Մատչելիության հղումներ

Հայաստանաբնակ իրանցի կինը հուսով է, որ իր երկրում խաղաղություն կտիրի


Սառա Լուի
Սառա Լուի

Իրանցի Սառա Լուին արդեն մեկ տարի է, ինչ ապրում ու աշխատում է Հայաստանում, մասնագիտությամբ ծրագրավորող է։

Իրանում վերջին օրերի իրադարձությունների մասին Սառան ասում է. - «Կարևոր չէ ով է ճիշտ և ով սխալ։ Մարդիկ նորմալ կյանք են ուզում, այս ամենն ուղիղ ազդեցություն ունի նրանց վրա»

Նա նաև ճամփորդական բլոգի համահիմնադիր է. երեք իրանցի կանայք բլոգում պատմում են իրենց ճամփորդությունների ու արշավների մասին: Ինչպես գրել են կայքում, իրենց «մշակութային արգելքները հետևում թողած յուրօրինակ կին առաջամարտիկներ են, քանի որ ճամփորդող կանայք Իսլամական Հանրապետությունում այդքան էլ շատ չեն»։

Մի քանի օր առաջ այդպիսի ճամփորդություններից մեկը Սառայի համար անակնկալով սկսվեց, երբ պարզվեց, որ իրենց արշավախմբի հետ Արտանիշ լեռ է բարձրանալու նաև Հայաստանի վարչապետը:

«Ոչ ոք չէր սպասում, նույնիսկ խմբի ղեկավարներն ու կազմակերպիչները չգիտեին։ Մեծ պատիվ էր այդ խմբում լինելը», - ասաց նա՝ հավելելով. - «Հետո ես իմացա, որ նա արշավը նվիրել է խաղաղությանը»։

Վարչապետն Արտանիշ տանող ճանապարհին խաղաղության կոչ արեց՝ Իրանի ու ԱՄՆ-ի ղեկավարներին հորդորելով զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վատթարացնել առանց այն էլ լարված իրավիճակը։

Հունվարի 3-ին Արևմտյան Բաղդադում ԱՄՆ-ի օդային հարվածից սպանվեց «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Քասեմ Սուլեյմանին։ ԱՄՆ-ն հայտարարեց, որ սա «պաշտպանողական» գործողություն է եղել՝ կանխելու տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումը Սուլեյմանիի կողմից։ Իրանը խոստացավ վրեժ լուծել գեներալի սպանության համար, և մի քանի օր անց հրթիռակոծեց Իրաքում ամերիկյան ուժերի տեղակայման վայրերը։

Սառան վախեցած է, ասում է՝ հնարավոր չէ կանխատեսել, թե վաղն իր երկրում ինչ կկատարվի. - «Մենք հասարակ մարդիկ ենք, նորմալ կյանք ենք ուզում՝ առանց վայրիվերումների, ապրելու համար անվտանգ վայր։ Կարծում եմ, շատ բան չենք ուզում։ Հորդորում են կանգ առնել։ Մարդիկ պիտի ապրեն»։

Մեղադրո՞ւմ է արդյոք Իրանի իշխանություններին ստեղծված իրավիճակի համար։ «Ես գրեթե վստահ եմ, որ Միացյալ Նահանգներում իշխանությունների արածն այնքան էլ մարդկանց սրտով չէ, նույնն էլ՝ Իրանում»։

Երկու կողմերից այս օրերի ընթացքում հնչած սպառնալիքները Սառայի կարծիքով լուծում չեն. - «Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ հնարավոր է կիրառվեն, մեր իշխանություններն էլ՝ պատասխանեն։ Անորոշություն է»։

Սարայի գնահատմամբ, հայերը բախտավոր են, որ կարողացել են թավշյա հեղափոխություն անել։ Նա կարծում է, որ նույն բան չի կարող տեղի ունենալ Իրանի Իսլամական Հանրապետությունում, որտեղ վերջին շրջանում հակառավարական հուժկու բողոքի ակցիաներ եղան. - «Դուք գիտեք, որ իմ երկրում իրավիճակն այլ է»։

Իրանցի երիտասարդ կինը խաղաղության հույս է փայփայում, ասում է՝ հույս ունի, որ Իրանի ներկայիս իշխանությունները ճիշտ որոշումներ կկայացնեն հասարակ մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու համար:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG