Մատչելիության հղումներ

Եթե սելավ լինի, այծերն ու մուֆլոնները կարող են հայտնվել Մասիվում․ Ռուբեն Խաչատրյան


Կենդանաբանական այգուց երեկ առավոտյան երկու բեզոարյան այծեր են փախել, նրանցից մեկին շարունակում են փնտրել, մյուսը արդեն սատկել է՝ ազատավանդակից դուրս փախչելուց հետո նրան շները քրքրել են։ Այգու կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանն ասում է՝ նաև սթրես էր տարել:

«Բեզոարյան այծ եթե կարողանում ես բռնել, նշանակում է՝ նրա մոտ արդեն իրա վնասվածքները բավականին լուրջ են։ Անմիջապես այդ ժամանակ ես եմ մոտեցել, տեսել եմ՝ կենդանին բավականին վատ վիճակում է, հնարավորինս օգնություն փորձել ենք ցույց տալ, բայց նա արդեն շնչահեղձ էր լինում», - նշեց Հարություն Հովհաննիսյանը։

Բեզոարյան այծը «Կարմիր գրքում» է գրանցված, Հայաստանում ամենաշատը 1500 առանձնյակ են հաշվում։ Փախածները փոքրիկ, մեկ տարին չլրացած ձագուկներ էին։ Նա ով աջ է գնացել՝ շների բաժին է դարձել, իսկ ձախ գնացած այծուկը դեռ հայտնի չէ, թե որ կողմում է, կգտնվի՞, թե՞ ոչ:

«Էն կողմը, որ ծառերը շատ խիտ է, ասենք, հողամասեր կա, ինքը թաքնվում է։ Իրան, որ թաքնվում է, կարող է էթաս կողով էլ անցնես, ինքը մնա ըտե», - ասաց Երևանի կենդանաբանական այգու Սմբակավորների բաժնի խնամող Գառնիկ Մխիթարյանը։

Սմբակավորների բաժնի խնամողն ասում է՝ այծերը հավանաբար փախել են անձրևներից հետո փլուզված քարերի արանքով՝ փոքրիկ էին, հնարավոր էր, նաև հարևանությամբ կանաչ խոտն է գրավել։ Այս փախուստը կրկնվող պատմություն է. ամիսներ առաջ էլի բեզոարյան այծ էր փախել ազատավանդակից, հասել Մյասնիկյան պողոտա, այնտեղ վրաերթի ենթարկվել ու օրեր անց սատկել։ Այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ասում է՝ եթե ուժեղ սելավ գա՝ բեզոարյան այծերն էլ, մուֆլոններն էլ կհայտնվեն Մասիվում։

«Սա մի խնդիր է, որ մենք չենք կարող գիշեր-ցերեկ էնտեղ կանգնել և պաշտպանել, որպեսզի չփլվի այդ հսկա տարածքը, սա մի բան է, որը մեր ուժերից վեր է», - ընդգծեց Կենդանաբանական այգու տնօրենը։

Ռուբեն Խաչատրյանն ասում է՝ այգին մոտ 4 կիլոմետրանոց շրջանով պարիսպ պիտի ունենա, որ իրենց կենդանիները դուրս չգան և դրսից էլ, օրինակ, շները ներս չլցվեն։ Պնդում է՝ այս խնդրով 50 նամակ է գրել քաղաքային իշխանությանը։

Հիմա ունեն պայմանավորվածություն, որպեսզի թարմացվի գոնե պարսպի մոտ մեկ կիլոմետրը՝ սմբակավորների հատվածը: Տնօրենն ասում է՝ մարդկային գործոն միշտ կա, եթե օրինակ առյուծի կամ վագրի խնամողը անվտանգության որևէ կանոն խախտի, գիշատիչներն էլ կարող են քաղաքի կենտրոնում հայտնվել։ - «Սա Ազգային անվտանգության հարց է», - ասում է Ռուբեն Խաչատրյանը։

«Բնակչությունը, ազգությունը պետք է լինի պաշտպանված՝ թե՛ Կենդանաբանական այգին լինի պաշտպանված, և թե՛ հանրությունը լինի պաշտպանված», - ընդգծեց Խաչատրյանը։

Կենդանաբանական այգուց հեռացված աշխատակիցներն ասում են՝ պարիսպ պետք է, բայց կարելի է ժամանակավոր լուծումներով ամրացումներ անել։ Բեզոարյան այծերի նախկին խնամողն ասում է, որ եռակցող ունեին, պարբերաբար հետևում էին, պարսպի խոցելի հատվածները ամրացնում: Հիմա, պնդում է, այգում մասնագետ չի մնացել: - «Բեզոարյան այծը, աչքերդ թարթում ես, փախնում է։ Պետք է ավելի ուշադիր լինեն, ավելի զգոն լինեն, ավելի խելացի մոտիկանան՝ այդ կենդանուն հետ բերեն վանդակ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կենդանաբանական այգու Սմբակավորների բաժնի նախկին ավագ խնամող Գևորգ Գրիգորյանը։

Փախստական այծի որոնումները շարունակվում են: Այգում հույս ունեն, որ նա դեռ Նորք դեռ չի հասել և բնազդով հոտի մոտ կվերադառնա՝ կանաչ, բայց օտար լանջից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG