Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հարցով նիստը հետաձգվեց


Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի փոխանցմամբ՝ պատճառը քննիչի դատարան չներկայանալն էր։ Պաշտպանը նաև նշեց, որ գրավի չափը կազմում է մինչև 20 մլն դրամ։

Հարցին, թե արդյոք Մարտի 1-ի գործով նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը հարցաքննվել է, պաշտպանը արձագանքեց․ - «Կարծում եմ, որ ոչ։ Եթե նույնիսկ ոչ իմ մասնակցությամբ ինչ-որ մի քննչական գործողություն կարող է եղած էլ լինի, վստահաբար հայտարարում եմ, որ Մանվել Գրիգորյանը այդ դեպքերի առնչությամբ որևիցե մեկի դեմ ցուցմունք չի տվել»։

Մանվել Գրիգորյանի հարցաքննվելու մասին լուրը Հատուկ քննչական ծառայությունից չմեկնաբանեցին։

Դիտարկմանը, որ տեղեկություններ կան, թե Մանվել Գրիգորյանը ցանկացել է իր ունեցվածքի որոշակի հատվածը պետությանը նվիրաբերել, և հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել, փաստաբանը պատասխանեց. - «Այնպես չի, որ մի բան յուրացրել է, մեղավոր է, դրա դիմաց է կատարում նվիրատվություն։ Անգամ այս կեղծ մեղադրանքները 2 միլիարդը չեն գերազանցում, իսկ նվիրաբերվող գույքը անկախ գնահատողի կողմից 5 միլիարդից ավելի է գնահատվել։ Գույքն առայժմ չի նվիրաբերվել»։

Այսօր Հատուկ քննչական ծառայությունը տարածել էր նաև պարզաբանում Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանի «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում տեղ գտած այն հատվածի մասին, որտեղ պաշտպանը նշել է, որ Մ. Գրիգորյանը մեղադրվում է նրանում, թե իբր «յուրացրել է ապրիլյան պատերազմին զինվորների համար նախատեսված` ուշադրություն` 2017 թվի մայիսին արտադրված զինվորի սնունդ»:

ՀՔԾ-ի պարզաբանում նշված է. - «Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ պաշտպանի նման հայտարարությունը բացառապես նպատակ է հետապնդում իրականությունը խեղաթյուրելով հասարակության շրջանում թյուրըմբռնում ստեղծել իր պաշտպանյալ Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ: Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ոչ միայն 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից ԵԿՄ հասարակական կազմակերպությանը հանձնված պարենային ապրանքների ու հանդերձանքի յուրացման մեջ, այլ նաև դրանից առաջ և հետո (2014թ., 2015թ., 2017թ.) ԵԿՄ-ին հատկացված ապրանքանյութական արժեքներ յուրացնելու և վատնելու մեջ, ինչը արտացոլված է թե´ Մանվել Գրիգորյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման, թե´ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից 14.02.2019թ.-ին տարածած հաղորդագրության մեջ»:

Անդրադառնալով ՀՔԾ-ի պարզաբանմանը՝ Արսեն Մկրտչյանը պնդեց. - «Ես հավաստիացնում եմ, ինքս համոզվել եմ, որ զինվորի, ազատամարտիկի սննդի յուրացում Մանվել Գրիգորյանի կողմից տեղի չի ունեցել։ Սա կարող եմ ցանկացած տեղ պնդել։ Հակառակը հիմնավորող որևէ փաստաթուղթ որևէ մեկը չի ներկայացրել»։

Հիշեցնենք, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը կուղարկվի դատարան։

Ավելի քան ութ ամիս տևած նախաքննությունից հետո Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է՝ Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է։ Նա այժմ մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Մանվել Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Մանվել Գրիգորյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է անցած տարվա հունիսին: Դեկտեմբերին նա ազատ արձակվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից՝ խափանման միջոցը առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով, փաստաբանների փոխանցմամբ՝ որոշման հիմքում դնելով 62-ամյա գեներալի տասնյակից ավելի հիվանդությունները։ Այս տարվա հունվարի 22-ին, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց դատախազության բողոքը, և Գրիգորյանը կրկին կալանավորվեց։

Փետրվարի 8-ից Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է գտնվում։ Փաստաբանի փոխանցմամբ՝ առողջական վիճակը դեռևս ծանր է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG