Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները, ի տարբերություն իշխանական պատգամավորների, հեղափոխական չեն համարում 2020-ի բյուջեի նախագիծը


Ազգային ժողովում այսօր մեկնարկեցին 2020 թվականի պետական բյուջեի քննարկումները:

Դրանց մեկնարկից մոտ մեկ ժամ առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն արդեն հատուկ հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ դեմ են քվեարկելու հաջորդ տարվա եկամուտներն ու ծախսերն ամփոփող գլխավոր փաստաթղթին:

Խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի փաստարկեց, որ հանձնաժողովներում հարցի քննարկումից կարծիք են կազմել՝ 4,9 տոկոս տնտեսական աճի կանխատեսման վրա հիմնված բյուջեն հեղափոխական չէ․ - «Ամենևին հեղափոխական բյուջե չէ և տնտեսական հեղափոխությունը չսպասարկող բյուջե է»:

Միքայել Մելքումյան
Միքայել Մելքումյան

Ներկայացնելով բյուջեի հիմնական ցուցանիշները, ինչպես նաև աշխատավարձերի և թոշակների 10 տոկոսանոց բարձրացումը՝ Մելքումյանը փոխանցեց խմբակցության կարծիքը․ - «Բնականաբար հետ նահանջ ենք համարում, և 4,9 տոկոսը չի ապահովում բնակչության կենսամակարդակի [բարձրացումը], մեր պաշտպանության համակարգի համապատասխան երաշխիքները, որ մենք պատկերացնում ենք: Ինչպես նաև՝ այն բոլոր սոցիալական ծրագրերի, որ պետք է իրականացնեն: Իհարկե, կառավարությունը արձանագրում է, որ տարբեր ոլորտներում որոշակի աճ պետք է լինի․ ասենք թոշակները՝ 10 տոկոս, ուսուցիչների աշխատավարձը՝ այսքան: Բայց դա անբավարար է»:

ԲՀԿ-ն նաև հայտարարեց, թե կառավարությունը գումարը ծախսել չի կարողանում։ 2019 թվականին պետական ծախսերի համար հատկացված 221 միլիարդ դրամից միայն 89 միլիարդն է ծախսվել: 2020 թվականի համար գումարն ավելի շատ է, բայց կարծում են, որ միտումը կշարունակվի, և այդ գումարի հիմնական մասը ոչ թե կծախսվի, այլ Կենտրոնական բանկում ի պահ կտրվի:

«2020 թվականի բյուջեում այդ 221 միլիարդը կամ 500 միլիոն դոլարը բարձրացնում ենք 359 միլիարդի: Պատկերացնո՞ւմ եք: Հիմա ստեղ մենք չենք կարողանում ծախսենք, բայց բարձրացնում ենք 359 միլիարդի, որը արդեն մոտավորապես 700 միլիոն դոլար է»:

Արտակ Մանուկյան
Արտակ Մանուկյան

Արտակ Մանուկյանը («Իմ քայլը») հակադարձում է․ - «Կան ծախսային ուղղություններ, որոնք քաղաքականության կամ տվյալ ոլորտը համակարգողի համար համարվել են ոչ արդյունավետ: Բայց այս ժամանակահատվածը դեռ բավարար չի եղել, որ է՛լ ավելի բարձր արդյունավետությամբ ծրագրեր գեներացնեն: Եվ կարծում եմ, 2020 թվականին դուք կտեսնեք, որ կապիտալ ծախսերի մասով այդ շեղումների ցուցանիշը էականորեն կնվազի»:

Գևորգ Գորգիսյան
Գևորգ Գորգիսյան

«Լուսավոր Հայաստանը» դեռ չի որոշել, թե ինչպես կքվեարկի բյուջեի նախագծին: Գևորգ Գորգիսյանն ասում է, որ իրենք 140 առաջարկ են ներկայացրել, և այդ առաջարկների ընդունումից է կախված նաև իրենց վերաբերմունքը․ - «Ոչ միայն բյուջեն հեղափոխական չէ, այլև նախատեսում է ավելի քիչ տնտեսական աճ, քան այս տարի մենք ունեցել ենք: Այսինքն, որևէ լուրջ աճ այնտեղ չկա նախատեսված, որևէ կերպ տնտեսական մոդելի փոփոխություն նախատեսված չէ: Պարոն Ջանջուղազյանը խոսում էր արտահանման ծավալների մեծացման մասին, բայց որևէ կերպ չկար մեկնաբանություն, թե այդ ծավալները ինչ համամասնությամբ պիտի լինեն: Մենք շարունակելո՞ւ ենք մնալ հանքահումքային: Թեև կառավարությունն ասում է՝ չէ, մենք պիտի գնանք գիտատեխնիկական [զարգացման ուղղությամբ], բայց գիտության ֆինանսավորումը 11 տոկոսով իջել է: Միանշանակ սա ոչ միայն հեղափոխական չէ՝ չափից շատ զգուշավոր, նույնիսկ որոշ դեպքերում իներցիոն և հետադիմական բյուջե է»:

Արտակ Մանուկյանը դարձյալ համաձայն չէ: Նա ասում է, որ վերջին 5 տարիներին Հայաստանն ավելի արագ տեմպերով չի զարգացել, քան այժմ: Այս բյուջեով, նրա պնդմամբ, հիմքն են դնում, որպեսզի հնարավոր լինի հետագայում նաև 8-9 տոկոսանոց տնտեսական աճի մասին խոսել․ - «Եվ երկնիշ աճ որոշակի ժամանակահատված հետո: Բայց որպեսզի սա իրականանա, մենք պետք է փորձենք մեր ՀՆԱ-ի պոտենցիալը ուղղենք: Եվ սրան է նպաստում նաև այն ծախսային կառուցվածքը, որը բյուջեում կա: Մարդկային կապիտալի մասով ըստ էության աննախադեպ բարձր՝ շուրջ 800 միլիարդ դրամի կարգի ներարկումներ են լինելու, ճանապարհաշինարարության մասով 202 թվականին կառուցվելու է այնքան ճանապարհ, և որ ամենակարևորն է՝ շատ ավելի որակյալ և հարկատուի վրա շատ ավելի էժան գներով, ինչքան որ չի եղել նախորդ տարիներին»:

Հայկ Գևորգյան
Հայկ Գևորգյան

Իշխանական խմբակցությունից Հայկ Գևորգյանն անտրամաբանական է համարում ԲՀԿ-ի դեմ քվեարկելու որոշումը: Տնտեսական աճի կանխատեսումը, ասում է, հաշվում են կոնկրետ բանաձևով, և կարևորը այն որակական փոփոխություններն են, որ արդեն մեկնարկել են․ - «Կարող ենք կեղծել, ինչ-որ կեղծ պաթոսի մեջ ընկնել, ասել՝ 10 տոկոս, 12 տոկոս տնտեսական աճ է լինելու, ինչը ի դեպ չի բացառվում: Բայց կա հաշվարկի մեթոդ, այդ հաշվարկի մեթոդով դրվում է 4,9 տոկոս: Դուք տեսեք այն տրանսֆորմացիան, որ ենթարկվել է Հայաստանի տնտեսությունը մեկ տարվա ընթացքում․ մեղմ ասած հեղափոխական է: Օրինակ, եթե տեսնենք տրանսֆորմացիան արդյունաբերության մեջ: Վերամշակող տնտեսությունը կտրուկ աճել է, հանքահումքային արդյունաբերությունը կտրուկ նվազել է: Հեղափոխությո՞ւն է դա, թե՞ չէ: Հայաստանը ունի այս պահի դրությամբ իր պատմական ամենաբարձր արտաքին պահուստները, այսպիսի դեպք չի եղել Հայաստանում: Դա հեղափոխությո՞ւն է, թե՞ չէ»:

XS
SM
MD
LG