Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի մրցաշարի 8-րդ տուրում երեկ ֆիննական Տուրկուի «Վերիտաս» մարզադաշտում խոշոր հաշվով պարտություն կրեց տանտերերի հետ խաղում: Ֆինների կազմում դուբլով աչքի ընկավ Տեեմու Պուկկին, մեկ գոլ էլ խփեց Ֆրեդրիկ Յենսենը:
Այս խաղից հետո ֆինները վաստակեցին 15 միավոր: Հայաստանի հավաքականը մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Ֆինլանդիայի ընտրանուն զիջում է 5 միավորով և գործնականում կորցնում Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունները: Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք են ստանում ընտրական խմբերում առաջին երկու հորիզոնականները զբաղեցնող թիմերը։
Հայաստանի հավաքականն այս հանդիպմանը կորուստներով էր մոտեցել, վնասվածքների պատճառով թիմին չկարողացան օգնել ավագ Հենրիխ Մխիթարյանը և ձախ պաշտպան Կամո Հովհաննիսյանը, բացակայում էր նաև Կառլեն Մկրտչյանը: Ըստ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի՝ առանցքային խաղացողների բացակայությունը զգացնել տվեց:
«Կամոն մեր ոգին է, մեր թիմի արագությունն է: Կառլենը մեր թիմի՝ բնավորություն ունեցող խաղացողներից է, կայուն: Իսկ Հենոն այն խաղացողն է, որը տարբերություն է ստեղծում ու որի պակասը զգացվեց թե՛ հանդերձարանում, թե՛ դաշտում», - հայտարարեց մարզիչը:
Գյուլբուդաղյանցն ընդգծեց՝ իր տղաների մոտ առաջին խաղակեսում ինչ-որ բաներ ստացվում էին: «Առաջին կեսում գոլային պահեր ստեղծեցինք, ինչ-որ բաներ ստացվեցին, մրցակիցը վտանգավոր պահեր ստեղծում էր հիմնականում ստանդարտ իրավիճակներից: 4-5 անկյունային եղավ, որից մեկն ավարտվեց գոլով», - հետխաղային ասուլիսի ընթացքում ասաց գլխավոր մարզիչը:
Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչն ասաց՝ երկրորդ գնդակն ընդունելուց հետո թիմի խաղային կարգապահությունը կորավ:
Գյուլբուդաղյանցը վստահեցրեց՝ հաջորդ խաղերում պայքարելու են հաղթանակի համար։
Ընտրական մրցաշարի վերջին երկու տուրերի հանդիպումները կկայանան նոյեմբերին: Հայաստանի ընտրանին նախ տանը կընդունի Հունաստանի հավաքականին, ապա կմեկնի Իտալիա՝ վերջին խաղն անցկացնելու: