Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հրավիրած խորհրդակցության ընթացքում հայտարարեց՝ ժողովրդի վստահությունը չվայելող դատական իշխանության գործունեությունը շարունակաբար ալեկոծություններ է առաջացնում հանրության շրջանում:
Վարչապետը սպառված է համարում դատական համակարգի՝ ժողովրդական վստահության արժանանալու ընթացիկ հնարավորությունը։ Ըստ Փաշինյանի՝ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը: Փաշինյանն այդ նպատակին հասնելու 5 քայլ ներկայացրեց։ Ըստ նրա՝ առաջինը՝ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես կոչված vetting-ի:
«Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին», - հայտարարեց նա:
Փաշինյանի առաջարկած երկրորդ քայլով՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից:
«Երրորդ՝ բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին», - հավելեց վարչապետը:
Նա խոսեց նաև անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունից, ասաց՝ պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում կառավարությունը պետք է ամփոփի վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ կատարած աշխատանքը։ Ըստ Փաշինյանի առաջարկած 5-րդ կետի՝ Ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք։
«Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաև այդ քայլին, եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաև նման լուծումների: Այս ողջ աշխատանքը, ընդ որում, պետք է տեղի ունենա այս ոլորտի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցության, միջազգային լավագույն փորձի և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում», - նշեց նա:
Փաշինյանի խոսքով՝ դատական իշխանությունը չունի ժողովրդի վստահությունը, նշանակում է չունի նաև գործելու բավարար լեգիտիմություն, ինչն, ըստ գործադիրի ղեկավարի, այսօր արդեն ուղղակի սպառնալիք է երկրի բնականոն կյանքին, կայունությանն ու ազգային անվտանգությանը: Վարչապետը վստահեցրեց՝ իր ընտրվելուց հետո՝ հենց առաջին օրվանից պարտավորվել է՝ որևէ միջամտություն չունենալ դատական իշխանության գործերին և այս պարտավորությունը պահպանել սրբորեն․ - «Բայց, մյուս կողմից, ցավոք չեմ կարող երաշխավորել, որ դատական համակարգը չի ենթարկվում ստվերային և ապօրինի ազդեցությունների՝ հիմնականում նախկին կոռուպցիոն համակարգի կողմից, որովհետև այդ երկու համակարգերն իրար կապված են մարդկային, քաղաքական և այլ կապերով: Մի օրինակ կարող եմ բերել միայն. որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ այսօրվա դատական համակարգն ի վիճակի է օբյեկտիվ քննություն տանել հենց նույն մարտի 1-ի գործով, այն պարագայում, երբ գործադիր իշխանությունների կողմից թույլ տրված տասնյակ ապօրինություններ կյանքի են կոչվել հենց դատական գործող համակարգի միջոցով»:
Գործադիրի ղեկավարը տեղեկացրեց, որ առաջ քաշված ողջ օրակարգն արդեն երկար ժամանակ կառավարությունը քննարկում է ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրամիության, ԵԱՀԿ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ։ Նա հույս հայտնեց, որ միջազգային գործընկերները կկանգնեն Հայաստանի կողքին, որովհետև, ըստ Փաշինյանի, կառավարության ուզածը մի նոր խամաճիկային դատական համակարգ ունենալը չէ։ Վարչապետը մեկնաբանեց նաև դատարանների մուտքերը արգելափակելու՝ իր կոչի նպատակը․ - «Այդ ակցիայի առանցքային սիմվոլն այն է, որ Հայաստանում չի կարող լինել դատական համակարգ, որը չունի ժողովրդի վստահությունը, հակառակ դեպքում նույնիսկ ամենահիմնավորված որոշումը ժողովուրդն ընկալելու է որպես վիրավորանք, որովհետև դատավճիռները կայացվում են Հանուն Հայաստանի Հանրապետության, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից: Եվ այդ վճիռները կարող են կայացնել միայն այնպիսի մարդիկ, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության, այսինքն՝ ժողովրդի անունից խոսելու ինստիտուցիոնալ իրավունք»:
Վարչապետի՝ դատարաններ փակելու հայտարարությանը նախորդել էր ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի փոխումը։ Փաշինյանի հայտարարությունից մեկ օր առաջ Ռոբերտ Քոչարյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ արձակվեց Արցախի գործող և նախկին նախագահների երաշխավորությամբ։