Մատչելիության հղումներ

ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու


ՀՖՖ նախագահի թեկնածուների պաշտոնապես հաստատված անուններն այսօր հայտարարվեց: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու։

Նրանք են՝ ՀՖՖ առաջին փոխնախագահ, ՀՖՖ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արմեն Մելիքբեկյանը, Խորհրդային Միության հավաքականի և Երևանի «Արարատ»-ի լավագույն ֆուտբոլիստներից Խորեն Հովհաննիսյանը, «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը։ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրված Արսեն Աղաջանյանի թեկնածությունը չի ընդունվել փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու պատճառով:

Մեկ տարուց մի փոքր ավելի ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցրած Արթուր Վանեցյանը նոյեմբերի 21-ին տված իր հրաժարականը բացատրեց Հայաստանի ազգային հավաքականի՝ Իտալիայից կրած խոշոր հաշվով պարտությամբ։ Ասաց՝ այս աննախադեպ՝ 9։1 հաշվով պարտությունից հետո պետք է որևէ մեկը պատասխանատվությունն իր վրա վերցներ։

Ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն ասաց նաև, որ այսօր Գործադիր կոմիտեի հերթական նիստն է եղել, որի ընթացքում քննարկվել է այն կազմակերպությունների հարցը, որոնց գործունեությունը չի համապատասխանում ֆեդերացիայի կանոնադրությանը։

Հիշեցնենք՝ Արթուր Վանեցյանը հրաժարական տալու օրը հայտարարեց նաև, որ այս մեկ ամսվա ընթացքում պետք է աշխատանքներ տարվեն՝ «հայտնաբերելու» այն հասարակական կազմակերպություններին, որոնք որևէ գործունեություն չեն ծավալում և ընդգրկված են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ժողովում։

7 կազմակերպությունների վերաբերյալ այսօր ժամանակավոր կասեցման մասին որոշում է կայացվել։

XS
SM
MD
LG