Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ չկիրառելու՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը։
Այս բողոքը վերաբերում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նոյեմբերի 5-ի որոշմանը, որով մերժվել էր Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը:
63-ամյա Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը մեկ անգամ՝ մեկ տարի առաջ, փոխարինվեց գրավով, հետո Դատախազության միջնորդությամբ նա կրկին կալանավորվեց:
Նախկին պատգամավորի խափանման միջոցի փոփոխման հարցով պաշտպանական կողմը ընդհանուր իրավասության դատարանում ներկայացրել է շուրջ 10 միջնորդություն, որոնք մերժվել են անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Եվս մեկ նույնաբովանդակ միջնորդություն դատարանը քննության չէր առել՝ գտնելով, որ պաշտպանական կողմը չարաշահում է միջնորդություններ ներկայացնելու իր իրավունքը:
Պաշտպանական կողմը նաև մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանին էր բացարկ հայտնել։ Հիմնավորումը անաչառ չլինելն է։ Սակայն այս միջնորդությունը ևս այսօր մերժվեց։