Մատչելիության հղումներ

Թուրքական մամուլը Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները հաղթական է որակում


Թուրքական մամուլը հաղթական է որակում նախօրեին Սոչիում կայացած Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները: Այսօր առաջատար պարբերականների առաջին էջերին Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնության մասին լուրերն են:

Այսպես, թուրքական Yeni Şafak-ը, անդրադառնալով երկու նախագահների միջև Սիրիայի հյուսիսային շրջանների՝ Եփրատ գետից արևելք ընկած տարածքների, այդ թվում՝ թուրք-սիրիական սահմանի երկայնքով 30 կիլոմետրանոց անվտանգության գոտու վերաբերյալ 10 կետից բաղկացած հուշագրին, գրում է. «Խաղաղության ակունք» գործողությամբ Թել Աբյադում և Ռաս ալ Այնում ստեղծված անվտանգության գոտին ԱՄՆ-ին ընդունել տված Թուրքիան Սոչիում երկրորդ հաղթանակն է տանում»: Star և Ortadoğu թերթերը ռուս-թուրքական համաձայնությունը պատմական են համարում, Türkiye թերթն էլ գրում է, թե «Էրդողանը Պուտինից էլ ստացավ իր ուզածը՝ այսպիսով վերջակետ դնելով անվտանգության գոտու հարցում»:

Թուրքական Bir Gün թերթը, «Սիրիական հարցի լուծման հասցեն Դամասկոսն է» գլխագրով հոդվածում, ընդգծելով համաձայնագրի առաջին կետը, որով կողմերը հաստատում են իրենց հավատարմությունը Սիրիայի քաղաքական միասնությանը, գրում է, թե այսպիսով փաստացիորեն ճանաչվում է Ասադի իշխանությունը: Պատահական չէ, որ Բաշար Ասադը Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ հեռախոսազրույցում հայտնել է՝ սատարում է Սոչիում կայացած համաձայնությունը:

Սոչիի հուշագիրը հաղթական է համարում նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Anadolu գործակալության հետ հարցազրույցում Չավուշօղլուն նշել է. «Այս համաձայնագիրը շատ կարևոր է մեր ազգային անվտանգության տեսանկյունից, այն պատմության մեջ կամրագրվի որպես դիվանագիտական և քաղաքական հաջողություն:

Cumhuriyet պարբերականի սյունակագիր Մուստաֆա Բալբայը, վերլուծելով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ավելի քան վեց ժամ տևած բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունը, գրում է, թե այսպիսով թուրքական սահմանների անվտանգությունը ամբողջովին միջազգային օրակարգի հարց դարձավ: Արձանագրելով Թուրքիայի հաջողությունը այս գործընթացում՝ հոդվածագիրը նշում է, թե հարցի վերջնական լուծման համար անհրաժեշտ է բանակցել Սիրիայում բոլոր կողմերի հետ:

«Խաղաղության ակունք» գործողության շարունակությունը ինչո՞ւ չդարձնել երկխոսության ակունք», - գրում է Cumhuriyet-ի սյունակագիրը:

XS
SM
MD
LG