Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) համապատասխանության հանձնաժողովը կազմակերպության գործադիր կոմիտեին առաջարկել է չորս տարով արգելել Ռուսաստանին անցկացել միջազգային մրցումներ և մասնակցել միջազգային մրցաշարերին:
Առաջարկությունները հիմնված են ստուգումների տվյալների վրա՝ գործակալությունը հայտնաբերել է մանիպուլյացիաներ մոսկովյան հակադոպինգային լաբորատորիայում:
WADA-ի գործկոմի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին Փարիզում: Ըստ The New York Times-ի, WADA-ն ամենայն հավանականությամբ կընդունի իր հանձնաժողովի առաջարկությունը:
WADA-ի հանձնաժողովն առաջարկում է ոչ միայն զրկել ռուս մարզիկներին միջազգային մրցումներից, այլև արգելել Ռուսաստանին միջազգային մրցաշարեր անցկացնել և դիմել դրանք անցկացնելու համար, ինչպես նաև առաջարկել է թույլ տալ միայն «մաքուր» ռուս մարզիկների մասնակցությունը, արգելել Ռուսաստանի դրոշի հայտնվելը մրցաշարերում:
Առաջարկի հաստատման դեպքում ռուս մարզիկները փաստորեն երկրորդ անգամ անընդմեջ կմասնակցեն Օլիմպիական խաղերին չեզոք դրոշի ներքո: Կարգելվի նաև Ռուսաստանի օրհներգը: Բացի այդ, Ռուսաստանին կարող են զրկել մի շարք արդեն ծրագրված միջազգային մրցաշարեր անցկացնելու իրավունքից, այդ թվում՝ Եվրոպայի 2020 թվականի ֆուտբոլի առաջնության խաղերից, Չեմպիոնների լիգայի 2021 թվականի եզրափակիչ խաղից, 2022-ի վոլեյբոլի աշխարհի առաջնությունից, 2023-ի Ունիվերսիադայից և հոկեյի աշխարհի առաջնությունից, «Ֆորմուլա 1»-ի գրան պրիիմրցաշարից: Սա ամբողջական ցանկը չէ:
Ռուսաստանի հակադոպինգային գործակալության տնօրեն Յուրի Գանուսը BBC-ին ասել է, թե սա պարզապես ողբերգություն է, և ռուսաստանցի պաշտոնյաները պարզապես ծաղրում են մարզիկներին: Նրա խոսքով՝ ռուսաստանցի մարզիկներից շատերը մտադիր են փոխել մարզական քաղաքացիությունը:
BBC-ին տված հարցազրույցում Գանուսը խիստ քննադատել է Ռուսաստանի սպորտի բնագավառը համակարգող իշխանություններին՝ հավելելով․ - «Իրավիճակը գոնե փոքր-ինչ շտկելու համար անհրաժեշտ է ձերբազատվել այդ իշխանություններից, ազգովի պայքար հայտարարել դոպինգի դեմ և սերտորեն համագործակցել WADA-ի հետ»:
Գանուսը նաև ասել է թե քաղաքական ենթատեքստ այս պատժամիջոցների հետ կապված չի տեսնում:
Հիշեցնենք՝ անցած Օլիմպիական խաղերին նույնպես ռուսաստանցի մարզիկները մասնակցում էին Օլիմպիական դրոշի ներքո: