Մատչելիության հղումներ

«Մարտի 1-2-ին բանակը փակել էր ոստիկանության թողած միջանցքները, որոնցով ցույցի մասնակիցները կարող էին հեռանալ»


Գորիսի կայազորի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Վանյան
Գորիսի կայազորի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Վանյան

Այն, որ 2008-ի մարտի 1-ին նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող քաղաքացիների խաղաղ հավաքը ճնշելու ու ցրելու գործընթացին նաև բանակն է մասնակցել, ընդգծում են ոչ միայն միջազգային փորձագետները, այլև գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը:

«Ազատության» հետ զրույցում որոշ մանրամասներ է հաղորդում է այդ օրերին Գորիսի կայազորի ռազմական ոստիկանության պետ, իսկ 2008-ի սեպտեմբերից ՀՀ ոստիկանության զորքերի մարտական գծով հրամանատարի տեղակալ Աշոտ Վանյանը:

Նա պնդում է, թե բանակը փակել է ոստիկանության թողած միջանցքները, որոնցով ցույցի մասնակիցները կարող էին դուրս գալ․ - «Զինված ուժերը հատուկ օպերացիայի այդ տարածքը շրջափակել են, մի օղակ են ստեղծել, այդ օղակից չեն կարողացել դուրս գան ո՛չ զորքերը, ո՛չ ժողովուրդը: Եվ ստացվել է այնպիսի պայմաններ, որ ստիպված են եղել արդեն բախում լինել: Որովհետև ոստիկանության զորքերը և ոստիկանությունը հետևից ունեցել են բանակը, դիմացից ժողովուրդն ա եղել: Ժողովուրդը դիմացից ունեցել ա ոստիկանության զորքերը, հետևից՝ բանակը: Եվ ինչ է կատարվել՝ բանակը կրակել է օդ, և ժողովուրդը, տեսնելով, որ հետևից կրակում են, ստիպված ա եղել գնալ ոստիկանության զորքերի վրա: Ոստիկանության զորքերը, չկարողանալով վերադասավորվել, ունեցել են արդեն պրոբլեմներ նահանջի հետ կապված: Ունեցել են վիրավորներ ոչ միայն ժողովուրդը, այլ ոստիկանության զորքերն էլ: Եվ այդ վիրավորներին չեն կարողացել մի որոշ ժամանակ դուրս բերել մասսայական այդ անկարգությունների տարածքից»:

Ոստիկանության նախկին պաշտոնյան երկու վարկած է առաջ քաշում, թե ինչու է արտակարգ դրություն հայտարարվելուց հետո բանակը փակել ոստիկանության` հատուկ օպերացիայի ընթացքում բաց թողած միջանցքները․ - «Սա կամ շատ լավ ծրագրված օպերացիա էր, որն արվել է դիտմամբ, որ ոստիկանության զորքերը և ժողովուրդը, որը որ ունեցել են բախում, որպեսզի այդ բախման տարածքը փակեն, և ոչ մեկ հնարավորություն չունենա այդ տարածքից դուրս գա: Նախօրոք պլանավորած, որպեսզի ինչքան հնարավոր ա ավելի զոհ լինի և վիրավոր: Կամ էլ գիտելիք ընդհանրապես չեն ունեցել, որ կարող է փակ տարածքում, երբ որ կա բախում ժողովրդի և ոստիկանության զորքերի միջև, իրավունք չունեն փակել տարածքը՝ չթողնելով միջանցքներ»:

Գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը մի շարք պաշտոնական հաղորդագրություններում պնդել է, որ 2008-ին խախտվել է Սահմանադրությունն ու հաստատվել է ռազմական դրություն, իսկ Զինված ուժերն օգտագործվել են խաղաղ հանրահավաքների մասնակիցների դեմ:

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող, Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բազմիցս են պնդել, որ զինուժի օգտագործումը ապօրինի չի կարող համարվել՝ ընդգծելով, որ օրենսդրությունը թույլ է տալիս Զինված ուժերն օգտագործել զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով:

Աշոտ Վանյանն ասում է, որ, լինելով ոստիկանության զորքերի մասնագետ, կարող է ասել, որ փաստաբանները գուցե ինչ-որ բան շփոթում են: Անդրադառնալով բանակի մասնակցությանը՝ Վանյանն ընդգծեց, որ բանակում ծառայողները սովորում են շարային քայլել ու կրակել, ինչն էլ արել են․ - «Զինված ուժերի մեջ մտնում են նաև ոստիկանության զորքերը: Ոստիկանական զորքերը հանդիսանում են ոստիկանության զինված ուժերը և Զինված ուժերի մի մասնիկը: Երևի իրենք դա են շփոթել: Իսկ բանակի մարտական պատրաստության ծրագրի մեջ չկա ոչ մի դասընթաց հասարակական կարգի ապահովման համար: Օրինակ, եթե մի մարդ ամբողջ կյանքում սովորում է կրակել և շարային քայլել, հասարակական կարգի ապահովման ժամանակ ինքը պետք է կա՛մ կրակի, կա՛մ շարային քայլի: Կոպիտ եմ ասում: Ինչը և իրենք արել են: Իրենց տարել են այնտեղ, կադրերից երևում է, որ իրենց օդ են կրակել: Բայց օդ կրակել հասարակական վայրերում, բնակավայրերում արգելվում է»:

Աշոտ Վանյանի կարծիքով, Արցախից Հայաստան զորք բերողը պարտավոր էր իմանալ, որ նրանք իրավունք չունեն մասնակցել հասարակական կարգի պահպանմանը․ - «Ով որ այդ զենքը, զինծառայողներին տեղափոխել է Հայաստան, պետք է քաջատեղյակ լինեին, որ հասարակական անկարգությունների զսպման ժամանակ արգելվում է զենք կիրառել՝ եթե կիրառողից զատ կարող են այլ մարդիկ տուժել: Սա ես հղում եմ անում «Ոստիկանության մասին» օրենքի 32-րդ հոդվածիդ»:

Հեղափոխությունից հետո Պետական վերահսկողական ծառայության պետի խորհրդական նշանակված Աշոտ Վանյանն ավելի վաղ «Ազատւթյան» հետ զրույցում նշել էր, որ 2008-ին ինքն անձամբ է դիմավորել Արցախից Հայաստան բերվող զինծառայողներին:

Հատուկ քննչական ծառայությունից հետաքրքրվեցինք, թե արդյոք Վանյանը ցուցմունք տվել է այս հայտարարությունների կապակցությամբ:

Ծառայությունից տեղեկացրին․ - «Այդ տվյալներն արդեն իսկ բավարար չափով հիմնավորված են այլ ապացույցներով, որոնք առկա են 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից անջատված և դատարան ուղարկված գործում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG