Աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ:
Հայաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Զոհրաբ Մնացականյանը և Ան Լինդեն գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Շվեդիայի միջև հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են և հիմնված են ամուր ու բարեկամական համագործակցության վրա՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:
ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ ուղենշելով առկա համագործակցության առավել զարգացման և նոր ոլորտների ներգրավման ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը, այդ թվում՝ տեղում դիվանագիտական ներկայության ամրապնդումը:
Անդրադառնալով Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումների շրջանակում Շվեդիայում անցկացվող նախարարական հանդիպմանը՝ Զոհրաբ Մնացականյանը և Ան Լինդեն ընդգծել են, որ այն հնարավորություն է ընձեռում գնահատելու ինչպես արձանագրված հաջողությունները, այնպես էլ՝ Եվրոպայում ավելի մեծ երկկողմ և բազմակողմ համագործակցությանն ուղղված հեռանկարները:
Զոհրաբ Մնացականյանն իր շվեդ գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ծրագրերը և վերահաստատել ՀՀ կառավարության հանձնառությունն՝ ուղղված մարդու իրավունքների խրախուսմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը և դատաիրավական բարեփոխումներին: Այդ գործընթացներում Հայաստանի արտգործնախարարը մեծապես արժևորել է Շվեդիայի իշխանությունների՝ Հայաստանին տրամադրվող աջակցությունը:
Հայաստանում տեղի ունեցող գործընթացներում ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ կարևորել է կանանց և երիտասարդության լայն ներգրավումը: Այս առնչությամբ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը խթանելու կանանց ակտիվ մասնակցությունը հանրային կյանքում, ազգային և գլոբալ մակարդակներով՝ այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով 1325 բանաձևի շրջանակում:
Կողմերն անդրադարձ են կատարել նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի: Զոհրաբ Մնացականյանն Ան Լինդեին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցային գործընթացի վերջին զարգացումները և այդ առնչությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Երկուստեք կարևորվել են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների իրականացումը: