Մատչելիության հղումներ

Այսօր Փարիզում կկայանա Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի

Այսօր Փարիզում, վեց տարվա դադարից հետո, հանդիպելու են Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները: Փարիզյան հանդիպումը կարևոր է նաև նրանով, որ առաջին անգամ հանդիպելու են Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին:

Հանդիպումը, հիշեցնենք, կայանալու է «Նորմանդյան ձևաչափով» բանակցությունների շրջանակում: Գագաթնաժողովին մասնակցելու են Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը երեկ հայտնել է, որ գագաթնաժողովի աշխատանքները սկսվելու են Երևանի ժամանակով ժամը 19-ին: Առայժմ հայտնի չէ՝ Պուտին-Զելենսկի երկկողմ հանդիպումը կկայանա գագաթնաժողովից առա՞ջ, թե՞ հետո:

Հայտնի է, որ «Նորմանդյան ձևաչափով» բանակցություններից առաջ Մերկելը երկկողմ հանդիպումներ կունենա Պուտինի և Զելենսկու հետ:

Ուկրաինան ակնկալում է, որ բանակցությունների արդյունքում կպայմանավորվեն Դոնբասում հակամարտության գոտում կողմերի զինված ուժերի հետքաշման, ձերբակալվածների ազատ արձակման, Կիևի կողմից փաստացի չվերահսկվող այդ տարածքներում տեղական ընտրությունների անցկացման շուրջ:

Կիևում, մինչդեռ, անցնում են ընդդիմության բողոքի ակցիաները: Զելենսկու ընդդիմախոսները, այդ թվում՝ նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, պահանջում են Զելենսկուց որևէ զիջման չգնալ Պուտինի հետ հանդիպմանը:

Ընդդիմությունը նախօրեին հրապարակել է «կարմիր գծեր», որոնք չպետք է անցնի Զելենսկին «Նորմանդյան ձևաչափով» հանդիպմանը: Ընդդիմության մատնանշած «կարմիր գծերի» շարքում է ունիտար պետության պահպանումը, Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան կուրսի փոխզիջումներից հրաժարվելը, Դոնբասում ընտրությունների կանխումը մինչև այնտեղից ռուսական զորքերի դուրսբերումը:

Ընդդիմությունը պահանջում է նաև, որ նախագահը հրաժարվի փոխզիջումներից Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ և չխոստանա դադարեցնել Ռուսաստանի դեմ միջազգային դատավարությունը:

XS
SM
MD
LG