Մատչելիության հղումներ

Սիրիայի հյուսիսում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել


Սիրիայի հյուսիսում գտնվող Թել-Աբյադ քաղաքում 13 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը վիրավորվել են շաբաթ երեկոյան` ավտոմեքենայում տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով:

Թել-Աբյադը գտնվում է թուրք-սիրիական սահմանի անմիջական հարևանությամբ և Թուրքիայի զինված ուժերի հսկողության տակ է անցել մոտ երկու շաբաթ առաջ: Թուրքական իշխանությունները ահաբեկչության համար մեղադրում են քուրդ զինյալներին:

Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի» տեղեկություններով՝ հարձակման զոհերի թվում են ինչպես Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական ջոկատների մարտիկներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ:

Հոկտեմբերի 9-ին թուրքական զինուժը և Ազատ սիրիական բանակը Սիրիայի հյուսիսում սկսել են «Խաղաղության ակունք» գործողությունը PKK/YPG-ի և Իսլամական պետության ահաբեկիչների դեմ։

Հայաստանի արտգործնախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արմեն Մելքոնյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ թուրքական ներխուժման գլխավոր թիրախներից մեկը հանդիսացող Թել-Աբյադ բնակավայրում ապրող 16 հայկական ընտանիքներից 13-ը ինքնակամ հեռացել են և ցամաքային ճանապարհով տեղափոխվում են դեպի Հասակե քաղաք:

XS
SM
MD
LG