Ադրբեջանական ընդդիմությունը չեղարկել է վաղը Բաքվում ծրագրած բողոքի ակցիան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում երեկ գրել է Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլին:
Երկրի ներքին գործերի նախարարությունն ու դատախազությունն ավելի վաղ հայտարարություն էին տարածել, որում նշված էր, թե իրավապահները բոլոր օրինական միջոցները կձեռնարկեն ապօրինի հավաքները ցրելու և Ադրբեջանի պետականության դեմ ուղղված թշնամական գործողությունները ճնշելու համար:
Իշխանությունը թույլ չի տալիս ընդդիմությանը հավաքվել մայրաքաղաքի կենտրոնում, փոխարենը առաջարկում է աչքից հեռու հարթակ: Մասնավորապես՝ հերթական անգամ ընդդիմությանն առաջարկվել էր հավաքվել Լոքբաթան ավանում, ընդդիմությունը հրաժարվել է:
Հիշեցնենք, վերջին անգամ Բաքվի իշխանությունները թույլատրել էին ընդդիմությանը ցույց անցկացնել հոկտեմբերի 19-ին՝ նույն Լոքբաթան ավանում, ընդդիմությունը, սակայն, որոշել էր հավաքվել քաղաքի կենտրոնում: Ոստիկանությունը բռնի ուժով, ծեծելով ցրել էր ընդդիմադիրների ցույցը, ձերբակալել էր ավելի քան վեց տասնյակ մարդու, այդ թվում՝ ընդդիմադիր առաջնորդ Ալի Քերիմլիին, ով հետո հայտարարել էր, որ ոստիկանական բաժանմունքում խոշտանգումների է ենթարկվել:
Իլհամ Ալիևի վարչակազմը ընդդիմության ցույցը տապալելու համար ոչ միայն զանգվածային ձերբակալությունների և ոստիկանական ուժի կիրառման էր դիմել, այլև փակել էր մետրոպոլիտենի երեք կայարաններ: Ավելին՝ կենտրոնական շրջաններում նաև անջատվել էր ինտերնետային կապը:
Համացանցում տարածվել էին տեսագրություններ Բաքվի ցույցերից, ոստիկանությունը, սակայն, ավելի ուշ հայտարարել է, թե դրանք մոնտաժված են և կեղծ են:
Արևմուտքը, հիշեցնենք, կոշտ քննադատել էր Ադրբեջանի իշխանություններին ընդդիմադիր ցուցարարների դեմ գործադրած բռնությունների համար: