Մատչելիության հղումներ

Վարչապետ Փաշինյանն արդյունավետ որակեց ՀՀ-ի նախագահությունը ԵԱՏՄ-ում


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ Հայաստանի նախկին վարչապետ Եվրասիական տնտեսական հաձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանի լիազորությունների ժամկետն ավարտվում է եկող տարվա փետրվարի 1-ին։ Պաշտոնը ստանձնել է Բելառուսի նախկին վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը։

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում այսօր կայացել է Եվրասիական տնտեսական միության հերթական գագաթնաժողովը։ Ավարտվել է Հայաստանի նախագահությունը, և ԵԱՏՄ-ում նախագահությունն անցնել է Բելառուսին: Այսօր Բելառուսի նախագահն իր գործընկերներին մայիսին հրավիրեց Մինսկ։

Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում այսօր ամփոփեց Հայաստանի նախագահությունն՝ այն արդյունավետ որակելով. - «Ակնհայտ է , որ Հայաստանի նախագահությունը բավականին արդյունավետ էր միության արտաքին կապերի ընդլայնման առումով։ Ուժի մեջ են մտել Չինաստանի հետ առևտրա-տնտեսական համագործակցության մասին և Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրերը։ Ստորագրվել են ազատ առևտրի մասին համաձայնագրեր Սինգապուրի և Սերբիայի հետ, ինչպես նաև մաքսային տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր Չինաստանի հետ։ Հայաստանը նաև նախաձեռնությամբ է հանդես եկել՝ առաջարկելով միության անդամ պետություններից յուրաքանչյուրին ստանձնել որևէ նախագծի կոորդինացումը։ Հայաստանը կոորդինացնելու է եվրասիական ոսկերչական բրենդի ստեղծումը», - այս մասին գագաթնաժողովին հետևած ասուլիսին հայտարարել է Հայաստանի վարչապետը։

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում այսօր անցնում է նաև ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովը։ ԱՊՀ նիստին Պուտինն այսօր ներկայացրել է երկրորդ համաշխարհային պատերազմին վերաբերող արխիվային փաստաթղթեր, որոնք Մոսկվայի կարծիքով՝ արդարացնում են 39-ին կնքած Ռիբենտրոպ-Մոլոտով պակտը։

Սանկտ Պետերբուրգում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա մասնակցել է ԱՊՀ հերթական հավաքին: Ալիևի օրակարգում է նաև երկկողմ հանդիպում Ռուսաստանի նախագահի հետ, թվով երրորդն այս տարում։

Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը երեկ «Ազատությանն» ասել է, որ Փաշինյան-Ալիև հանդիպում Սանկտ Պետերբուրգում նախատեսված չէ, սակայն կայանալու է պաշտոնական ընթրիք, որին մասնակցելու են Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը:

Դե իսկ ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում Պուտինի հանդիպումն էր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Նրանք շարունակել են Սոչիում վերջերս կայացած բանակցությունները ռուս-բելառուսական միութենական պայմանագրի իրագործման շուրջ:

Հիշեցնենք, Մինսկում անցնում են ռուս-բելառուսական ինտեգրման դեմ բողոքի ակցիաներ, իսկ Պուտինը երեկ հայտարարել էր, թե ռուսներն ու բելառուսները մի ժողովուրդ են։

Եվրասիական տնտեսական միության զարգացման և ամրապնդման գործում մեծ վաստակի համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր պարգևատրվել է Ռուսաստանի «Բարեկամության շքանշանով»։

XS
SM
MD
LG