Մատչելիության հղումներ

Եզդի ակտիվիստ Միրզա Դինային` «Ավրորա» մրցանակի դափնեկիր


«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր ճանաչվեց «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպության համահիմնադիր և ղեկավար Միրզա Դինային։ Այդ մասին հայտարարվեց «Ավրորա» ֆորումի շրջանակում շաբաթ երեկոյան Երևանում անցկացվող հանդիսության ժամանակ:

Ազգությամբ եզդի ակտիվիստը մեծարանքի արժանացավ ահաբեկչության ավելի քան 1,5 հազար զոհերի փրկելու և «Իսլամական պետության» կողմից սեռական բռնության ենթարկված հարյուրավոր անձանց աջակցելու համար: Միրզա Դինային Սիրիայում և Իրաքում ծավալվող հակամարտությունների ընթացքում կարողացել է օգնել եզդի համայնքի ամենախոցելի անդամներին։

Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Միրզա Դինային ստանալու է 1 միլիոն դոլարի պարգև, որով նա հնարավորություն կունենա շարունակելու մարդասիրության շղթան՝ աջակցություն ցուցաբերելով ժամանակին իրեն ոգեշնչած կազմակերպություններին։ Նա ընտրել է երեք կազմակերպություն, որոնք բժշկական օգնություն և վերականգնողական ծառայություններ են տրամադրում «Իսլամական պետության» կողմից ահաբեկչությունից տուժածներին։ Այդ կազմակերպություններն են՝ «Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպությունը («Օդային կամուրջ Իրաք»), «ՍԻԴ» հիմանդրամը (SEED Foundation) և «Շայ» հիմնադրամը (Shai Fund):

«Ավրորա» մրցանակի նախկին դափնեկիրները ականավոր հումանիտար գործիչներ են՝ բուրունդեցի ակտիվիստ Մարգարիտ Բարանկիցեն (2016), ամերիկացի վիրաբույժ և միսիոներ Թոմ Քաթինան (2017) և ռոհինջա իրավաբան ու մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունը (2018)։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեծարման է արժանացրել նաև 2019-ի «Ավրորա» մրցանակի մյուս երկու հերոսներին` եմենցի իրավապաշտպան և ակտիվիստ Հուդա ալ-Սարարիին և Նիգերիայի Future Prowess իսլամական հիմնադրամ կազմակերպության հիմնադիր և տնօրեն Զանա Բուքար Մուսթաֆային, ինչպես նաև տրամադրել նրանց 50 հազարական դոլարի պարգև:

«Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 14-ից մինչև 21-ը Հայաստանում անցկացվող «Ավրորա» ֆորումի շրջանակում:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG