Դատախազությունը վերջին օրերին շարունակ հաղորդում է Հայաստանի տարբեր քաղաքների քաղաքապետարանների սոցիալական աջակցության բաժինների աշխատակիցների կողմից ապօրինությունների բացահայտման մասին: Լոռու մարզի Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում, Շիրակի մարզից Գյումրիում և Արթիկում բացահայտված չարաշահումներին երեկ ավելացան նաև Երևանի դեպքերը:
Դատախազության հաղորդագրության համաձայն, Շենգավիթի, Էրեբունու և Նուբարաշենի, Մալաթիա Սեբաստիայի բաժիններում 15 քրեական գործ է հարուցվել սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու դեպքերի առթիվ:
Հուլիսի 27-ին և 28-ին ոստիկանության տարբեր բաժիններում 18 քաղաքացի հաղորդում է ներկայացրել, որ 2008 թվականից մինչև 2018 թվականը սոցիալական աջակցության տարածքային բաժինների մի շարք աշխատակիցներ նպաստառուների ցուցակում իրենց ընդգրկելու և հանրության շրջանում «Փարոս» անունով առավել հայտնի նպաստի վճարումը տարվա ընթացքում չդադարեցնելու համար պահանջել և ստացել են տարբեր չափերի ապօրինի վարձատրություն՝ որպես կանոն մեկ կամ մի քանի ամսվա նպաստի գումարի չափով:
Քրեական գործերը հարուցվել են պաշտոնական անձի կողմից կաշառք ստանալու և նրան կաշառք տալու հատկանիշներով:
Երևանի քաղաքապետարանի սոցիալական աջակցության Շենգավիթի բաժնի ղեկավար Սուսաննա Միքայելյանը ապօրինությունների մասին «Ազատության» հարցը լսելուն պես նյարդայնացավ, հայտարարեց, որ հարուցված քրեական գործերից տեղյակ չէ:
Էրեբունու բաժնում ևս հրաժարվեցին որևէ պարզաբանում ներկայացնելուց:
Մալաթիայի տարածքային բաժնի հեռախոսն ընդհանրապես անջատված էր։ Իսկ տարածքային բաժինների աշխատանքը համակարգող քաղաքապետարան զանգերն օրվա ընթացքում անպատասխան մնացին:
Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին Գլխավոր դատախազությունից, Շիրակի մարզում հարուցված երեք քրեական գործերից մեկի շրջանակում կա մեկ կասկածյալ, իսկ Լոռիում քրեական գործերից մեկով 2, մյուսով՝ 14 մեղադրյալ: Սոցիալական աջակցության Վանաձորի բաժինի աշխատակցի փոխանցմամբ, պետը և բաժնի աշխատակիցները շարունակում են պաշտոնավարել:
Մեղադրյալներից ամենաբարձր պաշտոն զբաղեցնողը դեռևս տարածքային գործակալության պետ է․ խարդախության և փաստաթղթեր կեղծելու համար մեղադրանք է առաջադրվել սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ալբերտ Ղարաքեշիշյանին, հայտարարվել է հետախուզում: Ստեփանավանում խարդախությամբ հափշտակված գումարի չափը քննության ներկա փուլում կազմել է շուրջ 545 մլն դրամ: Նորանշանակ պետ Արթուր Վարդանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ «չարաշահումների մասին ոչ մի բան չեմ կարող ասել»:
Գործում ներգրավված են նաև «Հայփոստի» ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնատար անձինք: Օրինակ՝ կաշառք են պահանջել երեխային հաշմանդամ ճանաչելու ու հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու համար:
1998-ից ոլորտում աշխատող, 12-18 թթ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից փորձեցինք ճշտել՝ արդյոք տեղյակ է եղել ոլորտում առկա չարաշահումների մասին և հնարավոր է արդյոք դրանք իրականացնել առանց ղեկավարության իմացության: - «Ես հիմա չեմ ուզում որևէ մեկնաբանություն անել», - արձագանքեց նախկին նախարարը:
Վանաձորի տարածքային բաժնի աշխատակիցներն էլ «Հայփոստի» ծառայողների հետ տարածքային գործակալության համակարգչային բազայում սոցիալական անապահովության վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնելով ապօրինի ձևակերպել են ընտանեկան նպաստներ:
Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ, հանրապետական Հովհաննես Սահակյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ «Փարոսների» ինստիտուտին նախկինում էլ դեմ է եղել․ - «Նպաստ համակարգը պիտի արմատական փոխվի, վերանայվի և էդ կեղծ փող ստացողները, որ էսօր բացահայտում են՝ դրանք կվերանա: Պիտի փիլիսոփայությունը դրա միջի փոխվի: Մենք գյուղացուն ասում ենք՝ հող ու կով մի պահի, ինքը պոտենցիալ արտագաղթող է»:
Իրավապահները դեռ չեն հստակեցնում, թե ընդհանուր առմամբ որքան վնաս է հասցվել պետությանը: Քննության ընթացքում նոր հանգամանքների բացահայտման հետևանքով պետությանը պատճառված վնասի չափն անընդհատ աճում է:
«Ազատությունը» պարզեց, որ ստուգումներ են իրականացվում սոցիալական աջակցության այլ տարածքային բաժիններում ևս: