Մատչելիության հղումներ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է շուրջ 10 մլն դոլար


«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն առավոտյան եզրափակվեց շուրջ 9,8 միլիոն դոլարի հանգանակությամբ։ Գումարն ուղղվելու ջրամատակարարման և արևային էներգիայի ծրագրերին Արցախում և Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշում, Լոռիում ու Շիրակում:

Այս տարվա դրամահավաքն առանձնացել է նոր մոտեցմամբ, որը հենց մարաթոնի ընթացքում ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտեց, որ 27 տարի գումար ակնկալվել է մեծահարուստների նույն շրջանակից, այժմ խոշոր նվիրատուներից անցնում են «փոքր գումար, շատ մարդիկ» տրամաբանությանը․ - «Եթե մեզ պետք է հազար դրամ, մենք պետք է գտնենք ոչ թե մի հոգու, որ մեզ կտա հազար դրամ, այլ մենք պետք է գտնենք հազար հոգու, որ մեզ կտա մի դրամ: Ասում են 7-ից 10 միլիոն: Ես վերցնում եմ 5 միլիոն թիվը և ասում եմ հետևյալը․ եթե հինգ միլիոն հայ նվիրաբերի «Հայաստան» համահայկական հիմնադրամին տարվա ընթացքում 200 դոլար, կամ ամիսը նվիրաբերի 20 դոլար, մենք տարեկան կտրվածքով կունենանք 1 միլիարդ 250 միլիոն դոլար»:

Հիմնադրամի կայքէջում գործարկվել է նվիրատվությունների էլեկտրոնային հարթակ: Վարչապետ Փաշինյանը կոչ արեց իր օրինակով ամեն ամիս, օրինակ, քսաներեք դոլար փոխանցել: Ինքը տասը հազար դրամ փոխանցել է, ու կարգավորումներով ամեն ամիս այդքան իր աշխատավարձից կուղղվի հիմնադրամի հաշվեհամարին:

Նույն մարտահրավերը նա նետեց երեք հայտնի հայերի՝ Սերժ Թանկյանին, Ալեքսիս Օհանյանին և Քիմ Քարդաշյանին․ - «Քսաներկու դոլար ամեն ամիս փոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին»:

Փաշինյանը կոչ արեց, որ նրանք էլ իրենց հերթին փոխանցեն գումարը, իսկ նույն մարտահրավերը՝ երեք հայերի։

Կոչին արդեն արձագանքնել են Սերժ Թանկյանն ու Ալեքսիս Օհանյանը:

«Ես ընդունում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը հիմնադրամին նվիրաբերել ամսական 23 դոլար: Ինքս էլ մարտահրավեր եմ նետում իմ ընկերներին՝ դոկտոր Էրիկ Իսրայելյանին, Վահե Բերբերյանին և Էյնջել Սարաֆյանին: Կարծում եմ, որ գաղափարը հիանալի է՝ ստեղծել հայերի գլոբալ ցանց, որոնք նվիրաբերում են ոչ թե մեծ գումարներ, քան կախված լինել ավելի փոքր թվով մարդկանցից, որոնք մեծ գումարներ են նվիրաբերում, և կրճատվում է ընդհանուր նվիրաբերողների թիվը: Եկեք անենք սա», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Սերժ Թանկյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը շեշտում է, որ առցանց նվիրատվություններով 10 միլիոնի շեմը կհաղթահարվի։ Գումարն այնուամենայնիվ պակաս է, քան նախորդ տարի: 2018-ին հանգանակվել էր ավելի քան 11 միլիոն դոլար:

Այս տարի ամենախոշոր գումարը՝ մեկուկես միլիոն դոլար փոխանցել է Սամվել Կարապետյանի «Տաշիր Գրուպը»: Երկրորդ տեղում գործարար Սամվել Ալեքսանյանն է՝ 200 հազար դոլար: Վարդանյան ընտանիքը («Գրանդ հոլդինգ») նվիրաբերել է 60 միլիոն դրամ: Այլ խոշոր գործարարների անուններ մարաթոնի ընթացքում չհնչեցին:

Արդյո՞ք սա վերաբերմունք է Հայաստանի նոր իշխանության նկատմամբ: Հայկակ Արշամյանն ընդգծում է, որ հիմնադրամը համահայկական է, քաղաքականության հետ կապ չպիտի ունենա․ - «Որոշ մարդիկ կան, ովքեր հիմնադրամը կապում են Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ, կամ այսօրվա Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, ով նաև հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Այդ մտայնությունը պետք է բոլոր իրենց մեջից հանեն, որովհետև հիմնադրամը ծառայում է հայ ժողովրդին, ծառայում է համայն հայությանը, ծառայում է Հայաստանի և Արցախի զարգացմանը»:

Հիմնադրամի տնօրենի խոսքով, օրինակ, 2017-ին 12 միլիոնի մասին հայտարարվեց, բայց ի վերջո հավաքվեց ընդամենը 6 միլիոն։ Նվիրատուները երբեմն խոստումը չեն կատարում, երբեմն նրանց բիզնեսն է տուժած լինում, պատճառները տարբեր են։ Այս անգամ իրենք շեշտը դրել են մեծ թվով մարդկանց մասնակցության վրա, ոչ թե գումարի չափի: Խոշոր գործարարների հատուկ չեն դիմել․ - ««Հայաստան» համահայկական հիմնադրամը համահայկական կառույց է, և իրարից նեղացվածություն չպետք է լինի»:

Նիկոլ Փաշինյանը մարաթոնի ընթացքում շեշտեց, որ մարդկանց հանգանակած ամեն մի լուման ծախսվելու է խիստ հսկողությամբ: Նա բացառեց որևէ չարաշահման հնարավորություն:

Հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը, ով 10 տարի ղեկավարել է կառույցը, այժմ կալանավայրում է և 100 դոլար է նվիրաբերել։ Նախկին տնօրենը մեղադրվում է յուրացումների, լիազորությունները չարաշահելու և փաստաթղթերի կեղծման համար։ Վարդանյանն ինքը կալանքի որոշումը համարում է ապօրինի և քաղաքական հետապնդում իր նկատմամբ։

Հայկակ Արշամյանի դիտարկմամբ, այս պատմությունը խիստ բացասական է ազդել հիմնադրամի հեղինակության վրա, բայց իրենք հաղթահարում են:

Հիմնադրամը ստեղծման օրից 1300 խոշոր ծրագրեր է իրականացրել՝ ջրագծեր, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ: Միայն 635 կիլոմետր ճանապարհ է կառուցվել, այս թվում Վարդենիս - Սոթք - Մարտակերտ ռազմավարական նշանակության մայրուղին։

Արցախի նախագահ Բակո Սահակյանը այս մարաթոնի ժամանակ հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին Հայաստանն Արցախին կապող ևս մի ճանապարհ կկառուցվի հարավային հատվածում:


XS
SM
MD
LG