Ռուսաստանը չի ընդունում համաշխարհային հակադոպինգային գործակալության կողմից ներկայացված նոր մեղադրանքները և որպես հետևանք չորս տարով ռուս մարզիկների մասնակցության արգելքը միջազգային սպորտային միջոցառումներին։
Այս ամենը ՌԴ-ն որակում է քաղաքական դրդապատճառ ունեցող գործողություն։ Երեկ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ դա հարցի քաղաքականացում է և նպատակ ունի Ռուսաստանին դուրս մղել միջազգային սպորտային միջոցառումներից։
Նա ավելացրել է, որ «սա կռիվ է առանց կանոնների, գուցե նույնիսկ պատերազմ»։
Ըստ Զախարովայի, դոպինգի հետ կապված խնդիրները միայն Ռուսաստանի հետ են կապվում, իսկ այլ երկրների մասին ընդանրապես չի խոսվում։
Հիշեցնենք, Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) համապատասխանության հանձնաժողովը կազմակերպության գործադիր կոմիտեին առաջարկել էր չորս տարով արգելել Ռուսաստանին անցկացել միջազգային մրցումներ և մասնակցել միջազգային մրցաշարերին:
Առաջարկությունները հիմնված են ստուգումների տվյալների վրա՝ գործակալությունը հայտնաբերել է մանիպուլյացիաներ մոսկովյան հակադոպինգային լաբորատորիայում: WADA-ի գործկոմի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին Փարիզում: Առաջարկի հաստատման դեպքում ռուս մարզիկները փաստորեն երկրորդ անգամ անընդմեջ կմասնակցեն Օլիմպիական խաղերին չեզոք դրոշի ներքո: