Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը 50 միլիոն դոլար վարկ է հատկացրել Հայաստանի կառավարությանը


Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղո
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղո

Թավշյա հեղափոխությունից ի վեր առաջին անգամ Համաշխարհային բանկը նոր, խոշոր՝ 50 միլիոն դոլարի վարկ է հաստատել Հայաստանի կառավարության համար, և բանկի երևանյան գրասենյակի ղեկավարի բնութագրմամբ՝ դա Փաշինյանի կառավարության անցած մեկուկես տարվա աշխատանքի գնահատականն է:

Այսօր «Ազատության» հետ զրուցում Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն առանձնացրեց Նիկոլ Փաշինյանի կառավարության հաջողությունները կոռուպցիայի դեմ պայքարում, հարկային ոլորտի բարեփոխումների, հարկահավաքության գործում․ - «Այո, կարող ենք ասել, [որ այս վարկը Նիկոլ Փաշինյանի կառավարության անցած մեկուկես տարվա աշխատանքի՝ Համաշխարհային բանկի գնահատականն է]: Բյուջետային աջակցության ծրագրերը շատ լրջորեն են մշակվում: Դիտարկում ենք այն ոլորտները, ուր, մեր կարծիքով, շատ կարևոր է բարեփոխումներ իրականացնել: Կառավարության հետ համաձայնեցնում ենք առաջնահերթ քայլերը, որոնք տվյալ ժամանակահատվածում կառավարությունը պետք է կյանքի կոչի, և միայն բարեհաջող աշխատանքից հետո է, որ մենք տրամադրում ենք գումարը: Մոտ մեկ տարի քննարկումների մեջ էինք այդ ոլորտներում կառավարության քայլերի շուրջ: Այո՛, սա կարելի է որպես պարգև դիտարկել այն հաջողությունների համար, որ հասել է Հայաստանի կառավարությունը և որոնք շատ ոլորտներում շոշափելի են»:

Համաշխարհային բանկի հաղորդագրության համաձայն, վարկային ծրագրի նպատակն է աջակցել կառավարության՝ տնտեսական, հարկաբյուջետային ու հանրային հատվածի կառավարմանը: Այսինքն, բարելավել մրցակցությանը, առևտրին միտված և որակի պարզեցված կարգավորումներն ու ընթացակարգերը, կատարելագործել եկամուտների ներգրավման ու հանրային ներդրումների արդյունավետությունը, և վերջապես, հզորացնել հակակոռուպցիոն նախաձեռնությունները:

«Այս վարկը Հայաստանի կառավարության հետ համաձայնեցված ծրագրի մի մասն է: Հայաստանի հետ երկարամյա հարաբերություններ ունենք, սակայն վերջերս հաստատեցինք համագործակցության շրջանակային ռազմավարությունը, որտեղ նկարագրված են Հայաստանի հետ համագործակցության ուղղությունները, և այս համագործակցության ու ապագա փոխգործակցության շատ կարևոր մասն է լավ կառավարման հաստատումը: Ինչո՞ւ 50 միլիոն դոլար: Մեր հարաբերությունները հիմնված են համագործակցության որոշակի ուղղություններին վերաբերող համաձայնագրերի վրա: Ինչո՞ւ 50 միլիոն, որովհետև պայմանավորվեցինք Հայաստանի կառավարության հետ, որ այս գումարն է բավարար տվյալ գործողությունների համար: Եվ մենք ի վիճակի ենք ապահովել այս գումարը՝ նշված նպատակներին հասնելու համար»:

Համաշխարհային բանկի տեղեկանքի համաձայն, 1992 թվականից ի վեր, երբ Հայաստանը անդամակցել է բանկին, բանկի ու նրա մաս կազմող Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Երևանին տրամադրվել է 2 միլիարդ 429 միլիոն 734 հազար դոլար վարկ՝ ներառյալ այս 50 միլիոնը:

Հայաստանի Ֆինանսների նախարարության համաձայն, այս տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ երկրի պետական պարտքը կազմել է 7 միլիարդ 117 միլիոն դոլար, որից կառավարության արտաքին պարտքն է 5 միլիարդ 59 միլիոնը, Կենտրոնական բանկի արտաքին պարտքը 514,5 միլիոն է, մնացածը ներքին պարտքն է:

«Փաշինյանի կառավարության ձեռնարկած բարեփոխումներից շատերը ընթացքի մեջ են, և արդեն իսկ կան կարևոր, շոշափելի արդյունքներ, որոնք առնչվում են տնտեսության ու հանրության մի շարք ոլորտների: Անշուշտ, բոլորս տեղյակ ենք հարկային վարչարարության բարելավման և հարկահավաքման աճի մասին, որոնք տպավորիչ են: Նաև տեղյակ ենք պետական պարտքի կառավարման շարունակվող ջանքերի մասին՝ պարտքի կոնսոլիդացիայի միջոցով: Այս ջանքերը ավելի վաղ էին մեկնարկել, սակայն շարունակվեցին, ուստի շատ կարևոր են: Տեղյակ ենք մի շարք մտադրությունների մասին, որոնք արտացոլված են 2020 թվականի պետական բյուջեի նախագծում: Տեսնում ենք, որ առողջապահության ու կրթության ոլորտի ֆինանսավորումը աճում է, որը դեռ շատ ցածր է, ուստի մարտահրավերները լուրջ են, սակայն ֆինանսավորման աճը դրական դինամիկա է: Նաև աճել են մի շարք պետական ոլորտների աշխատակիցների աշխատավարձերը: Եթե հայացք նետենք մի շարք ոլորտների, կարող ենք մատնանշել շոշափելի բարեփոխումներ», - ասաց Բոսութղոն:

Նրա խոսքով, բանկը սպասում է, որ այս տարի Հայաստանը կփակի 5,5 տոկոս տնտեսական աճով, թեև այս թիվը կարող է վերանայվել, իսկ եռամյա ժամակահատվածի՝ 2019, 2020 և 2021 թվականների համար բանկում գտնում են, որ Հայաստանի միջին տարեկան տնտեսական աճը կկազմի տոկոս:

Ամբողջական հարցազրուցի անգլերեն տարբերակը դիտեք ստորև.

XS
SM
MD
LG