Կառավարությունը այսօր որոշել է Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող՝ Կոտայքի մարզում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի շենք-շինությունները, հյուրանոցի ներսում առկա շարժական գույքն օտարել դասական աճուրդով՝ որպես մեկ լոտ:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ երեկվա դրությամբ գույքի գնահատված արժեքը կազմել է 7 միլիարդ 526 միլիոն 457 հազար 800 դրամ, որից շենք-շինությունների գնահատված արժեքը՝ 7 միլիարդ 204 միլիոն 568 հազար 800 դրամ, շարժական գույքի արժեքը՝ 321 միլիոն 889 հազար դրամ, իսկ գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը կազմել է 62 միլիոն 431 հազար 200 դրամ։
Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ: Որոշմամբ սահմանվել է, որ գնորդը պետք է վճարի նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը՝ 4 միլիոն 944 հազար 600 դրամ (ներառյալ ԱԱՀ)։ Նախատեսվում է առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս երեք աճուրդ՝ յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ աճուրդը հավանաբար կլինի դեկտեմբերի 19-ին, և կոչ է արել այս հարցում հետաքրքրված բոլոր գործարարներին մասնակցել աճուրդին:
Հիշեցնենք, Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը որպես նվիրատվություն պետությանն է փոխանցել Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը: