Մատչելիության հղումներ

Փաշինյանը՝ պետությանը վերադարձվող միլիոնավոր դոլարների մասին


Քարոզարշավի երրորդ օրը «Իմ քայլը» դաշինքը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անցկացրեց Տավուշի մարզում:

Ընտրողների հետ հանդիպումները եղան հանրահավաքի ձևաչափով: Փաշինյանը հանդիպումներ ունեցավ Նոյեմբերյանի, Բերդի, Իջևանի, Դիլիջանի բնակիչների հետ:

Նոյեմբերյանում հանրահավաքի ավարտին Նիկոլ Փաշինյանը նաև փակ ձևաչափով հանդիպում ունեցավ Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի ծնողների հետ:

Ավելի ուշ՝ արդեն «Ազատության» հետ զրույցում, վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ծնողների հետ զրույցում ասել է այն, ինչ մինչ այդ հրապարակային իր ելույթներում էր ասել՝ նպատակահարմար չի համարում բոլորը բոլորի դիմաց ձևաչափով Կարեն Ղազարյանին փոխանակել հայկական կողմում, ավելի հստակ՝ Արցախում գտնվող ադրբեջանցիների հետ, ովքեր դատապարտված են ազգությամբ հայ քաղաքացիների սպանության գործով: - «Ես նաև ներողություն եմ խնդրել, որ մինչև հիմա մեր ջանքերը արդյունավետ չեն եղել», - հավելեց նա:

«Ազատության» հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նաև արձագանքեց Հանրապետական կուսակցության շտաբի տարածած այն հայտարարությանը, որ վարչապետի պաշտոնակատարը քարոզարշավի այս երեք օրերի ընթացքում ատելության մթնոլորտ է տարածել: - «Կարծում եմ՝ իրենց սև պաստառներով Հանրապետականը կանխավարկած է ստեղծել կամ ընդունել է, որ Հայաստանում իրենց ատում են: Այդ զգացումը ես չեմ սերմանել, այդ իրենք են սերմանել իրենց գործունեությամբ», - հայտարարեց Փաշինյանը:

«Ազատության» հարցին, թե ի՞նչ կպատասխանի ՀՀԿ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանի հրավերին՝ Փաշինյանի հետ երկու հոգու ձևաչափով բանավեճի մասնակցելու համար, ՀՀԿ-ի և «Իմ քայլը» դաշինքի առաջին համարների մակարդակով, վարչապետի պաշտոնակատարը արձագանքեց․ - «Անտրամաբանական առաջարկ է, որովհետև նույն առաջարկով կարող է հանդես գալ Էդմոն Մարուքյանը, նույն առաջարկով կարող է հանդես գալ Արամ Սարգսյանը, մյուս կուսակցությունները: Այսինքն՝ ես պետք է 10 հատ առանձին բանավե՞ճ ունենամ: Ամսի 5-ին ես ասել եմ, որ բոլոր քաղաքական ուժերի հետ բանավեճերով տրամաբանական է»:

Իջևանում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց անցումային արդարադատության մասին: Նա նշեց՝ այդ առաջարկը, որը հրապարակային կատարել էր, ուժի մեջ է, սակայն պետք է քննարկել, թե ինչ ձևաչափով են Հայաստանի քաղաքացիները դա պատկերացնում: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Ավետիսյանի քրեական գործին:

«Ինձ տեղեկացնում են, որ Արմեն Ավետիսյանի ընտանիքը օրեր առաջ դիմել է Պետական գույքի կառավարման վարչությանը և ասել է, որ ինքը Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նվիրում է պետությանը: Կա քրեական գործ հարուցված, բայց, ըստ ամենայնի, նրանք նաև հանրային որոշակի վերաբերմունք ակնկալելով, կամ անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորություն ունենալու համար, թերևս, այսպիսի քայլի են դիմել», - նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանի խոսքով, եթե այդ գործընթացը մինչև վերջ գնա և հյուրանոցը դառնա պետության սեփականությունը, իրենք պատրաստվում են այն հրապարակային աճուրդի հանել: - «Գնահատում եմ, որ դա կարող է մինչև 10-15, ասում են նույնիսկ մինչև 20 միլիոն դոլար կարող է արժենալ: Եվ այդ գումարները պետք է մուտքագրենք պետական բյուջե», - հավելեց նա:

Փաշինյանն անդրադարձավ նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի միլիոնների հասնող կարողությանը:

«Սերժ Սարգսյանի եղբոր՝ մի բանկում ունեցած հաշիվների վրա՝ 30 միլիոն դոլար ունենալու վերաբերյալ արդեն բազմիցս խոսվել է: Ինձ ասում են, որ նա վերջերս պատրաստակամություն է հայտնել այդ ողջ 30 միլիոն դոլարը վերադարձնել պետական բյուջե: Այսինքն, որպեսզի չսպասենք մենք բոլոր այդ պրոցեդուրաներին: Եվ, ընդհանուր առմամբ, իհարկե մենք բոլոր այս գումարները պետք է վերադարձնենք: Եվ ես ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ իմ կարծիքով վերադարձված այս գումարները պետք է առաջին հերթին ծախսվեն մեր զինված ուժերի վրա», - եզրափակեց վարչապետի պաշտոնակատարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG