Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյան․ Արևելյան գործընկերությունը հարևանություն չէ, այլ Եվրոպայի արևելյան հատվածն է


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Արևելյան գործընկերության (ԱլԳ) ռազմավարական կարևորությանը դժվար է գերագնահատել, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ երեկ Ստոկհոլմում ելույթ ունենալով ԱլԳ 10-ամյակին նվիրված նախարարական հանդիպմանը:

«ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» խորագրով հանդիպման ժամանակ իր ելույթում Մնացականյանը կարծիք է հայտնել, որ «տերմինաբանության առումով նույնպես առկա է իներցիա, թե ինչպես ենք մենք տեսնում Եվրոպան, Եվրամիությունը, ինչպիսին մենք գիտեինք այն 90-ականներին և ինչ ունենք այսօր»: «Ես պնդում եմ, որ Արևելյան գործընկերությունը հարևանություն չէ, այլ այն Եվրոպայի արևելյան հատվածն է: Եվ հենց դրանում է կայանում Արևելյան գործընկերության կարևորությունը: Այն Եվրոպայի արևելքը չէ, այլ ընկած է Եվրոպական միության արևելքում, իսկ Եվրոպական միությունն ամբողջ Եվրոպան չէ», - ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Մյուս կարևորագույն մարտահրավերը, ըստ նրա, «արժեքների, ընդհանուր արժեքների պահպանումն է»:

«Մենք պետք է ընդունենք, որ առկա է մեր ընդհանուր արժեքների արժեզրկում: Այո, ես ներկայացնում եմ մի երկիր, որտեղ մեծ իրադարձություն է տեղի ունեցել՝ անցյալ տարվա թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը: Դա հնարավոր եղավ ընդհանուր արժեքներին հավատարիմ լինելու շնորհիվ: Այս 28 տարիների ընթացքում՝ սկսած Հայաստանի անկախությունից, մենք հայտարարել ենք դրա մասին: Եղել են բազմաթիվ սայթաքումներ, մենք անցել ենք բազում դժվարությունների, ողբերգության միջով, սակայն հնարավոր եղավ իրականացնել նմանօրինակ հեղափոխություն, որովհետև ձևավորվել էր համապատասխան հիմք, և եվրոպական մոդելը, եվրոպական ընդհանուր արժեքներն ընկած էին դրա առանցքում: Աստիճանաբար ձևավորվել էր մի սերունդ, որը ունակ եղավ դուրս գալու և իրականացնելու այդ հեղափոխությունը», - Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ ասել է Մնացականյանը և շարունակել․ - «Սակայն ընդհանուր արժեքներն ենթարկվում են մեծ ճնշման և ոչ միայն Արևելյան գործընկերության շրջանակներում: Այն, ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, մեր հաշվետվողականությանը ժողովրդի առջև. դրանք շատ նպաստավոր են հակամարտությունների լուծման համար՝ ի տարբերություն ավտորիտար ռեժիմների: Մենք նաև պետք է ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, թե ինչ է կատարվում ընդհանուր արժեքների առումով, ինչ է տեղի ունենում Եվրոպայում: Դրա մասին պետք է շատ բաց խոսենք»:

«Երկկողմ հարաբերությունների համատեքստում, ես կարծում եմ, որ Եվրոպական միության հետ մեր հարաբերություններում կարևորագույն դեր ունեցավ ողջամտության զգացումը, որը գերակայեց և հանգեցրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրմանը: Այն տարբերվում է Ասոցացման համաձայնագրերից, սակայն, ըստ էության, համադրելի՝ առանց Խորը և ընդարձակ ազատ առևտրի համաձայնագրի: Ուստի՝ այո, մենք ունենք երկկողմ տարբեր օրակարգեր, սակայն պատկանելության զգացումը, Եվրոպայի ավելի մեծ պատկերը հենց այն է, ինչն ընկած է Արևելյան գործընկերության հիմքում», - հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

«Դուք անձամբ վարել եք Ասոցացման համաձայնագրի շուրջ Հայաստանի բանակցությունները, որից Հայաստանն այնուհետև հրաժարվեց և ստորագրեց ՀԸԳՀ-ը։ Սակայն Ձեր կարծիքով, առաջիկա հինգ, տասը տարում ինչպիսին կցանկանաք տեսնել Ձեր երկրի հարաբերությունները ԵՄ-ի հետ», - այս հարցին Մնացականյանն արձագանքել է․ - «Կցանկանայի նշել, որ Հայաստանի մասով լավ աշխատանք է կատարվել։ Այս ամռանն արված հարցման արդյունքները ցույց տվեցին, որ Հայաստանի հասարակության 92 տոկոսը դրական է գնահատում ԵՄ-ի հետ հարաբերությունները։ Այսինքն, լավ աշխատանք է տարվել հաղորդակցության մասով»։

«Սա արդյունավետ բազմակողմանիության չափազանց կարևոր հարթակ է, հատկապես այն պետությունների միջև, որոնք կիսում են ընդհանուր արժեքներ: Հինգ, տասը տարվա հեռանկարի առնչությամբ այն է, թե մենք ինչպես ենք շարունակելու օգուտ քաղել Եվրոպական միության, Եվրոպայի հետ, Եվրոպայի շրջանակներում հարաբերություններից։ Կարծում եմ՝ կարևոր մարտահրավերը Եվրոպայի արևելյան հատված լինելու գաղափարի տարածումն է Եվրոպայի այլ մասերում։ Լեհաստանն ու Շվեդիան կարևոր դեր են խաղացել՝ որպես Արևելյան գործընկերության հայեցակարգի զարգացման շարժիչ ուժ։ Կարծում եմ՝ փոխադարձ կախվածության զգացումի, ամբողջ Եվրոպայի համար Արևելյան գործընկերության կարևորության գաղափարի տարածումն ամենակարևոր մարտահրավերն է», - ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը:

«Ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների զարգացումը, մեր ՀԸԳՀ-ն, ըստ էության, մեզ տալիս է բացառիկ հնարավորություն բարձրացնելու մեր զարգացման մակարդակը՝ համաձայն այն մոդելի, որին մենք ձգտում ենք: ՀԳԸՀ-ով նախատեսված ոլորտային համագործակցությունը մեզ տալիս է այդ հնարավորությունը, ուստի պետք է դրանից առավելագույնս օգտվենք։ Մենք ի ցույց ենք դրել քաղաքական կամքի ուժը կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և այլ հարցերում։ Մենք գիտենք, որ դա բավարար չէ, մենք պետք է ինստիտուցիոնալ մակարդակով ամրապնդենք և առաջ մղենք այն։ Եվ դա հենց այն է, ինչ մենք անում ենք, և այստեղ է, որ Եվրոպական միությունը եղել և մնում է մեր կարևոր գործընկերը, և դրանք մեր հարաբերությունների զարգացման օրինակներ են», - հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը:

«Անվտանգության տեսակետից ԵՄ-ը հանդիսանում է կարևոր դերակատար՝ ինստիտուտների ամրապնդման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և արժեքների տեսանկյունից, որոնք նշանակություն են ունեցել 28 տարի և շարունակելու են կարևոր լինել առաջիկայում: Սա դաշտ է, որի կարևորությանը մենք հավատում ենք, որի շրջանակներում համատեղ աշխատում ենք և շարունակվելու են նույն ոգով», - ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Հարցին էլ՝ «ի՞նչ կարող է Հայաստանն առաջարկել համագործակցության առումով», Մնացականյանն արձագանքել է․ - «Հայաստանը իրեն բավական հանգիստ է զգում իր ներկայիս դաշտում: Հայ ժողովուրդը նպաստում է ընդհանուր անվտանգության, ընդհանուր զարգացման կոլեկտիվ զգացողությանը։ Սա կարևոր է բոլորիս համար։ Չեմ նշում գինու, կոնյակի, ստեղծագործ կրթության, խելացի զարգացման լավ օրինակների մասին, որոնք հստակ, գործնական օրինակներ են։ Իսկ ի՞նչ ենք մենք տալիս այս համագործակցությանը։ Առաջարկում ենք այն, ինչին հենց ուղղված է համագործակցությունը։ Դա ընդհանուր եվրոպական տան զգացումն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG