Մատչելիության հղումներ

Անդրանիկ Քոչարյան․ «Դեռ շատ սյուրպրիզներ են լինելու Մարտի 1-ով»


Բրիտանական BBC-ի հրապարակումից հետո, թե Մարտի 1-ի գործով քննությանը կարծում է, որ 2008 թվականի մատիմեկյան իրադարձությունների ժամանակ ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, «Արմլուր» լրատվական կայքը հրապարակել է գեներալի հարցաքննության արձանագրությունը:

Հարցաննության ժամանակ գեներալը պատմել է, որ 2008-ի փետրվարի 23-ին գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի անցկացրած խորհրդակցությանը, որից երկու ժամ հետո տեղեկացել է, որ Լեռնային Ղարաբաղի տարբեր ստորաբաժանումներից հավաքական գումարտակ կազմելու և Երևան ուղարկելու հրաման կա: Ըստ Կարապետյանի՝ Երևան է եկել մոտ 300 զինծառայող, նրանց թվում՝ նաև դիպուկահարներ:

Այդ թեմայի շուրջ «Կիրակնօրյա վերլուծականում» Հրայր Թամրազյանը զրուցել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, Մարտի 1-ի գործով նախկին Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանի հետ:

Ստորև՝ հատված հարցազրույցից․

Անդրանիկ Քոչարյան․ - Քննիչի հարցից երևում է, որ իրենք ունեն նաև այլ տեղեկատվություն՝ կրակելու մասին, բայց Սամվել Կարապետյանը հերքում է իրենց կրակելու փաստը՝ ասելով, որ իրենք էդպիսի հրաման չեն ստացել: Բնականաբար, ինձ մոտ՝ որպես նախկին Փաստահավաք խմբի անդամ և Պաշտպանության և անվտանգության ներկայիս հանձնաժողովի նախագահ, հարց է առաջանում՝ իրենք ի՞նչ գործ ունեին այդ ժամանակ Հայաստանում: Սամվել Կարապետյանը երբ որ հրամանը ստանում էր Մովսես Հակոբյանից, ինքը հարց չէր տալի՞ս, թե «գնում ենք Երևան՝ ի՞նչ անենք, դիպուկահարներին ինչի՞ ենք վերցնում, ինչո՞ւ են միայն սպայական կազմը, էդ ի՞նչ կառավարման նոր համակարգ մտցրեցին»՝ էն, ինչ որ անընդհատ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը հերքում էր, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կապ չունի էդ ամենի հետ: Նույն Սամվել Կարապետյանի ցուցմունքների մեջ հստակ երևում է, որ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության պետն է մշտական կոնտակտ ունեցել Ղարաբաղից բերված զինվորականության և նրա ղեկավարության հետ:

Էնտեղ, իհարկե, բազմաթիվ, ես հասկացա, որ բազմաթիվ ճշտելու կամ արդեն ճշտված փաստեր կան նախաքննական մարմնում, որը հետագայում, կարծեմ եմ, հենց դատաքննության ընթացքում պետք է ի հայտ գան: Դրա համար ես խորհուրդ եմ տալիս՝ եթե Ռոբերտ Քոչարյանը ուզում է վերադառնալ քաղաքականություն, իր քաղաքականություն վերադառնալու լավագույն հարթակը էսօր դատարանում իր անմեղությունը ապացուցելը պետք է լինի և հնարավորություն տալ, որպեսզի դատաքննությունը օր առաջ սկսվի, և ոչ թե խափանման միջոցի շուրջ ինքը և իր փաստաբանները անընդհատ տեղապտույտի մեջ պահեն հասարակությանը և մեր ամբողջ արդարադատության համակարգը:

Դեռ շատ սյուրպրիզներ են լինելու Մարտի 1-ով, և ուզեն թե չուզեն, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ինչքան էլ ասեն, որ հիմա նախաքննությունը ավարտված է, և այդ նյութերը չեն կարող դեր խաղալ մեղադրականի մեջ, նշանակում է՝ իրենք շատ լավ հասկանում են, որ ինչ են արել և ինչից են վախենում և ինչպես պետք է էս նյութերի դեմ ինչ-որ խոչընդոտներ ստեղծեն:

Իսկ եթե իրենք քաղաքական պրոցեսի մասին են խոսում, ճիշտ կանեն, որ բոլոր նյութերը առգրավեն նախաքննական էս պրոցեսի մեջ, որպեսզի իրենք կարողանան հերքել դրանք: Դրանք մերժելով իրենք ավելի շատ են ավելացնում Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի ծավալների նկատմամբ կասկածամտությունը:

Ես գիտեմ, որ Սերժ Սարգսյանն էլ է բացատրություններ տվել որպես վկա, հետագայում դեպքերը ոնց կզարգանան՝ դժվարանում եմ ասել, բայց եթե էդ ամբողջ ծավալով դրանք հաստատվեն, բնականաբար, Սերժ Սարգսյանը նույնպես չի խուսափի մեղադրանքից:

«Ազատություն»․ - Իսկ ձեր Փաստահավաք խմբի հետաքննության արդյունքը ինչպիսի՞ն է, այսինքն, ըստ ձեզ՝ երրորդ նախագահը որևէ կերպ ներգրավված եղե՞լ է այդ գործողություններում, թե՞՝ ոչ: Այսինքն՝ դուք ձեր հետաքննության արդյունքում ի՞նչ եք պարզել՝ ինչ վերաբերում է թե՛ երկրորդ նախագահին, թե՛ երրորդ նախագահին:

Քոչարյան․ - Երրորդ նախագահը եղել է այդ ժամանակ հանրապետության վարչապետը, առանց որի գիտության ոչ Արցախից որևէ մեկը կարող էր գալ Հայաստան, ոչ էլ տեղակայվել Կառավարության տպարանի տարածքում՝ էդ պադվալը տպարանն է Կառավարության, որտեղ չգիտես ինչի բոլորը իրենց կցված սպառազինությամբ եկել էին Երևան, որպեսզի պաշտպանեին կարևորագույն օբյեկտները: Ոստիկանության ուժերը, Ազգային անվտանգության, Հայաստանում այլ ուժեր դա չէին կարողանում անեին՝ դիպուկահարների ներգրավմամբ Արցախից ուժե՞ր էին բերել:

Ուզում եմ ասեմ, որ Սերժ Սարգսյանը տեղեկացված է եղել ամբողջ ծավալով՝ ես էդտեղ կասկած չունեմ, և Փաստահավաք խումբը, թե նաև կադրերը ֆիքսում են նաև օլիգարխների մեքենաների առկայությունը նույն Կառավարության շենքի տարածքում, Կառավարության շենքի մեջ․ մենք այդ տեղեկատվությունը տնօրինել ենք, որ եղել են, պարզապես այն ժամանակ Փաստահավաք խումբը փաստեր էր հավաքում, իսկ այսօր նախաքննական մարմինը քննություն է իրականացնում՝ տարբերությունը դրա մեջ է, և նախաքննական մարմինը ունի հսկայական ձեռքբերումներ: Ինչքան էլ փորձեն վարկաբեկել նախաքննական մարմնի աշխատանքը այն ուժերը, որոնք սարսափած են այս լիարժեք բացահայտումներից, այն կայքերը, որոնք սպասարկում են այս ամենի դեմ, որոնք պետք է պարզապես շահագրգռված լինեին Մարտի 1-ի էջը փակելու առումով, այսինքն՝ ամբողջական բացահայտմամբ, որպեսզի էս խնդիրը մեր երկրում լուծված և դրվեր մի կողմ՝ օր առաջ, բայց տեսնում եք՝ ինչպիսի կատաղի դիմադրություն է գնում, բայց դա որևէ նշանակություն չունի, դիմադրությունը ի սկզբանե պարտված է, որվհետև Մարտի 1-ի էջը փակելը մեր պետության և պետականության օրակարգային կարևորագույն հարցերից մեկն է:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի օգոստոսի 11-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG