Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը կուղարկվի դատարան։
Ավելի քան ութ ամիս տևած նախաքննությունից հետո Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է՝ Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է։ Նա այժմ մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Մանվել Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը աբսուրդ է որակում առաջադրված նոր մեղադրանքները։
«Ես ասել եմ և ասում եմ՝ աբսուրդի ժանրից է։ Պետք է ստեղծվեր նոր ազդեցիկ միֆ, ֆեյք, և էդ ֆեյքը, եթե ասեին, որ Մանվել Գրիգորյանին մեղսագրվեր, օրինակի համար, 5 միլիոն, 10 միլիոն, 100 միլիոն դրամ, դա զինվորի սնունդը յուրացնելու ֆեյքից հետո էդքան էլ ազդեցիկ չէր լինի, և դրա համար մտածվեց ոչ ավել, պակաս' <...> «пиши миллиард», էլի, էս տիպի մոտեցում ցուցաբերվեց, և նրա համար, որ դա ավելի ցավալի լինի։ Ընդ որում, շատ անհասկանալի է այդ միլիարդի առաջացումը՝ մի միլիարդ ստեղ, մի միլիարդ ընդեղ, 15 տարվա մի գործ՝ շորթում», - նշեց Արսեն Մկրտչյանը։
Մինչդեռ Հատուկ քննչական ծառայությունը իր հաղորդագրությունում մանրամասն թվարկում է, թե Մանվել Գրիգորյանին և նրա ընտանքին պատկանող տարածքներից գտել է մեծ քանակությամբ զինամթերք, «Զինվորի բաժին, վաճառքի ենթակա չէ» նշագրումով տարբեր տեսակի սննդամթերք, զինվորական մեքենաներ: Մեղադրանքի դրվագներից մեկն էլ առնչվում է 2004 թվականին տեղի ունեցած դեպքին, երբ Գրիգորյանը, զբաղեցնելով պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, ըստ ՀՔԾ-ի, կազմակերպել է Էջմիածնի բնակիչ Պ. Թորոսյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի՝ բենզալիցքավորման կետի շորթումը՝ դա անելով Թորոսյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով:
62-ամյա գեներալի փաստաբանը, սակայն, պնդում է, որ արդար դատաքննության դեպքում՝ «հապճեպ առաջադրած մեղադրանքները դատարանում փուչիկի պես կպայթեն»։
«Ո՞ւմ է պետք տենց հարկայինը, որ բանից պարզվում է՝ մի «Երկրապահ» 1 միլիարդ հարկ չի մուծել, մի հատ էլ ՍՊԸ 1 միլիարդ ... Դու մի ասա ստեղ միլիարդատեր հարկեր չվճարող ՍՊԸ-ներ ու ՀԿ-ներ կան, իսկ հարկայինը դա ո՛չ նկատել ա, ո՛չ էլ էսօր էդ հարկայինից մեկին ասում են՝ «բա ինչի՞ չես հավաքել էս հարկը, բա ինչի՞ չես գնացել ստուգել», թե՞ էդ հարկայինի աշխատողներն էլ պետք ա ասեն՝ «մենք խոշտանգված ենք եղել, մենք վախեցել ենք, Էջմիածնում նենց...»։ Դա էլ խոմ Էջմիածնի մթնոլորտը չի, կամ վախեցած բնակիչը չի», - ասաց Մկրտչյանը։
Մանվել Գրիգորյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է անցած տարվա հունիսին: Դեկտեմբերին նա ազատ արձակվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից՝ խափանման միջոցը առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով, փաստաբանների փոխանցմամբ՝ որոշման հիմքում դնելով 62-ամյա գեներալի տասնյակից ավելի հիվանդությունները։ Այս տարվա հունվարի 22-ին, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց դատախազության բողոքը, և Գրիգորյանը կրկին կալանավորվեց։
Փետրվարի 8-ից Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է գտնվում։ Փաստաբանի փոխանցմամբ՝ առողջական վիճակը դեռևս ծանր է։
«Եթե հնարավորություն լիներ, կյանքի ցուցումով վտանգ չլիներ, որ նա էնտեղ չգտնվեր, վարույթն իրականացնող մարմինը և ՀՀ գլխավոր դատախազությունը կձեռնարկեին էդ միջոցները՝ խոչընդոտելու, որպեսզի նա մի քիչ կայունացներ իր վիճակը, որովհետև կալանավորումն է եղել պատճառը, որ սրան է հասել», - պնդեց Արսեն Մկրտչյանը։
Ինչ վերաբերում է Նազիկ Ամիրյանին, ապա նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է։