Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ առաջիկայում կիրագործվեն նոր քայլեր 2015 թվականի միջուկային պայմանագրից աստիճանաբար հրաժարվելու ուղղությամբ:
Ելույթ ունենալով Ազադիի տեխնոլոգիական պարկում, նա ասել է, որ Իրանը վաղը սկսելու է ուրան պարունակող գազով լիցքավորել 1044 նոր ցենտրիֆուգներ: Դա հակասում է 2015 թվականին Իրանի և վեց գերտերությունների ստորագրած պայմանագրին:
Ցենտրիֆուգներով անցնող այդ գազից զտվում են ուրան-235-ի ատոմները: Այդ տեխնոլոգիան կիրառվում է միջուկային ռումբ ստեղծելու նպատակով «ռազմական ուրանի» անհրաժեշտ պաշար կուտակելու համար:
Միացյալ Նահանգները 2018 թվականի մայիսին դուրս է եկել 2015-ի պայմանագրից, հայտարարելով, որ Թեհրանն այն օգտագործում է սոսկ ժամանակ ձգելու և ատոմային ռումբ ստեղծելու համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերականգնել և է՛լ ավելի է խստացրել Իրանի նկատմամբ սահմանած տնտեսական պատժամիջոցները:
Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակ է հետապնդում: