Մատչելիության հղումներ

Արսեն Բաբայանն ազատ է արձակվել


Իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, ավելի քան 20 օր ճաղերի հետևում լինելուց հետո, այսօր ազատ է արձակվել։

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դուրս գալով՝ Բաբայանը այսօր չխոսեց իր դեմ հարուցված քրեական գործի մասին։

Բաբայանին ազատ արձակելու որոշումը կայացրել է դատախազությունը՝ հիմք ընդունելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի երաշխավորությունները։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը այսօր ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ նախաքննության այս փուլում արդեն կատարվել են Բաբայանի մասնակցությամբ քննչական գործողությունների հիմնական մասը, հետևաբար նվազել է նրա կողմից գործի քննությանը խոչընդոտելու վտանգը՝ ազատության մեջ գտնվելու դեպքում: Սրան գումարվել են իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի («Իմ քայլը») երաշխավորագրերն ու 500 հազարական դրամ գրավը։

Սիսակ Գաբրիելյանն «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Չեմ ցանկանա, որ լինի խախտում, և հենց դա էլ նշել եմ դատախազին, որ կարծում եմ, որ Արսեն Բաբայանը չի խուսափի քննությունից և իրավապահ մարմինների կանչով կներկայանա քննության»:

Պատգամավորն ասաց, որ Բաբայանին ազատ արձակելու վերաբերյալ երաշխավորագիրը տալու որոշումը միայնակ չի կայացրել, քննարկել է իր խմբակցության հետ․ - «Չեմ ասի տևական ժամանակ, բայց ունեցել ենք քննարկումներ այս հարցի վերաբերյալ: Ես ներկայացրել եմ իմ դիրքորոշումները, խմբակցության տարբեր անդամներ ներկայացրել են իրենց դիրքորոշումը, և եկել ենք եզրակացության, որ նախաքննության այս փուլում, կարծում ենք, որ կարելի է խափանման միջոցը փոխարինել անձնական երաշխավորությամբ»:

Գաբրիելյանի խոսքով, Բաբայանի համար երաշխավորելու նախաձեռնությամբ ո՛չ ինքը, ո՛չ իրենց քաղաքական թիմի մյուս ներկայացուցիչները կասկածի տակ չեն դնում իրավապահների առաջադրած մեղադրանքը: Միևնույն ժամանակ չեն խախտում նաև Բաբայանի անմեղության կանխավարկածը․ - «Քանի դեռ դատարանի օրինական ուժի մեջ մտած վերջնական ակտը չկա, կարծում ենք այս փուլում կարելի է նույնպես նրա նկատմամբ կիրառել տվյալ մոտեցումը, և կալանավորումը փոխարինել անձնական երաշխավորությամբ»:

Իշխանական պատգամավորը շեշտում է, որ համաձայն չէ Արսեն Բաբայանի մտերիմներից շատերի տեսակետի հետ, թե Բաբայանը վերջին 22 օրերին քաղաքական բանտարկյալ էր:

Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը հակառակ կարծիքն ունի։ Ըստ նրա, Արսենին Բաբայանին առաջարդված մեղադրանքին ծանոթանալուց հետո այն կարելի է հեքիաթ անվանել․ - «Նման իրականություն ուղղակի լինել չի կարող: Ո՛չ Սահմանադրական դատարանի ինչ-որ լիազորության տիրանալու մասով, ո՛չ այն մասով, որ պիտի գործեր, չգիտես ինչու, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախկին խմբագրությունը, ոչ այն խմբագրությունը, որ գործել է 2018 թվականի մարտի դրությամբ: Առավել ևս՝ Արսեն Բաբայանին ի մասնավորեցում, թե ինչ կապ ինքը առհասարակ ունի այս ամբողջ պատմության հետ»:

Բաբայանին առնչվող քրեական գործը հարուցվել էր պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա: Պատգամավորը պնդում է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը յուրացրել է պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով, որի ճանապարհը հարթել է նաև Արսեն Բաբայանը՝ թույլ տալով պաշտոնեական կեղծիքներ։

XS
SM
MD
LG