Մատչելիության հղումներ

Քաղաքապետի մամուլի խոսնակ. Նվիրատվությունների և շինթույլտվությունների միջև պատճառահետևանքային կապ չկա


 Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ազատության» տաղավարում
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ազատության» տաղավարում

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պնդում է, որ քաղաքապետարանին նվիրված աղբատարները որևէ բանի դիմաց չեն ընդունել։ Այս մասին նա նշեց այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի ժամանակ։

«Քաղաքն ընդունում է նվիրատվություններ բոլոր ցանկացողներից, բոլոր այն մարդկանցից, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության իրավունքի և օրենքի դաշտում անկախ նրանից՝ նրանք որևէ հարաբերություն քաղաքապետարանի հետ ունենում են, թե ոչ, իսկ այն, որ նրանցից որոշները, եթե չասեմ շատերը, ունենում են, շատ բնական է, որովհետև նրանք ապրում և գործում են այս քաղաքում», - ասաց Կարապետյանը, ապա շարունակեց.

«Այսինքն՝ նվերների, նվիրատվությունների տված, պարզ ասած, այս կամ այն թույլտվության միջև պատճառահետևանքային կապ գտնել հնարավոր չէ, և դրա վառ ապացույցը նաև այն է, որ կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք վերջին ամիսներին շինթույլտվություններ են ստացել և որևէ բան քաղաքին չեն նվիրել, և կա հակառակը՝ որ կան կազմակերպություններ և անհատներ, որ նվիրատվություն են արել, բայց որևէ շինթույլտվություն կամ որևէ այլ բան չեն ստացել»։

Ըստ նրա՝ նվիրատվություններից առաջ կամ հետո շինթույլտվություն ստացածները որևէ արտոնություններ չունեն ու չեն էլ ունենալու։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության հայտարարություններին ևս, թե խնդիրը թափանցիկություն է, քաղաքապետի մամուլի խոսնակն անդրադարձավ, նկատեց, որ ոչինչ թաքուն չի եղել, և քաղաքապետարանի սեղանին այս պահին էլ դրված են պատվոգրեր, շնորհակալագրեր, որոնք պիտի տարեմուտին հանձնվեն նվիրատուներին։

«Ես էդ խնդրի ուռճացվածության կամ խնդիրը ուռճացնելու քաղաքական նպատակահարմարությունը կարող եմ գնահատել այս կամ այն կերպ, բայց, տեսեք, կրկին էդ հարցին էլ անդրադարձ եղել է՝ ինչու չի հրապարակվել գործընթացի ժամանակ: Դրա համար կան մի քանի պատճառներ, որ, ինչպես ցանկացած գործընթաց, բանակցություն, հա՞, այսինքն՝ գալիս է նվիրատուն, ասում է՝ «ես ուզում եմ էսպիսի նվիրատվություն անել», էն էլ, պատկերացնենք, մենք հիմնականում խոսում ենք աղբատար մեքենաների նվիրատվությունների մասին, որոնք արվել են հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին՝ էն ժամանակ, երբ, էդտեղ կոնտեքստն էլ է շատ կարևոր և ժամանակահատվածը, եթե հիշում ենք՝ քաղաքը լրջագույն աղբի ճգնաժամի առաջ էր կանգնած, և էդտեղ նաև ինչ-որ մարտավարական խնդիրներ էր լուծում քաղաքապետարանը», - ասաց Կարապետյանը՝ մանրամասնելով․ - «Այսինքն՝ մի կողմից կար անբարեխիղճ օպերատոր, որից ցանկացած պահի սադրանք էր ակնկալվում, սաբոտաժ էր ակնկալվում, կար աղբահանության ահագնացող խնդիր, որը օրերով էր հաշվվում, այսինքն՝ չէիր կարող սպասել ամիսներով, և կային մրցույթով ձեռք բերված մեքենաներ, որոնք ուշանում էին, ինչպես հիշում ենք, իսկ մասնավոր ընկերությունները, ի տարբերություն քաղաքապետարանների, գնման գործընթացը իրականացնում են առանց մրցույթների, և դա արագացնում է գործընթացը»:

Նրա խոսքով՝ նույնիսկ եղել է դեպք, երբ բավականին հայտնի անձանցից մեկն առաջարկել է նվիրատվություն անել, սակայն փոխարենը գավազդային վահանակ ունենալու իրավունք է խնդրել քաղաքի փողոցներից մեկում, և քաղաքապետը մերժել է այս տարբերակը։

«Եվ էս ոչնչից մեծ աղմուկը, պարզ ասած, շատ հստակ ինչ-որ լրատվական փուչիկ աճեցնելու, մեծացնելու խնդիր է հետապնդում», - պնդեց Երևանի քաղաքապետի խոսնակը:

Հիշեցնենք, որ Երևան համայնքին մի քանի ընկերությունների և անհատների կողմից 21 աղբատար մեքենաների նվիրատվության վերաբերյալ մամուլի հրապարակումները Գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել։ Նոյեմբերի 28-ին քաղաքապետարանը հրապարակեց Երևան համայնքին 21 աղբատար մեքենա նվիրած ընկերությունների և անհատների անունները՝ դա բացատրելով հանրային պահանջով:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG