Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորը տարակուսում է, թե ինչու ընդհանրապես չի վերացվում «օդի տուրքը»


Կառավարությունը նոր օրենսդրական նախաձեռնությամբ ցանկանում է աշխարհի ցանկացած նոր ուղղությամբ թռիչքներ սկսող ավիաընկերություններին ազատել օդի 10 հազար դրամ տուրքից՝ առաջին թռիչքի մեկնարկից սկսած և միայն տվյալ ուղղության համար։

Այսօր «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն Ազգային ժողովում ներկայացնում էր Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը․ - «Խթանում ենք նոր ուղղություններ, որոնք չեն սպասարկվել վերջին 12 ամիսների ընթացքում: Այս պայմանը դրել ենք, որպեսզի ռիսկերը վերացնենք, որպեսզի այսօրվա գործող ավիաընկերությունները իրենց արդեն իսկ սպասարկվող ուղղությունները չփակեն ժամանակավոր և չդիմեն այս արտոնությանը: Միաժամանակ, պահանջում ենք ավիաընկերություններից, որ արտոնություն ստանալուց իրականացնեն իրենց չվերթները ամբողջ տարվա ընթացքում»:

Ռևազյանին տասնյակ հարցեր ուղղվեցին և ելույթներ հաջորդեցին և՛ ընդդիմադիրների, և՛ «Իմ քայլ»-ի պատգամավորների կողմից: Իրենց մտավախությունները բարձրաձայնեցին շատերը՝ նույն թեմայով համազեկուցող պատգամավոր Կարեն Համբարձումյանից («Իմ քայլը») մինչև տնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանը։

Բոլորը չէ, որ վստահ են, թե Ռևազյանը կկարողանա հասնել իր ղեկավարած կոմիտեի առջև դրված նպատակին և մեծացնել դեպի Հայաստան ուղևորվողների թիվը։ Ճի՞շտ եզրակացություն է տվել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, և չէ՞ն խախտվում արդյոք մրցակցային պայմանները նոր ուղղություններ չբացող ավիաընկերությունների համար. սա էր հարցերի գլխավոր շրջանակը։

Արթուր Դալլաքյան («Բարգավաճ Հայաստան»). - «Այսօր մենք չունենք որևէ տեսակի գարանտիա․ եթե այս պահին․ իր գործառույթը սկսելու պահին տոմսը կարժենա, օրինակ, 25 հազար դրամ, որտե՞ղ ա էրևալու գարանտիան, որ տոմսը չի բարձրանալու 35 հազար կամ 40 հազար: Դուք չեք կարա տաք որևէ տեսակի գարանտիա: Այսինքն մենք հասկանալու ենք մեկ բան, որ այդ գումարները հստակ անցնում ա փոխադրողին»:

Եթե ԲՀԿ-ի պատգամավորի համար օդի տուրքի վերացումը սխալ է, ապա «Լուսավոր Հայաստան»-ից Արկադի Խաչատրյանը զարմանում է, թե ինչու ընդհանրապես չի հանվում տուրքը զբոսաշրջությունը գերակա ոլորտ համարող Հայաստանում․ - «Զբոսաշրջային փաթեթների մեջ ավիատոմսերի արժեքը զգալի տեղ է զբաղեցնում, հետևաբար ուշադրություն չդարձնել դրան մենք չենք կարող: Ես որևէ կերպ չեմ կարողանում հասկանալ, թե զբոսաշրջությունը առաջնային ուղղություն հայտարարած երկիրը ի՞նչ գործ ունի օդի տուրքերի հետ»:

Յուրաքանչյուր ավիատոմսում ներառված 10 հազար դրամ օդի տուրքն առհասարակ վերացնելու դեպքում բյուջեն մեծ վնասներ չի գրի․ այս տեսակետը կիսում է նաև իշխանական պատգամավոր Կարեն Համբարձումյանը․ - «Իմ տեսակետն եմ ես ներկայացնում: Քանի որ եթե այս 11-12 միլիարդը գոյանում է, ենթադրենք, 3 հազար հոգուց, հանելու պարագայում հնարավոր է, որ 3 հազարը դառնա, օրինակ, 5 հազար»:

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը («Իմ քայլը») հայտնեց, որ իրենց հանձնաժողովը վերապահումներով է դրական եզրակացություն է տվել նախագծին և հույս ունեն առաջին ընթերցմամբ այն ընդունելուց հետո շտկումներ անել։ «Ոչ թե մեկ քայլ առաջ, այլ կիսաքայլ»․ Թունյանի գնահատականն է։

«Պետք է ասեմ, որ այստեղ լուրջ ռիսկեր կան, որովհետև կան ավիաընկերություններ, որոնք սրա արդյունքում ուղղակի խաղից դուրս կարող են մնալ: Օրինակ, «Էյր Ֆրանսը», որը Հայաստան է թռնում «Շարլ դը Գոլ» օդանավակայանից․ եթե մենք ցանկանում ենք նոր ուղղություն ավելացնել, չենք ֆիքսում նոր քաղաք, այլ ֆիքսում ենք նոր օդանավակայան, նշանակում է, որ ինչ-որ մի բյուջետային ավիաընկերություն կարող է Փարիզի մեկ այլ օդանավակայանից Հայաստան թռիչք իրականացնել․ օգտվել այս արտոնությունից, ինչի հետևանքով մենք Հայաստանում տարիներ շարունակ գործող լուրջ ընկերությանը մեղմ ասած կդնենք վատ վիճակի մեջ: Այս բոլոր հետևանքները պետք է հաշվի առնել», - հավելեց Թունյանը:

Վերջին մեկ տարում Տաթևիկ Ռևազյանի վարած բանակցությունների շնորհիվ Հայաստան մուտք գործեց Եվրոպայում հայտնի բյուջետային ավիաընկերություններից մեկը՝ Ryanair-ը, որն արդեն տոմսեր վաճառում։

Տաթևիկ Ռևազյանի մինչև այս պահն իրականացրած աշխատանքը դրական գնահատող պատգամավորը թերևս միայն «Իմ քայլից» Միքայել Զոլյանն էր․ - «Մի խումբ քաղաքացիների կողմից ուզում էի Ձեզ հաղորդել իրենց շնորհակալությունը հատկապես Երևան - Բեռլին չվերթի համար Հայաստանում էլեկտրոնային երաժշտության սիրահարների կողմից: Գիտեք, Բեռլինը աշխարհում համարվում է այդ ամեն ինչի կենտրոնը»:

XS
SM
MD
LG