«Հայ հասարակությունը հիմա հասկանում է, թե ինչու էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իմ ետևից ընկած, ցանկանում ինձ ազատել աշխատանքից: Մի պատճառով, ես դեմ եմ եղել Մեղրիի տարբերակին», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար (1999-2000 թթ.), ԵԿՄ փոխնախագահ Վաղարշակ Հարությունյանը:
Վերջինս ավելի վաղ հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանն ադրբեջանցիների հետ բանակցել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու տարբերակը, ինչի մասին իրեն հայտնել է, ինքն էլ պատասխանել է՝ այս տարբերակը Հայաստանի շահերից չի բխում:
Բացի այդ, Հարությունյանը նշում է, որ ինքը խանգարել է «Հոկտեմբերի 27»-ի համար նախատեսված սցենարի իրականացմանը, երբ հրամայել է, որ բանակը փակի Երևան տանող ճանապարհները․ - «Հասկանալի է չէ՞, թե ինչպես է այդ սցենարը նախատեսված եղել․ սրանք իրականացնում են, հետո նրանց ոչնչացնում են, ու դա փակվում է, դա ընդհանրապես ոճրագործությունների սխեման է»:
Նա հիշեցրեց, որ իր տեղակալներին հրահանգել է, որ մտնեն ԱԺ-ի շենք ու Նաիրի Հունանյանին ասեն, որ բանակը շրջապատել է, ու ինքը որևէ տարբերակ չունի, մնում է հանձնվելը:
«Գիտեք, թե իր պատասխանը որն է եղել, ասում է՝ իսկ բանակն այստեղ ի՞նչ գործ ունի: Քոչարյանը մի քանի օր անց նույնն է ասում, թե՝ մենք պայմանավորվել էինք, որ բանակը չպիտի մտնի քաղաք: Նաիրի Հունանյանն ու նախագահն ասում են՝ բանակն ինչու է մտել, բայց բանակը որ մտել է, ի՞նչ, մտել է, որ ապահովի անվտանգությունը, այստեղ ի՞նչ պրոբլեմ պիտի լիներ: Դրանից հետո փորձեցին իմ դեմ քրեական գործ հարուցել և մեղադրել, որ ես բանակ եմ մտցրել, սա խախտել է իրենց պլանները», - հավելեց Վաղարշակ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Հարությունյանի այդ որոշումը Քոչարյանը որակել էր որպես ինքնագլուխ, անընդունելի գործողություն: 2002 թվականի հուլիսի 22-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Հարությունյանը աստիճանազրկվել է։ 2019 թվականին վերականգնվել է նրա զինվորական կոչումը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․