Մատչելիության հղումներ

Ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմը ճիշտ չի գնահատել ստեղծված իրավիճակը. Վաղարշակ Հարությունյան


2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին խորհրդատվություն տրամադրող պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը պնդում է՝ քառօրյա պատերազմում հայկական կողմը ճիշտ չի գնահատել ստեղծված իրավիճակը, ինչի արդյունքում թույլ են տրվել թե՛ օպերատիվ և թե՛ տակտիկական բացթողումներ։ Հարությունյանի փոխանցմամբ՝ պետք է ուսումնասիրվի, թե ի՞նչ հանգամանքներում է հայկական կողմը մարդկային կորուստներ ունեցել, արդյո՞ք ճիշտ որոշումներ են ընդունվել, թե՞ ոչ:

«Թերությունները եղել են և՛ տակտիկական օղակում, և՛ օպերատիվ օղակում, և՛ ռազմավարական, և այդ թերությունները տեղի են ունեցել այն բանի պատճառներով, որ ճիշտ չի գնահատվել իրավիճակը», - նշեց Վաղարշակ Հարությունյանը։

«Ազատության» հարցին, թե, օրինակ, հետախուզությունում ունեցե՞լ ենք բացթողումներ, Հարությունյանը պատասխանեց. «Չխորանամ, մինչև հանձնաժողովը չավարտի աշխատանքները, հետախուզության մասով կուսումնասիրվի ամեն ինչ և կբացահայտվի՝ եղե՞լ է ինֆորմացիա, զեկուցվե՞լ է այդ ինֆորմացիան, որ զեկուցել են, ո՞ւմ են զեկուցել, և այդ օղակը ի՞նչ որոշում է ընդունել՝ ճի՞շտ, ժամանակի՞ն, թե՞ ոչ։ Հիմնական խնդիրն այսօր դա է՝ բացահայտել, թե ինչ ինֆորմացիա է եղել, ում են զեկուցել, և այդ օղակը ինչ որոշում է ընդունել, և դա գալիս է, նորից եմ կրկնում, տակտիկական օղակից մինչև ռազմավարական»։

Գեներալ-լեյտենանտն ընդգծեց՝ միանշանակ է, որ թերություններ եղել են․ «Միանշանակ, սյստեղ խոսելու բան չկա, միանշանակ թերություններ եղել են։ Ամեն մի զոհ պետք է ուսումնասիրվի, պատերազմ է եղել, և զոհերը, բնական է, պետք է լինեն, պատերազմն առանց զոհերի չի լինում, ստեղ խնդիրը՝ էդ զոհերը այդ իրավիճակի ստեղծված համապատասխանո՞ւմ են այդ բարդության, լրջության, դա՝ մեկ, երկրորդը՝ իսկ այն որոշումները, որ ընդունել են, ճի՞շտ են եղել, և եթե ճիշտ որոշումներ ընդունվեին, եթե սխալ ընդունվեին, ապա կորուստները ի՞նչ կլիներ, և կուսումնասիրվի՝ ամեն մի զոհը ինչից է զոհվել, որտեղ»։

«Ազատության» դիտարկմանը՝ նա ասում է, որ թերություններ միանշանակ եղել են, սակայն այն ժամանակ շտաբի պետի տեղակալ, այժմ՝ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովն ասում է, որ «լուրջ թերություններ չեն եղել, այլապես մենք կկորցնեինք Մարտակերտը, Թալիշը և այլն», Հարությունյանն արձագանքեց. «Չէ, եթե այդ տեսանկյունից նայենք, լուրջը կլինի՝ Ղարաբաղը հանձնենք, դա կլինի լուրջ: Ո՞նց ենք գնահատում, ասենք թե, որ մենք հանձնել ենք դիրքեր, դա լո՞ւրջ է, թե՞ ոչ: Ես չեմ կարող համաձայնվել այս տեսակետի հետ։ Լուրջը՝ ի՞նչ ես համարում դա: Տեղի է ունեցել կորուստներ տարածքային, ավելին ասեմ՝ շփման գծի փոփոխություն է եղել, շատ փոքր, բայց եղել է, հիմա պետք է բացահայտե՞նք՝ ինչի: Եթե իր մոտ կան պատասխաններ, թե ինչու է դա տեղի ունեցել, ապա դա ուրիշ հարց է, ինքը պիտի ասի, որ էս-էս պատճառով է եղել, իսկ այդպես ասել, թե շատ կորուստներ չենք կորցրել՝ շրջաններ, ապա խնդիրը դա չի հիմա, հիմա խնդիրը՝ բացահայտել էն բացթողումները, որը թույլ է տվել շփման գիծը փոփոխություն ի օգուտ Ադրբեջանի»։

Վաղարշակ Հարությունյանն անընդունելի է համարում այն պնդումները, թե ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նպատակը ինչ-որ մարդկանց պատժելն է: Ըստ նրա, խորհրդարանական քննիչ հանձնաժողովը պետք է վերհանի 2016-ի քառօրյա պատերազմի բոլոր թերությունները, որպեսզի ապագայում սխալների կրկնություն թույլ չտրվի: Իհարկե, եթե քննիչ հանձնաժողովի գործունեության արդյունքում ի հայտ գան կոպիտ խախտումներ, որոնք հանգեցրել են բազմաթիվ զոհերի, կլինեն նաև մարդիկ, որոնք պատասխանատվության կենթարկվեն:

«Հանձնաժողովը ոչ մեկին չի պատժում, հանձնաժողովը բացահայտում է այն թերությունները, որ տեղի են ունեցել, և նպատակը դրա՝ որպեսզի դա հետագայում չկրկնվի, և, ասենք թե, բանակի ծրագրերի մեջ մտցնեն փոփոխություններ ու ուղղեն այդ սխալները, և դա է նպատակը և ինչի գնում են: Բայց փորձում են ներկայացնել, որ սա այն հանձնաժողովն է, որ պետք է պատժի մարդկանց, առաջինը՝ անհիմն ոչ մեկին չեն պատժելու, ես կարծում եմ՝ բոլորը համոզված են դրա մեջ, բայց եթե բացահայտվի այնպիսի բաներ, որ տեղի է ունեցել և թույլ է տված եղել կոպիտ խախտումներ, որի արդյունքում հետևանքները եղել են զոհեր և այլ՝ տարածքների կորուստներ, ապա, այո», - ընդգծեց պաշտպանության նախկին նախարարը:

Հարցին՝ հավանական համարո՞ւմ է դավադրության տեսության շրջանակներում հնչող այն վարկածը, թե քառօրյա պատերազմը կարող էր պայմանավորված լինել, պաշտպանության նախկին նախարարը պատասխանեց, որ կյանքում ոչինչ բացառել պետք չէ, բայց քիչ հավանական է համարում այդ վարկածը:

«Այդպես հնարավոր չի պատերազմի մասին պայմանավորվել և կանգնել այն պահին, ասենք թե, կգաս էս բանին կհասնես՝ սահմանին ու կկանգնես, չկա էդպիսի բան, դրա համար էստեղ ես գրեթե բացառում եմ այդ տարբերակը: Բայց այստեղ խնդիրը այլ հարցում է, որ երբ որ սկսվել են այդ գործողությունները, մինչ այդ մենք բացահայտե՞լ ենք դա, թե՞ ոչ, հնարավո՞ր էր դա բացահայտել, թե՞ ոչ, ինչքանո՞վ ճշգրիտ են գործել մեր վերլուծական այն մարմինները, որ պետք է այդ ինֆորմացիան վերլուծեին և գային ճիշտ եզրակացության», - նշեց Հարությունյանը։

1999-ից 2000 թվականներին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վաղարշակ Հարությունյանը նշում է, որ բանակը 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ ընդհանուր առմամբ իր հիմնական խնդիրը լուծել է և թույլ չի տվել, որ Ադրբեջանը այդ պատերազմում հասնի իր գլխավոր նպատակին, տվյալ դեպքում շփման գծի փոփոխություն իրականացնել: Իհարկե, որոշ հենակետեր հայկական կողմը կորցրեց, ինչն անցանկալի էր, բայց դրանք այն նշանակությունը չունեին, որ զինվորների կյանքի գնով փորձեին ետ բերել:

«Ակնհայտ է, չէ՞, խնդիրը չի եղել, որպեսզի իրանք վերցնեն մի քանի հենակետ՝ օգտագործելով այդքան զորք և ունենալով այդքան կորուստ, իսկ խնդիրը, ես համոզված եմ, եղել է հետևյալը՝ փոփոխել շփման գիծը և դրա հիման վրա կառուցել իրանց հետագա դիվանագիտությունը և քաղաքականությունը՝ ճնշելով և՛ հայկական կողմերին, և՛ համանախագահներին, և՛ այն պետություններին, որոնք արտահանում են նավթ և գազ», -ասաց Հարությունյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG