Մատչելիության հղումներ

Ռուսական և թուրքական զորքերը մուտք են գործում Սիրիայի հյուսիսային քաղաքներ


Սիրիա - Ռուսական զինված ուժերի զինտեխնիկան մտնում է Քոբանի, 23-ը հոկտեմբերի, 2019թ․
Սիրիա - Ռուսական զինված ուժերի զինտեխնիկան մտնում է Քոբանի, 23-ը հոկտեմբերի, 2019թ․

Նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի՝ Սոչիում կայացած բանակցություններից, պլանի համաձայնեցումից անմիջապես հետո ռուսական և թուրքական զորամիավորումները շտապեցին զբաղեցնել յուրաքանչյուրին հասնող քաղաքների և տարածքների վերահսկողությունը:

Ռուսական ուժերը, զրահամեքենաները, ռազմական այլ մեքենաները, որոնցից շատերի վրա նաև Ռուսաստանի դրոշներն էին ամրացված, մտան Սիրիայի հյուսիսում գտնվող առանցքային նշանակություն ունեցող բնակավայրերը՝ Քոբանի, Մանբիջ քաղաքները:

Թուրքական ուժերը երեկվանից սկսեցին պարեկություն իրականացնել սիրիական Թել Աբյադ քաղաքում:

Ըստ ռուս-թուրքական համաձայնության՝ քրդական ուժերը պետք է հեռանան Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից: Ռուսները քրդերին զգուշացրել են, որ եթե նրանք չկատարեն այդ պայմանները, նորից թուրքական բանակի հետ բախումների մեջ կընկնեն:

Ռուսական ուժերի զբաղեցրած քաղաքներում նախկինում տեղակայված էին ամերիկյան զորքերը: Նրանք հիմա հեռանում են դեպի Իրաք: Իրաքի բարձրագույն հրամանատարությունն ասել է, որ ամերիկյան զորքերին ժամանակավորապես է ընդունում՝ պայմանով, որ նրանք հետո պետք է հեռանան Իրաքից: ԱՄՆ պաշտպանության նախարարը երեկ Բաղդադում էր՝ քննարկելու այդ հարցերը:

Քրդական ուժերը Միացյալ Նահանգների դաշնակիցներն էին «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Սակայն Դոնալդ Թրամփը որոշեց ամերիկյան զորքերը դուրս բերել Սիրիայից, և քրդական ուժերը մենակ մնացին Սիրիա ներխուժած թուրքական բանակի դեմ: Շուրջ տասնօրյա բախումներին հաջորդեցին թուրք-ամերիկյան, ռուս-թուրքական բանակցություններ, որոնց արդյունքում հրադադար հաստատվեց և որոշվեց, որ քրդական ուժերը պետք է հեռանան Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից՝ այդ տարածքների վերահսկողությունը հանձնելով թուրքերին և ռուսներին:

XS
SM
MD
LG