Մատչելիության հղումներ

Համայնքներում ծննդատների փակման հարցով ՄԻՊ գրասենյակը քննարկման ընթացակարգ է սկսել


Հանրապետության տարբեր համայնքներում ծննդատների փակման հարցով Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) քննարկման ընթացակարգ է սկսել և գրավոր պարզաբանումներ է պահանջել Առողջապահության նախարարությունից և մարզպետներից:

Պաշտպանի գրասենյակից փոխանցում են, որ գրությամբ մի շարք հարցեր են ուղղել, այդ թվում՝ աշխատողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Ծննդատների աշխատակիցները կարող են իրենց իրավունքների պաշտպանության համար դիմել Մարդու իրավունքների պաշտպանին: Այս պահին Հայաստանում չկա որևէ վարչական մարմին, որ կզբաղվի աշխատանքային օրենսդրության վերահսկմամբ։

Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի գլխավոր մասնագետ Ալվարդ Արշակյանը տեղեկացրեց, որ այդ լիազորությունն ստանձնելու են եկող տարվա կեսից. - «2019 թվականին կատարվել է փոփոխությունը, համաձայն որի 2021 թվականի հուլիսի 1-ից գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության ու աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող բոլոր իրավական ակտերի, այդ թվում կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի նկատմամբ նախատեսվում է իրականացնել վերահսկողություն, և որպես վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին է ճանաչվում տեսչական մարմինը»։

Փակվող յոթ ծննդատների աշխատակիցները պնդում են, որ աշխատատեղի լուծարման մասին տեղեկացել են տոներից հետո՝ այս տարի։ Աշխատանքային օրենսգիրքը սակայն գործատուին պարտավորեցնում է կրճատման մասին երկու ամիս առաջ տեղեկացնել։ Առողջապահության նախարարությունից պնդում են, թե նախ ծննդաբերական բաժանմունքների դեպքում գործատուն բուժհաստատությունն է, նրանք էլ պետք է ծանուցեին աշխատողներին, իսկ նրանք լուծարման մասին տեղեկացել են դեռևս ծննդատների գնահատման փուլում, երբ պարզ է դարձել, որ պայմանները չեն համապատասխանում նախարարության սահմանած չափորոշիչներին։

Այլ բան են ասում բուժկենտրոնների տնօրենները։ Արագածոտնի մարզի Արտենիի առողջության կենտրոնի տնօրեն Վարուժան Հակոբյանն ասում է, որ խոսակցություն, այո, եղել է, պաշտոնական ծանուցում՝ ոչ. - «Անցյալ տարի խոսակցություններ եղել են, քննարկումներ եղել են, սակայն փակման մասին Նոր տարուց անմիջապես հետո ենք տեղյակ եղել։ Այն էլ՝ փակման մասին կոնկրետ փաստաթուղթ չենք ստացել։ Ես ստացել եմ նախագիծ 2020 թվականի ֆինանսավորման վերաբերյալ, որտեղ ծննդօգնության դիմաց գրված էր զրո»։

Ո՞վ է այնուամենայնիվ պատասխանատու, որ լուծարման պաշտոնական ծանուցումներ չեն եղել։ Նախարարությունից ասում են, որ եթե բուժհաստատությունները տեղեկացել են, որ այդ բաժանմունքները չեն համապատասխանում չափորոշիչներին, պետք է ենթադրեին, որ դրանք փակվելու են։

Արտենիում, օրինակ, 5 աշխատող պետք է կրճատվի։ Տնօրենը լուծումներ է փնտրում և նաև խնդրում. - «Առաջարկներ լիքը ես նախարարություն ուղարկել եմ ու ակնկալում եմ իրենց օգնությունը»։

Տավուշի Աչաջրի առողջության կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանը պնդում է, թե հունվարի 10-ին լրատվամիջոցներից է տեղեկացել, որ իրենց բաժանմունքը նույնպես փակվողների թվում է. - «Բայց ես որտեղի՞ց գիտեի, որ տեղյակ պահեի։ Ես իմ աշխատողին չեմ կրճատելու։ Թող իրենք անձամբ կրճատեն»։

Ասում է, որ ոչ մեկին չի կրճատելու, որպեսզի օրենքը չխախտի. - «Ես իմ աշխատավարձը կստանամ, կբաժանեմ այդ 9 հոգու մեջ»։


Աչաջրի ծննդաբերականը նախորդ տարի 79 ծնունդ է ընդունել, ինչը համարյա կրկնակի պակաս է սահմանված 150-ից։ Կորյուն Վարդապետյանը այստեղ և՛ տնօրեն է, և՛ մանկաբարձ-գինեկոլոգ։

Նա ասում է, որ առանց նախարարության գնահատման էլ գիտի, որ պայմաններն այն չեն, բայց բարելավման համար երբեք փող չեն ստացել. - «Չունենք անեսթեզիոլոգ։ Գիտեմ, հասկանում եմ»։

Առողջապահության նախարարը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց, որ լուծարվող ծննդատների բուժանձնակազմի հարցը դեռ կքննարկեն, բայց նրանց զբաղվածության հարցն ամենակարևորը չէ . - «Օրինակ, Աչաջրում տնօրենը ինքը հենց մանկաբարձ-գինեկոլոգ և... ինքը ամեն ինչն ա այնտեղի։ Հետևաբար ինքն էլ անգործ չի մնա։ Եթե մանկաբարձների մասին է խոսքը, ապա մանկաբաղձների համար կարելի է բուժքույրական ծանրաբեռնվածություն ապահովել։ Այսինքն այդ հարցերը քննարկելի են, և մենք պատրաստ ենք բուժհաստատության տնօրենների և մարզային իշխանության հետ քննարկել։ Բայց նորից՝ որևէ մեկի զբաղվածություն ապահովելու հարցը չի կարող հակասել կյանք փրկելու սկզբունքին։ Դա աքսիոմա է»։

«Շնորհակալ եմ աշխատանքիս գնահատականի համար», - դառնացավ Աչաջրի առողջության կենտրոնի տնօրենը։ Ծննդատան գործունեությունը, ասաց, կասեցված է, բայց այս տարի արդեն 5 ծնունդ են ընդունել։

XS
SM
MD
LG