Ռուսաստանը կարող է զրկվել 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիադային մասնակցելու իրավունքից: Այդ մասին այսօր գրել է բրիտանական The Telegraph պարբերականը`վկայակոչելով Միջազգային հակադոպինգային գործակալությանը (WADA) մոտ կանգնած աղբյուրները:
Թերթի տեղեկություններով Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի աշխատակիցներին կասկածում են միջազգային գործակալությանը կեղծ տվյալներ փոխանցելու մեջ:
«Դա տեղի է ունեցել վերջին մեկուկես տարում և վերաբերել է ռուսաստանցի մարզիկների կողմից դոպինգի ընդունմանը», - գրում է բրիտանական թերթը:
Հոդվածը հրապարակվել է Միջազգային հակադոպինգային գործակալության կողմից հատուկ զեկույցի հրապարակման նախօրեին: Այդ փաստաթղթում գործակալության ներկայացուցիչները պետք է գնահատեն Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի հետ համագործակցության արդյունքները:
Եթե խախտումների փաստը հաստատվի, ապա, ըստ բրիտանական պարբերականի, Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը (РУСАДА) կրկին կարող է զրկվել լիարժեք միջազգային կարգավիճակից: