Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանն այսօր մերժեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ իրեն ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը: Դատարանում էր նաև Ռոբերտ Քոչարյանը։
«Քննելով պաշտպան Վարդևանյանի միջնորդությունը որոշեցինք Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Վարդևանյանի միջնորդությունը դատավոր Աբգարյանի կողմից ինքնաբացարկ ներկայացնելու վերաբերյալ մերժել», - հայտարարեց դատավորը։
Պաշտպանների հիմնավորմամբ՝ Լուսինե Աբգարյանը չի կարող անկողմնակալ քննել իրենց բողոքը, քանի որ նրա եղբայրը հեղափոխության ժամանակ Ֆեյսբուքում հավանել է ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի այն գրառումը, թե «նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նորից քրեակատարողականում է»:
Պաշտպանները Ֆեյսբուքում ուսումնասիրություններ են արել ու պարզել՝ Դավիթ Աբգարյանը մտերիմ հարաբերությունների մեջ է սույն գործով տուժողների իրավահաջորդների նախկին ներկայացուցիչ, այժմ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հետ։ Ավելի ուշ փաստաբան Դավիթ Աբգարյանը «Ազատության» հետ զրույցում հերքել էր մտերմությունը, նշելով, որ գործնական հանդիպումներ է ունեցել Գրիգորյանի հետ։
Ինքնաբացարկի մերժումից հետո շարունակվեց Քոչարյանի բողոքի քննությունը։ Պաշտպանական խումբը վերաքննիչում բողոքարկում էր Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու առաջին ատյանի դատարանի որոշումը։ Նիստին դահլիճում հետևում էին Քոչարյանի կողմնակիցները և ընդդիմադիրները։ Իրավիճակը լարվեց, երբ Մարտի 1-ի տուժողներից մեկը հայտարարեց, որ Քոչարյանի ազատության մեջ լինելը վտանգավոր է։
Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց այդ ելույթին. «Երկուսում էլ ես ղեկավար եմ եղել, առաջնորդ եմ եղել, առաջինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ամբողջ պատերազմը, ղեկավարել եմ այդ երկիրը, այդ երկրի հռչակագրի հեղինակն եմ, ուղղակի ես եմ գրել այդ երկրի հռչակագիրը և 88 թվից մինչև երկրի ձևավորումը որևէ որոշում առանց ինձ չի կայացվել ամբողջ շարժման ընթացքում և առաջին նախագահն եմ այդ հայկական հանրապետության։ Հայաստանում ևս եղել եմ 10 տարի նախագահ, ասեմ, որ մինչև նախագահ դառնալը Հայաստանը դասվում էր միջազգային կազմակերպությունների ցանկերում աղքատ երկրների շարքերում, եթե այս արդյունքները ունեցող մարդը համարվում է վտանգ պետականության համար էլ ի՞նչ ասեմ»։
Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ընդգծեց այս դատարանում ուզում են պարզել՝ որքանով է պատճառաբանված առաջին ատյանի դատարանի մերժումը. «Արդյոք առաջին ատյանի դատարանը վերաբերելի և բավարար հիմքեր է բերել գրավը մերժելու համար։ Այսինքն՝ մեր վերաքննիչ բողոքը կառուցված է հետևյալի վրա, մենք ցույց ենք տալիս առաջին ատյանի դատարանի որոշման պատճառաբանական մասն ամբողջությամբ, հետո Ձեր քննությանն ենք ներկայացնում՝ էս պատճառաբանությունը կարո՞ղ է համարվել վերաբերելի և բավարար, թե՞ չի կարող։ Ըստ էության, պատճառաբանություն է բերել ընդամենը երկու, ընդամենը երկու պատճառաբանություն, մեկը՝ «դատարանը գտնում է, որ վերը նշված որոշմամբ արձանագրված Ռոբերտ Քոչարյանի ազատության իրավունքը սահմանափակելու հիմքը ներկա դրությամբ դեռ չի լրացել և շարունակում է առկա լինել», հղում է անում իր 20.09.2019թ. որոշումը։ Սա այս վիճարկվող որոշման 29-րդ էջի նախավերջին պարբերությունը և մյուսը՝ «մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո դատարանը գտնում է, որ սույն դեպքում Ռոբերտ Քոչարյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու վտանգը չի կարող արդյունավետ կերպով չեզոքացվել խափանման միջոց գրավ կիրառելու պայմաններում, ուստի տվյալ պահին գրավի կիրառումը ճանաչվում է անթույլատրելի»։
Ալումյանը հիշեցրեց՝ Եվրոպական դատարանի դիրքորոշումը, թե կանխավարկածը միշտ ազատ արձակելու օգտին է և հանցագործություն կատարելու համար մեղադրվող անձը պետք է միշտ ազատվի նախնական կալանքից բացառությամբ այն դեպքի, եթե պետությունը կարողանա ցույց տալ կալանավորումը հիմնավորելու բավարար հիմքեր։
«Ես ձևակերպումն եմ ասում Եվրոպական դատարանի՝ «որքան երկար է անձը մնում կալանքի տակ, այնքան ավելի կարևոր է դառնում նրա ազատ արձակման իրավունքը»։ Այսինքն՝ Եվրոպական դատարանի գաղափարը հետևյալի մեջ է՝ մի կողմից կա հանրային շահ, որ անձը գտնվի կալանքի տակ, մյուս կողմից կա անձի ազատ արձակվելու իրավունք և եթե որևէ պահի հանրային շահը գերակշռում է անձի ազատության իրավունքը, ապա եթե ժամանակ է անցնում, անձի ազատության իրավունքն է սկսում գերակշռել հնարային շահին, անկախ նրանից՝ ինչ դատավարական փուլից մի փուլ անցել ենք, թե չէ», - ընդգծեց Քոչարյանի պաշտպանը։
Ալումյանն իր փաստարկները ներկայացնելով՝ եզրահանգեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումը պատճառաբանված չէ։
Նրան հակադարձեց դատախազներից Գևորգ Բաղդասարյանը. «Բայց ինչո՞ւ էի ուզում հակադարձել պարոն Ալումյանին, որովհետև էդ ձևակերպումը, որ խոչընդոտելու ռիսկը գրավի կիրառման պարտադիր պայման է, տպավորություն է ստեղծում, որ բոլոր էն դեպքերում, երբ որ արձանագրվեց, որ խոչընդոտելու ռիսկ կա, ուրեմն գրավը պետք է պարտադիր կիրառվի։ Դա միգուցե ընդամենը տպավորությունն էր դրա, որովհետև ես կրկնում եմ՝ հասկացա պարոն Ալումյանն ինչ էր ասում, բայց էդպիսի մոտեցում առհասարակ չի կարող լինել»։
Մարտի 1-ի տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն էլ հայտարարեց, թե գրավի դիմաց Քոչարյանին ազատ արձակելը անթույլատրելի ճանաչելով՝ առաջին ատյանը հենվել է այս քրեական գործով իրեն հայտնի դարձած հանգամանքների վրա և Քոչարյանի բողոքը պետք է մերժվի։ Սեդա Սաֆարյանի ելույթի ժամանակ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը առարկություն ներկայացրեց՝ պահանջելով քննարկվող առարկայի սահմաններից դուրս չգալ։
Քոչարյանի բողոքի քննությունն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակի դեկտեմբերի 20-ին։