«Ազատություն»․ - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ասում է՝ 12-ամյա կրթություն ունենք, բարձր դասարաններում ամեն ինչ անցնում են, մի հատ էլ առաջին-երկրորդ կուրսում կրկնել, թե ինչ բան է գոյականը, ով է Մովսես Խորենացին և այլն, դրա փոխարեն մասնագիտական կրթություն կտանք բուհում, և ամբողջ աշխարհում է այդպես:
Գալստյան․ - Սխալվում են նրանք: Որովհետև իրենց թվում է, թե ամբողջ աշխարհից Հայաստանում մարդ չկա, և պարտադիր չէ ամբողջ Հայաստանը գնա ամբողջ աշխարհ՝ աշխարհի փորձառությունը ունենալու համար: Բացարձակապես մոլորություն է: Նախ մի փոքր պատմություն: 2004 թվականին, երբ Լևոն Մկրտչյանն էր Կրթության նախարարը, այդ ժամանակ «Հանրակրթության մասին» օրենքով պարտադիր պայման համարվեց հայագիտական այդ առարկաների՝ հայոց լեզվի, գրականությանը և պատմության դասավանդումը ոչ մասնագիտական բուհում: Մոտավորապես երեք կիսամյակի մասին էր խոսքը: Իսկ ինչ վերաբերում է ամբողջ աշխարհին, նախ պիտի ասեմ, որ համաշխարհայնորեն ընդունելի բակալավրական ծրագրի առաջին երկու տարվա ընթացքում պարտադիր են հումանիտար առարկաները: Եվ պետք չի խեղաթյուրել հասարակությանը: Երեկ ես լսում էի Արսեն Թորոսյանին, որ չգիտես ինչու Առողջապահության նախարարը միգուցե սոլիդարությամբ մտել էր Արայիկ Հարությունյանի տիրույթ և, խեղելով իրական այս պայքարի նպատակը, ասում է՝ մենք չպիտի կենսաբանության կամ ֆիզիկայի հաշվին հայոց լեզվի կամ պատմության դասավանդումը իրականացնենք: Ուղղակի ազնիվ չէ հայոց լեզուն համեմատել միջուկային ֆիզիկա առարկայի հետ:
«Ազատություն»․ - Թող անցնեն: Բուհերին տրվում է ինքնավարություն, կարող են բուհերն իրենց ղեկավարության մակարդակով որոշել, որ միևնույն է մնում է պարտադիր:
Գալստյան․ - Կրթության նախարարությունը կրթության քաղաքականություն մշակողն է:
«Ազատություն»․ - Դառնանք Արայիկ Հարությունյանի հակափաստարկներին․ ապազգային էր ձեր իշխանությունը, դպրոցներում կոռուպցիան էր ծաղկում, ընտրակեղծարարությունը, իսկ հիմա իրեն եք մեղադրում ապազգային քայլերի մեջ:
Գալստյան․ - Ես անկեղծորեն խորհուրդ կտայի Արայիկ Հարությունյանին, որին ես լավ ճանաչում եմ, որովհետև «Դեմ եմ օտարալեզու դպրոցներին» պայքարում ինքը իմ զինվորներից էր: Ես էլ հարգելով մեր այդ պատմությունը՝ պիտի պարոն Հարությունյանին խորհուրդ տայի, որ մի փոքր ուսումնասիրեր մանավանդ Լևոն Մկրտչյանի պաշտոնավարության [ժամանակաշրջանը]: Չգիտես ինչու տպավորություն է, թե անկախությունից հետո ամբողջ շրջանի նախարարը ինքն է եղել: Այդ երեք անգամվա վերանշանակումը ընդամենը հինգ և կես տարիների հանրագումար ունի: Ինքը առաջին անգամ երբ ստանձնեց Կրթության նախարարությունը, 1998 թվականն էր: Մեր հասարակությունը շատ լավ գիտի, թե 98 թվականը՝ հետպատերազմյան շրջան, ինչպիսի մթնոլորտ, և կրթությունը ոտնահարված էր չասեմ, բայց օբյեկտիվ պատճառներ ուներ, ուսուցիչների աշխատավարձը 30 դոլար էր: Մեկ տարվա մեջ նրա պաշտոնավարման օրոք դարձավ 90 հազար դրամ:
«Ազատություն»․ - Լևոն Մկրտչյանն էր նախարար, երբ Իրազեկ քաղաքացիների միավորումը հրապարակեց դպրոցների, մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները, որ ընտրացուցակներ են կազմել Հանրապետականի համար և այլն: Ինչո՞ւ իր հրաժարականը չեք պահանջել այդ ժամանակ, երբ պարզ դարձավ, որ համակարգային դպրոցները ներգրավված ընտրակեղծարարության մեջ:
Գալստյան․ - Հանրապետականի համար էին այդ ցուցակագրումները արվում, և հանրապետական էին նաև տնօրենների մի մասը:
«Ազատություն»․ - Այս օրերին մամուլում հիշեցնում են Մկրտչյանի և Հարությունյանի ունեցվածքների տարբերությունը: Հարությունյանինը մեկ տարում միայն իր աշխատավարձով է ավելացել, իսկ Մկրտչյանինը 20 հազար դոլարը 40 հազար է դառել, 25 հազար եվրոն՝ 67 հազար, ֆրանսիական լողափում բնակարան ունի:
Գալստյան․ - Դրանք անձնական տվյալներ են, որոնց ես ընդհանրապես չեմ տիրապետում:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․