Մատչելիության հղումներ

Մնացականյանը Հայաստանի համար անհանգստացնող է համարում տարածաշրջանում կայունության խափանումը


Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի համար անհանգստացնող է համարում տարածաշրջանում կայունության խափանումը: Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ անդրադառնալով տարվա սկզբից Մերձավոր Արևելքում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի միջև տեղի ունեցող զարգացումներին:

«Մեր անմիջական գործընկերներն ունեն տարաձայնություններ և դա նաև ազդեցություն ունի մեր տարածաշրջանի վրա, տարածաշրջանային անվտանգության և մեր երկրի անվտանգության վրա։ Ի վերջո սա հարևանությամբ է տեղի ունենում և այդ առումով մենք թե՛ ներսում՝ Հայաստանում մեր ազգային անվտանգության ողջ համակարգը համախմբված աշխատում է այդ առումով, որպեսզի մենք պատրաստ լինենք», - նշեց Մնացականյանը։

Խոսելով Ղարաբաղի բանակցային գործընթացի մասին՝ Մնացականյանը վաղ համարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպման մասին խոսելը: Ինչ վերաբերում է արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը, Մնացականյանն ասաց՝ հայկական կողմը բանակցություններից երբևէ չի խուսափել։

«Այն օրվանից, երբ կառավարությունը ստանձնեց պատասխանատվություն՝ 2018 թվականի մայիսից, որևէ պահ չի եղել, որպեսզի մենք հետաձգենք կամ ձգձգենք գործընթացը։ Անցյալ տարվա ընթացքում, գիտեք, որ եղել է բավական ակտիվ աշխատանք, գործընթացը շարունակվում է, և գիտեք, որ մենք հայտարարում ենք հանդիպման մասին, համանախագահների միջոցով մենք միաժամանակ հայտարարում ենք», - նշեց ԱԳ նախարարը։

«Ազատության» հարցին՝ վերջին հանդիպումից հետո շատ սուր հարցազրույցով հանդես եկավ Մամեդյարովը, դա հետագա գործընթացի վրա ինչպե՞ս կանդրադառնա, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Իմ վրա դա չի անդրադառնա, մենք բանակցություններից չենք խուսափում»։

Մնացականյանից հետաքրքրվեցինք նաև՝ ռազմավարական գործընկեր Ռուսաստանում կառավարության փոփոխությունն ի՞նչ կերպ կարող է անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա:

«Հայ-ռուսական հարաբերություններն ունեն բավական ամուր հիմքեր և բավական հարուստ օրակարգ, և այդ հարուստ օրակարգի և մեր բոլոր ձևաչափերի մեջ մեր աշխատանքները շատ էֆեկտիվ են և շատ ակտիվ են։ Մենք աշխատում ենք, ինչպես որ աշխատում էին», - ասաց Մնացականյանը։

«Իմ քայլի» պատգամավորների հետ փակ հանդիպումը նախարարը արդյունավետ որակեց՝ կարևորելով նման ձևաչափի քննարկումները:

«Պառլամենտական հարթակը եղել և մնում է շատ-շատ կարևոր մեզ համար հարթակ, որտեղ նաև դիվանագիտությունն է երևում։ Պառլամենտական դիվանագիտությունը բավական կարևոր ակտիվ ուղղություն է, և այստեղ մեր համագործակցությունը և շփումները շատ կարևոր են, շատ մեծ նշանակություն ունեն», - ընդգծեց արտգործնախարարը։

Առանց հստակեցնելու նախարարի հետ քննարկված հարցերի շրջանակը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահեցրեց, որ կարևոր ու արդյունավետ քննարկում են ունեցել և շարունակելու են նման ձևաչափով հանդիպումները: Հաջորդը նախատեսում են ոստիկանապետի հետ հանդիպում:

«Մեքն չեն հնչեցրել մտահոգություններ երկրի անվտանգության առումով, մենք պարզապես քննարկել ենք, թե ինչպես կարող ենք այն ավելի ամուր դարձնել և մեր բոլոր ջանքերն ուղղորդել միևնույն նշանակետին և դարձնել ավելի կոնսոլիդացված», - ասաց Մակունցը։

XS
SM
MD
LG