Իրաքի անվտանգության ուժերի կողմից առնվազն վեց մարդ է սպանվել Բաղդադում, չորսը՝ Բասրայում հակակառավարական ցույցերի ընթացքում։
Ոստիկաններն ու բժշկական ծառայությունները երեկ հայտնել են, որ բախումներից վիրավորվել են տասնյակ այլ մարդիկ։
Անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների դեմ Բաղդադի կենտրոնում գտնվող Շուհադա կամրջի մոտ՝ վիրավորելով մոտ 35 մարդու:
Ցուցարարները փորձում էին հեռացնել արգելապատնեշները երկու կամուրջների մոտակայքում, որոնք տանում են դեպի Կանաչ գոտի, ուր տեղակայված են կառավարական շենքեր և արտասահմանյան դեսպանատներ:
Հոկտեմբերի սկզբից Իրաքի մայրաքաղաք Բաղդադում և այլ քաղաքներում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ իրենց վրդովմունքն արտահայտելու կոռուպցիայի, գործազրկության և ցածրորակ հանրային ծառայությունների դեմ։ Բողոքի գործողությունների ընթացքում բախումների զոհերի ընդհանուր թիվն արդեն գերազանցում է 250-ը, հազարավոր մարդիկ վիրավորվել են: