Մատչելիության հղումներ

«Ավրորայի» այս տարվա հավակնորդները երեքն են


«Ավրորա» մարդասիրական մրցանակին առաջադրվել են իրաքցի Միրզա Դինային, եմենցի Հուդա ալ-Սարարին և նիգերացի Զանա Բուկար Մուստաֆան:

Վտանգելով սեփական կյանքը՝ Միրզա Դինային «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գերությունից ազատել է կանանց և երեխաների, Հուդա ալ-Սարարին անգամ 18-ամյա որդու սպանությունից հետո չդադարեց Եմենի գաղտնի բանտային ցանցի բացահայտման գործընթացը, դժբախտ մանկությունը հաղթահարած Զանա Բուկար Մուստաֆան Նիգերիայում պայքարում է երեխաների կրթության իրավունքի համար:

Այս մարդիկ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի այս տարվա հավակնորդներն են: Սեփական կյանքի գնով նրանք ավելի լավն են դարձնում այլ մարդկանց կյանքը:

«Ավրորա» ֆորումի շրջանակում այսօր երեքն էլ իրենց անցած ուղին ներկայացրեցին ներկաներին:

Միրզա Դինայիի «Օդային կամուրջ Իրաք» մարդասիրական կազմակերպությունն Իրաքից Գերմանիա է տեղափոխում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումներից տուժած եզդիներին և ցուցաբերում բժշկական օգնություն:

«Խոչընդոտներն ամենուր են: Անգամ մարդասիրական գործում: Եթե նույնիսկ սոված մարդուն ցանկանում ես սնունդ տալ, հայտնվում են մարդիկ, որ փորձում են խոչընդոտել: Կան իհարկե նաև քաղաքական լուրջ խոչընդոտներ: Եվ ըստ էության, դու հարձակումների թիրախում ես: Առաջին խնդիրը, որին ես անդրադարձա, տարիներ առաջ էր․ Ալ Քաիդայի հարձակումների ժամանակ 6 երեխայի բերեցի Գերմանիա: Եվ առաջին բանը, որ տեսա այս երեխաների աչքում, փոխեց իմ պատկերացումները: Ես զգացի, որ պարտավոր եմ ինչ-որ բան անել: Եվ հետագայում, արդեն այս նախաձեռնության շրջանակներում ես զգացի, որ կան մարդիկ, ովքեր քեզ քաջալերում եմ, որ շարունակես», - ասաց Դինային:

Եմենցի փաստաբան Հուդա ալ-Սարարին բացահայտել է իր երկրում գոյություն ունեցող գաղտնի բանտային ցանցը, որտեղ անազատության մեջ են պահում հազարավոր տղամարդկանց և տղաների: Նա ասաց, որ անհերքելի ապացույցներ է ունի և դրանք փոխանցել է Amnesty International, Human Rights Watch կազմակերպություններին, որպեսզի միջազգային այս կառույցները զբաղվեն խնդրով:

Այսօր պատմում էր, որ մրցանակը ստանալու դեպքում իրավաբանների խումբ կստեղծի, որպեսզի օգնեն խոշտանգվածներին, սոցիալական և հոգեբանական աջակցություն ցուցաբերեն առևանգված և անհետ կորած տղամարդկանց կանանց:

«Մեծ վտանգի տակ ենք աշխատում: Ես կորցրեցի երեխայիս: Նա սպանվեց հերթական բողոքի ակցիայի ժամանակ, և քանի որ օդանավակայանը փակ էր, ես նրան անգամ չկարողացա հիվանդանոց հասցնել: Հարյուրավոր մայրեր այսօր այս վիճակում են: Եմենում գաղտնի բանտեր են գործում, որտեղ մարդիկ խոշտանգվում են: Շատերն այս մասին վախենում են խոսել, որպեսզի իրենք էլ չառևանգվեն ու այդ բնատերում կորչեն: Ես որպես փաստաբան փաստեր եմ հավաքում, աշխարհին ցույց եմ տալիս, թե ինչ ապօրինություններ են կատարվում մեզ մոտ: «Ավրորայի» առաջադրումը առաջին հերթին այդ մայրերին և երեխաներն փրկելու համար է: Սա ինձ համար մեծ պատիվ է», - նշեց Հուդա ալ-Սարարին:

«Բոկո հարամը» աշխարհում ամենամահացու ահաբեկչական խմբավորումն է՝ ըստ 2015 թվականի Ահաբեկչության գլոբալ ինդեքսի: Այդ վտանգավոր միջավայրում 60-ամյա Զանա Բուկար Մուստաֆան ապահով տարածք է ստեղծում բռնության ենթարկված երեխաների համար և տալիս նրանց արժանի ապագա ունենալու հնարավորություն: Տարիներ շարունակ Մուստաֆան միջնորդ է եղել կառավարության և ահաբեկիչների միջև: Նրա շնորհիվ ավելի քան 100 աղջիկներ ազատ են արձակվել ահաբեկիչների գերությունից:

Զանա Բուկար Մուստաֆա․ - «Նպատակը հասկանալն է, թե արդյոք արժանի մի բան ես անում: Դու ես ստեղծում այն միջավայրը, որտեղ ուզում ես ապրել: Իմ դեպքում ես ապրել եմ այդ վատ կյանքով և իմ առջև առաջադրանք եմ դրել լուծել մյուսների խնդիրները: Ստեղծածս դպրոցը կրթություն է տրամադրում Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի ընչազուրկ երեխաներին և պաշտպանում նրանց: Իմ փրկած աղջիկները հիմա կարողանում են սովորել: Նրանցից ոմանք նույնիսկ հասել են Ալժիրի ամերիկյան համալսարան»:

Շաբաթվա վերջում հայտնի կդառնա, թե այս տարի նրանից ում կհասնի 1 մլն դոլարի մրցանակը մարդասիրության շղթան շարունակելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG