Մատչելիության հղումներ

«Իմ քայլ»-ի պատգամավոր․ ՍԴ-ն ԱԺ-ի դիմումի քննությունը մերժել է՝ չանդրադառնալով փաստարկներին


Սահմանադրական դատարանի շենքը Երևանում, արխիվ
Սահմանադրական դատարանի շենքը Երևանում, արխիվ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանի գնահատմամբ՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Ազգային ժողովի դիմումի քննությունը մերժելով՝ Սահմանադրական դատարանը ֆիքսվել է ժամկետների խախտումների վրա և չի անդրադարձել իրենց ներկայացրած փաստարկներին։

«Չեն ասում՝ ինչի են էդ փաստարկները սխալ, իրավաբանորեն ոչ հիմնավորված, և այլն, և այլն, չկա, զրո», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

ՍԴ-ն մասնավորապես փաստում է՝ Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործը քննության ընդունելու մասին Սահմանադրական դատարանի որոշման ամսաթվի և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից սեպտեմբերի 18-ին Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմումը ներկայացնելու ամսաթվի համադրումն ակնհայտ է դարձնում, որ չի պահպանվել Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված երկշաբաթյա ժամկետը, և հետևաբար «դիմողն իրավասու չէ դիմել Սահմանադրական դատարան»:

ՍԴ աշխատակարգային որոշման մեջ նաև նշված է․ - «ՍԴ դատավորի վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ դիմողի պնդումը պետք է հաստատված լիներ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կարգապահական տույժ կիրառելու մասին Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ»: Սուրեն Գրիգորյանը մատնանշում է՝ այսպիսով, ըստ ՍԴ-ի, եթե իրենք դատավորին կարգապահական պատասխանատվության չեն ենթարկում, ԱԺ-ն չի կարող էական կարգապահական խախտում արձանագրելով դիմել բարձրագույն դատարան։ «Նախ, ոչ մի նորմից տենց բան չի բխում, երկրորդը՝ դա կոնցեպտուալ շատ սխալ ա, որովհետև եթե Սահմանադրական դատարանը․․․ եթե տենց ա, էկեք գրենք, որ Սահմանադրական դատարանը սուրբ ա և չի կարող սխալվել», - ընդգծեց խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը:

Ազգային ժողովը ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման չորս հիմք էր ներկայացրել՝ Հրայր Թովմասյանի՝ երկար տարիներ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ լինելը, որի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերը համընկնում են Մարտի 1-ի գործով, Թովմասյանի և Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի միջև առկա անձնական բնույթի հարաբերությունները, մարտիմեկյան իրադարձությունների ու դրան հաջորդած դատավարությունների մասին Թովմասյանի՝ կարծիք հայտնելու հանգամանքը, և Քոչարյանի դիմումի քննության ընթացքում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ներկայացրած միջնորդությամբ Թովմասյանի մասնակցության անհնարինության հարցը չքննարկելը։

Հիշեցնենք՝ երեկ Սահմանադրական դատարանի կայքէջում հրապարակվել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Ազգային ժողովի դիմումի քննությունը մերժելու որոշումը:

XS
SM
MD
LG