Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների վաղ կենսաթոշակի մասին օրենքը տարեվերջից ուժի մեջ է, սակայն ոչ բոլոր դատավորների դիրքորոշումն է հստակ օրենքի վերաբերյալ՝ հրաժարական տալ և մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը ստանալ աշխատավարձի չափով կենսաթոշակ, թե շարունակել պաշտոնավարել։
Բարձր դատարանի դատավորներից Աշոտ Խաչատրյանն «Ազատությանն» ասաց՝ դեռևս վերջնական որոշում չունի։
«Դեռևս որևէ մեկնաբանություն չունեմ այդ կապակցությամբ», - նշեց Խաչատրյանը։
«Ազատության» հարցին՝ այսինքն դեռ հստակ չէ՞ այդ իրավունքից կօգտվի, թե՞ ոչ, ՍԴ դատավորը պատասխանեց. «Այո, քանի որ դա իրավունք է ի վերջո, դեռ պարզ չի ինձ համար՝ արդյոք ես կօգտվե՞մ, թե՞ չեմ օգտվի այդ իրավունքից»։
Իշխանությունը վաղ կենսաթոշակային համակարգը համարում է Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծումներից մեկը։ Այն վերաբերում է 9-ը դատավորից միայն 7-ին, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին։ Այսինքն՝ այն դատավորներին, որոնք ընտրվել են մինչև 2015-ին ընդունված Սահմանադրությունը։ Չի վերաբերում Վահե Գրիգորյանին և Արման Դիլանյանին, որոնք ընտրվել են գործող Սահմանադրությամբ։ Օրենքը կամավորության սկզբունքով է, դատավորները մինչև գարուն մտածելու ժամանակ ունեն։
«Ընդհանրապես օրենքները, որոնք կարող են քննության առարկա դիտարկվել Սահմանադրական դատարանում, բնականաբար, ցանկացած օրենքի վերաբերյալ, այդ թվում նաև իրավական ակտերի մասով, ես որևէ գնահատական չեմ կարող տալ։ Սա ընդհանուր մոտեցում է, սա բխում է իմ լիազորությունների բովանդակությունից», - ասաց Աշոտ Խաչատրյանը։
Բարձր դատարանից օրենքի վերաբերյալ հայտնի է նախագահ Հրայր Թովմասյանի, դատավորներ Արևիկ Պետրոսյանի և Ալվինա Գյուլումյանի դիրքորոշումը։ Երեքն էլ բացասական են խոսել օրենքի մասին՝ հայտարարելով՝ չեն պատրաստվում օգտվել այդ իրավունքից։
Հրայր Թովմասյանը դեկտեմբերի վերջին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ եթե կարծում են՝ ՍԴ դատավորները կգայթակղվեն կաշառքի պիտակավորում ստացած վաղ կենսաթոշակով, ուրեմն վատ են ճանաչում նրանց։ Ալվինա Գյուլումյանն էլ բարոյական չէր համարել՝ չաշխատել և ստանալ անաշխատ եկամուտ։
Աշոտ Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ համամի՞տ է իր գործընկերների կոշտ դիրքորոշման հետ, համարո՞ւմ է, որ հրաժարականի դիմաց առաջարկվող կենսաթոշակը կաշառք է, ՍԴ դատավորը պատասխանեց. «Ես չեմ կարող գնահատական տալ։ Խնդրում եմ՝ ճիշտ ընկալեք, որ ի վերջո օրենք է դա, իսկ օրենքի վերաբերյալ իմ կողմից որևէ մի տարրի մասին կամ որևէ մի խնդրի մասին կամ դրա մասին ընդհանրապես չեմ կարող ես գնահատական տալ։ Ես հստակ դիրքորոշում իմ կողմից դեռևս չունեմ»։
Վաղ կենսաթոշակի իրավունքից օգտվելու հարցում գուցե դեռ ոչ, բայց Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Աշոտ Խաչատրյանի դիրքորոշումը հստակ է։
«Ի՞նչ է նշանակում Սահմանադրական դատարանի ճգնաժամ, եթե Սահմանադրական դատարանն իր բնականոն գործունեությունն իրականացնում է, ինչի՞ մասին է խոսքը», - նշեց Խաչատրյանը։
Հիշեցրինք Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի պնդումը՝ Բարձր դատարանում ճգնաժամ կա և պետք է հանգուցալուծվի։ «Ազգային ժողովի նախագահի կողմից ներկայացված մեկնաբանությունները չեմ կարող ներկայացնել, մեկնաբանել», - արձագանքեց ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը։
Ընդդիմության կոշտ քննադատությանն արժանացած այս օրենքի հասցեատերերից Ֆելիքս Թոխյանը և Արայիկ Թունյանը հրաժարվել են օրենքի մասին կարծիք հայտնել։
Թոխյանը հիմնավորել էր, թե չի կարող կարծիք հայտնել մի օրենքի մասին, որը հետագայում կարող է Սահմանադրական դատարանում քննարկման առարկա դառնալ։ Նույն հիմնավորմամբ հարցազրույցից հրաժարվել է նաև Արման Դիլանյանը, որը թեև օրենքի հասցեատերը չէ։ Հրանտ Նազարյանի հետ կապ հաստատել դեռևս չի հաջողվել։
Սահմանադրական դատարանի դատավորներից վաղ կենսաթոշակային համակարգի մասին մինչ այս պահը հրապարակայնորեն դրական է խոսել միայն դատավոր Վահե Գրիգորյանը։ Ավելին, Վահե Գրիգորյանը անցած տարի խորհրդարանում Սահմանադրական դատարանի ճգնաժամի մասին բարձրաձայնելուց օրեր անց, վարչապետին, նախագահին, Ազգային ժողովին ուղղված իր հայտնի նամակում ստեղծված իրավիճակի ելքերից մեկը համարել էր վաղ կենսաթոշակային համակարգը։