Մատչելիության հղումներ

Արշամյանը՝ գործարարներին. Թող չնեղանան ոչ ոքից, որովհետև «Հայաստան» համահայկական հիմնադրամը համահայկական կառույց է


«Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավար Հայկակ Արշամյանը «Ազատության» տաղավարում, 29-ը նոյեմբերի, 2019թ.
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավար Հայկակ Արշամյանը «Ազատության» տաղավարում, 29-ը նոյեմբերի, 2019թ.

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավար Հայկակ Արշամյանի խոսքով, քանի դեռ մի քանի երկրներ չեն միացել դրամահավաքին, և առցանց համակարգով փոխանցումները ևս շարունակվում են, չի բացառվում, որ 9.856.100 դոլարը, նախնական տվյալներով հավաքվել է, փոփոխվի՝ գերազանցելով 10 միլիոնը։

«Նախորդ տարի ունեինք մեծ նվիրատուներ հատկապես Միացյալ Նահանգներից, ընդ որում երկուսի նվիրատվությանը դեռ սպասում ենք, դեռևս գումարները մեզ չեն հասել, խոստում տվել են, մոտավորապես 3.5 միլիոն դոլարի մասին է խոսքը։ Միայն օնլայն նվիրատվությունների պարագայում մինչև առավոտյան ժամը ութը մոտավոր 1500 նվիրատու է եղել, և գումարը կազմում է 166.500 դոլար, ինչն աննախադեպ է հիմնադրամի պատմության մեջ, հեռախոսազանգերի ու sms-ների միջոցով մոտավորապես 50 հազար դոլար է գեներացվել», - «Ազատության» եթերում հայտարարեց նա։

Հայկակ Արշամյանը հայտնեց, որ հաջորդ տարիների համար նոր մեթոդներ են որոշել. «Քանի որ աշխարհն այսօր առցանցում է ապրում, հատկապես երիտասարդությունն ամբողջ աշխարհում ընդգծված իր բոլոր գործողությունները կատարում է ինտերնետում, նրանց հետաքրքիր չեն քո տեսահոլովակները, հաշվետվությունները, հանդիպումները, իրենց հետաքրքրում է կոնկրետ արդյունքը, հաշվետվողականությունը, վերահսկողությունը և դրա դիմաց առցանց նվիրաբերությունը, և փաստորեն արդարացրեց իրեն այս տարբերակը։ Ի՞նչն է օնլայն տարբերակի լավ, որ տարին բոլոր դու գումարներ ես ստանում, այսինքն՝ 1500-2000 մարդ նվիրատվություն է անում, և մենք հիմա մարտահրավերի տարբերակը տարածում ենք Ֆեյսբուքում՝ ամսական պարբերական փոխանցում շատ փոքր գումար՝ մեկ գավաթ սուրճի չափով կամ մեկ բաժակ հյութի կամ թեյի, որը կապահովի հսկայական մասնակցայնություն և նաև կհամախմբի համայն հայությանը ինչ-որ գաղափարի շուրջ, նաև եթե ունենանք 500 հազար օնլայն նվիրատու, մենք հաշվետու ենք կես միլիոն մարդու ուղիղ, որ ցանկացած պահի կարող են ասել՝ ի՞նչ եղավ այդ փողը», - ներկայացրեց նա։

Դիտարկմանը, որ վերջին տարիների վիճակագրությունը նվազման է տանում, այնինչ կային հակառակի մասին կանխատեսումներ, որ ավելի շատ վստահություն ունեցող նոր իշխանությունների ժամանակ ավելի շատ գումարներ կհավաքվեին, նա արձագանքեց. - «Նույն խնդիրը նախորդ տարիներին է եղել, այսինքն՝ գումարը հայտարարվել է և դրանից պակաս, օրինակ՝ 2017-ին հայտարարվել է 12 միլիոն, բայց իրականում 7 միլիոն գումար է հավաքվել։ Նույն պատմությունն է, հատկապես մեծ խոստումների պարագայում, խոսքը մեծ նվիրատուների մասին է, որ այդ պահին ոգևորվում են, խոստում են տալիս, միգուցե հետո իրենց բիզնեսն է անկում ապրում, և այդ ամեն ինչը դրա հետ կապված է։

Ես կարծում եմ, որ այս տարի եթե նույնիսկ չհասնենք ինչ-որ լավ թվի, վստահ եմ, որ հաջորդ տարիներին արդեն, քանի որ նաև նոր մարտավարություն ենք մշակում հաջորդ տարիների համար, միգուցե մի քիչ էլ ավելի կփոխենք ձևաչափերը և կփորձենք ֆաունդռեյզինգ կոչվածը, դրամահավաք կոչվածը վերածել մի քիչ այլ տարբերակների, բացի օնլայնից այլ տարբերակներ ենք մտածում, այդպես կշարժվենք»։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ հայտնի գործարարները, որոնք ոգևորված չեն հեղափոխությամբ կամ իրավապահների ուշադրութան տակ են, այս պատճառաբանությամբ չեն մասնակցում դրամահավաքին, այսինքն՝ վերաբերմունք են ցույց տալիս իշխանությանը, Հայկակ Արշամյանը պատասխանեց. ««Հայաստան» համահայկական հիմնադրամն ու այդ գաղափարը համահայկական գաղափար է, և ինքը երբեք չպիտի առնչվի տվյալ պահի իշխանության քաղաքական կուրսին կամ գուցե ներկա և նախկին իշխանությունների միջև հակասություններին, և որոշ մարդիկ կան, որ հիմնադրամը կապում են ՀՀ վարչապետի, նախագահի հետ, ով նաև հոբարաձուների խորհրդի նախագահն է, այդ մտայնությունը պետք է բոլորն իրենց մեջից հանեն, որովհետև հիմնադրամը ծառայում է հայ ժողովրդին, համայն հայությանը, Արցախի ու Հայաստանի զարգացմանը»։

Հայկակ Արշամյանը տեղեկացրեց, որ խոշոր նվիրաբերողներից են եղել Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգը»՝ 200 հազար դոլար, «Ակբա կրեդից աքրիկոլ» բանկը՝ 15 միլիոն, «Փեթակ» առևտրի տունը՝ 10 միլիոն դրամ, «Ապավեն» ՍՊԸ-ն՝ 16 միլիոն, «Գրանդ հոլդինգը» 60 միլիոն, «Արարատ բանկը»՝ 40 միլիոն դրամ, իսկ ամենաշատը գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպը»՝ 1.5 դոլար։

Նա նշեց նաև՝ չի կարող հավաստել, որ նախկինում գործարարների հետ նախապես պայմանավորվածությունների սխեմա եղել է, բայց կարծում է, որ նման բան եղել է, որովհետև հիմնական գումարը գեներացվել է շատ խոշոր գործարարների կողմից։

Հարցադրմանը՝ կարո՞ղ է պնդում անել, որ խոշոր գործարարները նեղացած են հեղափոխությունից և փող չեն տալիս, Արշամյանը պատասխանեց. - «Միգուցե, բայց թող չնեղանան ոչ ոքից, որովհետև «Հայաստան» համահայկական հիմնադրամը համահայկական կառույց է, և իրարից նեղացվածություն չպիտի լինի»։

XS
SM
MD
LG