Մատչելիության հղումներ

Ռոհանի. «Իրանը անցնում է միջուկային համաձայնագրից հրաժարման հաջորդ փուլին»


Իրանը շարունակում է նվազեցնել 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների շեմը:

Այդ մասին այսօր Թեհրանում միջուկային էներգետիկայի ոլորտի աշխատակիցների հետ հանդիպմանը հայտարարեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Այսօր ես ցանկանում եմ ազդարարել Իրանի կողմից միջուկային համաձայնագրից հրաժարման հերթական`չորրորդ փուլի մեկնարկի մասին: Մեր այդ գործողությունները կսկսվեն վաղը: Բնական է, որ մենք այս մասին նախապես տեղեկացրել ենք մեր միջազգային գործընկերներին, և մեր հետագա քայլերը դիտարկվելու են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից», - հայտարարել է Իրանի նախագահը` հստակեցնելով, որ նոյեմբերի 6-ից Թեհրանից հարավ գտնվող Ֆարդո քաղաքի միջուկային կենտրոնում տեղադրված 1044 ցենտրիֆուգները միացվելու են գազամատակարարման համակարգին, ինչը փաստորեն ուրանի հաստացման համար նախատեսված այս սարքավորումների գործարկում կնշանակի:

Այն, որ Թեհրանը պատրաստվում է 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի պահանջների կատարումից ևս մեկ քայլ հեռանալ, պարզ դարձավ դեռ երեկ, երբ Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարեց իրանցի գիտնականների կողմից հաշված շաբաթների ընթացքում ևս 30 նոր ցենտրիֆուգների ստեղծման մասին․ - «Մենք պետք է մեր երախտագիտությունը հայտնենք թշնամիներին: Նրանք Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային էներգետիկայի ոլորտին նման հնարավորություն ընձեռեցին` ցույց տալ աշխարհին, որ ի վիճակի ենք շատ սեղմ ժամկետներում նման ցենտրիֆուգներ ստեղծել»:

Արևմտյան աղբյուրները նշում են, որ Թեհրանի կողմից գործարկվող ցենտրիֆուգները ուրանը 50 անգամ ավելի արագ են հարստացնում, քան նմանատիպ այն սարքավորումները, որ միջուկային համաձայնագրով կարող էր իր տրամադրության տակ ունենալ Իրանը:

Բնական է, որ Թեհրանից հնչող այս հայտարարություններին հետևեց արևմտյան պետությունների կոշտ արձագանքը:

Առաջինը միջուկային համաձայնագիրը լքած պետության` Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը երկուշաբթի երեկոյան հայտարարեց Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցների մասին: Պատժամիջոցների թիրախում են հայտնվել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի որդին` Մոջթաբան, ինչպես նաև հոգևոր առաջնորդի աշխատակազմի ղեկավարն ու խորհրդականը:

«Պատժամիջոցներ են կիրառվելու նաև Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբի դեմ», - տեղեկացնում է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը: Նախարար Սթիվեն Մնուչինի հայտարարության համաձայն, պատժամիջոցների ենթարկված անձանց ունեցվածքը և ֆինանսական միջոցները Միացյալ Նահանգներում, եթե իհարկե դրանք առկա են, կսառեցվեն: Բացի այդ, ամերիկյան որևէ կառույց կամ ԱՄՆ որևէ քաղաքացի չի կարող գործնական հարաբերությունների մեջ մտնել պատժամիջոցների թիրախում հայտնված անձանց կամ կազմակերպությունների հետ:

Միջուկային համաձայնագիրը ստորագրած եվրոպական պետությունները ևս քննադատում են Իրանի վերջին գործողությունները` հույս հայտնելով, որ Թեհրանը վերջնականապես չի հրաժարվի 2015-ին կնքված պայմանագրից:

Եվրոպական առաջատար պետությունների միասնական տեսակետն արտահայտեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը․ - «Մեր կարծիքով, դա անընդունելի է: Իր այս քայլերով Իրանը վտանգում է միջուկային համաձայնագրի դրույթները: Մենք հուսով ենք, որ Իրանը կվերադառնա համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը: Ցանկացած հավելյալ քայլ, որով Թեհրանը հեռանում է այդ պարտավորությունների կատարումից, վտանգում է միջուկային համաձայնագիրը»:

XS
SM
MD
LG