Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ԵԺԿ ամբիոնից քննադատել է Հայաստանի իշխանություններին․ Սիմոնյանն ու Սաֆարյանը հակափաստարկներ են բերում


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԵԺԿ համագումարում, Զագրեբ, 20-ը նոյեմբերի, 2019թ․
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԵԺԿ համագումարում, Զագրեբ, 20-ը նոյեմբերի, 2019թ․

Մեկուկես տարվա լռությունից հետո Սերժ Սարգսյանի ելույթը Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում հաստատեց՝ ժողովրդական ճնշմամբ իշխանությունից հեռացած երրորդ նախագահն ասելիք չունի հայ հանրությանը։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյան
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը համոզված է՝ Սարգսյանի ելույթի հասցեատերը Եվրոպան է. - «Դա փորձ է սևացնելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները։ Փորձ է թունավորել Հայաստանի և եվրոպական երկրների հարաբերությունները, քանի որ նրանք այդ ուղղությամբ աշխատեցին նաև Հայաստան- Ռուսաստան առանցքով, կարծես թե, ոչինչ չստացվեց, քանի որ Մոսկվան արցունքներին չհավատաց», - ասաց Սաֆարյանը։

Խորվաթիայում Եվրոպական ժողովրդական կուսակցություն համագումարին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե նոր իշխանություններն իրականում վերջին մեկուկես տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել։

«Երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում, խաթարվել են սահմանադրականության հիմքերը, չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը։ Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը», - հայտարարել էր Սերժ Սարգսյանը։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ

Իշխող «Իմ քայլից» Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Սարգսյանի հայտարարությունները մտացածին է համարում՝ հեգնելով, թե հեղափոխության արդյունքում իշխանությունը կորցրած Սարգսյանը դեռ չի վերադարձել իրականություն։

«Կարծում եմ՝ այս ամենը արվում է զուտ Սերժ Սարգսյանի անհանգստությունից ելնելով, որովհետև Սերժ Սարգսյանը քաջ հասկանում է, որ, այնուամենայնիվ, էն հայտարարությունները, որոնք իրենք անում են, որ «Սերժին բռնելու են», «Սերժին ձերբակալելու են», իրենք ավելի լավ գիտեն, որ, ամենայն հավանականությամբ, ինչ-որ առիթ ոնց էլ լինի՝ ինչ-որ մի տեղից դուրս է գալու, և Սերժ Սարգսյանը փորձում է սրանով պաշտպանվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սիմոնյանը:

Իսկ ըստ Ստյոպա Սաֆարյանի, այն, ինչի մասին խոսում է Սերժ Սարգսյանը, թերևս կարող է լավագույնս նկարագրել իր պաշտոնավարման շրջանը, բայց ոչ ամենևին ներկա իշխանություններին։ Նա ընդգծեց՝ ակնհայտ է՝ Սարգսյանն այդ տեքստով փորձում է հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործընթացներին քաղաքական երանգ հաղորդել։

«Ո՛չ Սուրեն Խաչատրյանին, ո՛չ Միհրան Պողոսյանի և ոչ մյուսներին հաստապես չես համարի քաղաքական գործունեություն ծավալող սուբյեկտներ ոչ միայն այժմ, այլև նաև նախկին իշխանությունների օրոք։ Հետևաբար, Սերժ Սարգսյանն ուղղակի փորձում է նրանց պաշտպանության տակ վերցնել», - նկատեց Սաֆարյանը։

Սարգսյանը նաև իշխանությունից հեռանալու իր վարկածն է ներկայացրել՝ գնաց, քանի որ ցանկանում էր, որ ժողովուրդը փորձի էլ ավելի լավ պետություն կառուցել, սակայն հիմա իրեն մեղադրում են, որ իշխանությունը պոպուլիստներին է զիջել։

«Այն պահից սկսած, երբ որ մարդը զգում է, որ իրեն չեն հարգում, իրեն ծաղրում են, թեկուզ այ սենց ձևով՝ հեռակա, էսպես ասած, ժողովրդական լեզվով ասած՝ էշի տեղ են դնում, մարդը, ներքուստ մերժողականություն է մարդու մոտ առաջանում: Ինքը դա չի հասկանում: Մենակ էն բանը, որ ինքը արդեն չկա ու տենց դատարկ դահլիճներում երկու րոպեանոց արագ-արագ ելույթ է ունենում, դա արդեն հեղափոխական բեկում է Հայաստանի Հանրապետության համար», - ընդգծեց խորհրդարանի փոխխոսնակը՝ շարունակելով․ - «Իսկ մնացածի մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները լավ տեսնում են, լավ գնահատում են»։

Երրորդ նախագահը ԵԺԿ ամբիոնից խոսել է նաև արցախյան հակամարտության մասին։ Մտահոգ է՝ ներկայիս բանակցային գործըթնացն իր սրտով չէ։

«Շատ կարևոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը շարունակեն ստանալ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը, ցավոք, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում զինվել և սպառնալ Արցախին և Հայաստանին։ Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս ուղերձը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում», - հայտարարել է Հայաստանի նախկին նախագահը։

Ալեն Սիմոնյանն ասում է՝ բնական է՝ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր պատկերացումներ ունեն բանակցային գործընթացի վերաբերյալ։ Շեշտում է՝ այդ առումով այսօր Հայաստանի վարկանիշն ու ուժն ավելի բարձր են, խոսքն ավելի լսելի է բանակցային գործընթացում, քան Սարգսյանի իշխանության տարիներին։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավարն էլ Սարգսյանի ելույթից տպավորություն է ստացել, որ երրորդ նախագահը խոստովանում է, որ իր իշխանության տարիներին բանակցային գործընթացը ձախողվել է. «Ակնհայտորեն Սերժ Սարգսյանը չգիտի էլ նույնիսկ, թե ինչպես, ինչում մեղադրի Նիկոլ Փաշինյանին, այն դեպքում, երբ Ադրբեջանը սպառազինվում էր հենց իր կողմից այսպես ասած՝ միջազգայնորեն աջակցվող բանակցային վատ գործընթաց տանելու մեջ», - եզրափակեց նա։

XS
SM
MD
LG