Մատչելիության հղումներ

Վաղարշակ Հարությունյանը կրկին գեներալ-լեյտենանտ է


Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», 2016թ.
Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», 2016թ.

Ռազմական և քաղաքական գործիչ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը կրկին գեներալ-լեյտենանտ է: Նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված է Արմեն Սարգսյանի հրամանագիրը Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու՝ ՀՀ նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի հրամանագիրը ուժը կորցրած ճանաչելու մասին:

Այս մասին երեկ երեկոյան Ֆեյսբուքում գրել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը. - «Հանրապետության նախագահը ընդունել է Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումներից զրկելու՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը ուժը կորցրած ճանաչելու իմ միջնորդությունը և ստորագրել համապատասխան հրամանագիր»։

Վաղարշակ Հարությունյանը Հայաստանի ռազմական գերատեսչությունը ղեկավարել է 1999 թվականի հունիսից մինչև 2000 թվականի մայիս: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից իրեն զինվորական կոչումից զրկելը Հարությունյանը անօրինական է համարում, իսկ «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցությունը, որին նա անդամակցում էր, որակել է քաղաքական հետապնդում:

Կուսակցության քաղխորհրդի անդամ Հովիկ Արսենյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ զինվորական կոչումից զրկելը ապօրինի քաղաքական որոշում է եղել, և քաղաքական որոշման արդյունքում էլ վերականգնվեց այն։

«Ես ողջունում եմ այդ որոշումը, և երբ ես արդեն իմացա այդ մասին, շնորհավորական ողջույններս ուղարկեցի մեր գեներալին։ Նա մեր պետության արժանի զավակն է, և համոզված եմ, որ հետայսու ինքը դարձյալ կպայքարի հանուն մեր երկրի անվտանգության, մեր ժողովրդի: Միաժամանակ, իհարկե, դա քաղաքական որոշում է եղել՝ հանիրավի, ապօրինի, և հենց քաղաքական առումով էլ նորից վերականգնվեց նրա այդ աստիճանազրկումը։ Միաժամանակ, ես ցանկանում եմ և ուշիուշով հետևում, որ անհրաժեշտ է նաև մեր այն դիվանագետների կոչումները վերադարձնել, որոնք 2008 թվականի շարժմանը մասնակից էին», - ասաց Արսենյանը՝ հավելելով․ - «Համոզված եմ, որ մոտ ապագայում դարձյալ կհաղթանակի արդարությունը»:

Հարցին, թե ինչու պատժվեց Վաղարշակ Հարությունյանը, ինչի արդյունքում էլ զրկվեց զինվորական կոչումից, Հովիկ Արսենյանն արձագանքեց. - «Ավելի քան ես համոզված եմ՝ կապված նրա հետ, որ միշտ վարկածը գնում էր նրանում, որ Մեղրիի դրվագի հետ կապված, որ այնուամենայնիվ հրապարակայնացվեց, և Վաղարշակ Հարությունյանը այդ խնդրի հետ կապված, այդ կազուսի հետ կապված պարզաբանումներ էր տալիս»:

1999-ին ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Սուրեն Աբրահամյանը համոզմունք հայտնեց՝ պատճառը Վաղարշակ Հարությունյանի ընդդիմադիր կեցվածքն էր: «Բացահայտ քաղաքական հետապնդում էր՝ ամենազզվելի, ամենասոսկալի բանը, երբ որ մարդուն այլ հայացքների համար կարող են պատժել, էն էլ՝ նրա վաստակը զրկելու պարագաներում», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Աբրահամյանը:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ «անձամբ միջնորդել ու հիշեցրել է վարչապետին անարդարությունը շտկելու, Վաղարշակ Հարությունյանի կոչումը և թոշակը վերականգնելու խնդրով»։

Վաղարշակ Հարությունյանը, ով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը ստացել է 1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, այսօր հրաժարվեց մեկնաբանություն տալ, նշելով, որ առաջիկայում հանդես կգա մամուլի ասուլիսով։

XS
SM
MD
LG