մենք փորձեցինք անել, բայց մարզպետարանում մերժեցին, մարզպետը մերժեց»։ Կարծում եմ՝ այդ կեղծ մանիպուլյացիան չի ստացվելու և քաղաքացիները շատ լավ հասկանում են, թե, այսպես ասեմ՝ «որտեղ է թաղված շան գլուխը», - նշեց Անդրեյ Ղուկասյանը։
2019 թվականին մարզպետարանը 34 գրություն է ուղարկել Լոռու մարզի դատախազություն՝ տարբեր ոլորտներում ունեցած կասկածների վերաբերյալ։ Դրանք առնչվել են ապօրինի հողհատկացումներին կամ համայնքային գույքի օտարումներին, կրթության ոլորտում կամ համայնքների ղեկավարների կողմից թույլ տրված չարաշահումներին։ Մարզպետարանում պարզել են, որ օրինակ Սվերդլով համայնքում 480 միլիոն դրամ արժողությամբ խմելու ջրագծի կառուցման ծրագրից հետո գյուղն այդպես էլ խմելու ջուր չի ունեցել։
Երեկ Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել Ստեփանավան քաղաքում տեղի ունեցած խոշոր չափերի յուրացումների փաստերով հարուցված քրեական գործի մասին։
Իրավապահները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ «Բավարիայի երկրամասի Կարմիր խաչ» կազմակերպությունը 2013-ից 2019 թվականներին «Ստեփանավան» բարեգործական հիմնադրամին հատկացրել է ավելի քան 316 հազար եվրո և 32 միլիոն դրամ արժեք ունեցող կենցաղային ու տնտեսական իրեր՝ որպես մարդասիրական օգնություն անապահով ընտանիքներին։ Այդ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Ստեփանավան համայնքի արդեն 7 տարվա ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանն է, որն, ըստ քրեական գործի, «հափշտակություն կատարելու դիտավորությամբ, համայնքի անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելու անվան տակ, անհասցե ապրանքագրեր ու կեղծ հանձնման-ընդունման արձանագրություններ է կազմել և յուրացրել առանձնապես խոշոր չափերի՝ 89 միլիոն դրամից ավելի կազմող տարբեր իրեր»։
Երեկ տարածած հաղորդագրության մեջ Ոստիկանությունը հայտնել էր նաև, որ «Ստեփանավան համայնքի ղեկավարը չարաշահել է պաշտոնեական դիրքը և ձևական աճուրդներ կազմակերպելով ու կեղծիքներ կատարելով, իր որդուն է օտարել համայնքին պատկանող հողամասեր»։ Այնուհետև համայնքի ղեկավարը, իմանալով, որ իր որդու հողամասում բարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկը առանց համապատասխան թույլտվության առանձնատուն է կառուցում, ոչ միայն չի կասեցրել ապօրինի շինարարությունը, այլև կազմել և տրամադրել է պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա կադաստրի պետական կոմիտեի Ստեփանավանի գրասենյակում 2015 թվականին կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում, հայտարարել է Ոստիկանությունը։
Դեռ 2016 թվականին «Ազատությունն» անդրադարձել էր այս առանձնատան կառուցմանն ու պարզել, որ Ստեփանավանի հանրային զբոսայգու տարածքում առանձնատուն է կառուցում Հայաստանի արդեն նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ազգական Աշոտ Բոչոլյանը։ Վերջինս «Ազատության» հետ զրույցում չէր հերքել այս տեղեկությունը։
«Բարեկամները, իմ հարազատները, իմ ամբողջ շրջապատը և ընկերները գտնվում են Ստեփանավանում, ես դեռ շատ շուտվանից կապված եմ Ստեփանավանի հետ և այսօր իմ համար մի հատ փոքր տուն եմ կառուցում ընդեղ։ Չեմ հասկանում, դա ասենք իրեք էդքան անհնարի՞ն բան է, որ ես չեմ կարո՞ղ մի հատ տուն կառուցել, պարտադիր պետք է ինչ-որ մեկի բարեկամը լինեմ, որ մի հատ տո՞ւն կառուցեմ կամ շինթույլտվությո՞ւն ստանամ։ Այդտեղ արտառոց ոչինչ չեմ տեսնում էլի», - ասել է Բոչոլյանը։
Զբոսայգում բարձրաստիճան պաշտոնյայի առանձնատուն կառուցելու թույլտվությունը երեք տարի առաջ հանրային դժգոհություն առաջացրեց, բայց բազմաթիվ բողոքներից հետո, այդպես էլ որևէ բան չփոխվեց։
Լոռու մարզպետն այսօր ասաց, որ հետևողական է լինելու այս բոլոր ապօրինությունների մեղավորներին բացահայտելու և պատժելու հարցում։