Մատչելիության հղումներ

«Դիպել եմ համակարգի վերքերին, ահա թե ինչու են իմ որոշումները ցավոտ ու աղմկոտ». Նազենի Ղարիբյան


Կոնստանտին Օրբելյանը դատարանի վճռով կվերականգնվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում։ Օրբելյանի փաստաբան Տիգրան Մարտիրոսյանն ասաց՝ դատարանն այս շաբաթ բավարարել է մաեստրոյի հայցն ամբողջությամբ։

«Անվավեր է ճանաչվել մշակույթի նախարարի պարտականությունները կատարող տիկին Նազենի Ղարիբյանի 2019 թվականի մարտի 28-ի հրամանը, որով պարոն Օրբելյանը ազատվել էր աշխատանքից, և պարոն Օրբելյանը վերականգնվել է թատրոնի տնօրենի պաշտոնում», - ասաց Տիգրան Մարտիրոսյանը։

Դատարանը նաև թատրոնին պարտավորեցրել է վճարել Օրբելյանին՝ հարկադիր պարապուրդի համար։

Կոնստանտին Օրբելյանը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն էր մինչև այս տարվա մարտը, հետո նա ազատվեց տնօրենի պաշտոնից։ Այդ ժամանակ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հիմնավորմամբ՝ երկու պաշտոններն անհամատեղելի են, օրենքով տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, գեղարվեստական ղեկավարի աշխատանքը ստեղծագործական չի համարվում, ազատման հիմքերից էր նաև Օրբելյանի հայերեն չիմանալը։

Ղարիբյանի այս որոշմանը հետևեց Օրբելյանի դատական հայցը՝ պաշտոնում վերականգնվելու, զուգահեռ՝ թատրոնի արտիստներն էին պարբերաբար բողոքի հավաքներ անցկացնում։

«Եթե նույնիսկ գեղարվեստականը դիտարկենք ոչ ստեղծագործական աշխատանք, ոչ համատեղելի աշխատանք, դա, այդ պահանջը չի գործել և չի գործում թատրոնի տնօրենի նշանակման ժամանակ», - նշեց Մարտիրոսյանը։

«Մի տոկոս էլ չէինք կասկածում, որ մաեստրոն կվերադառնա», - ասում է թատրոնի առաջատար արտիստներից Հայկ Տիգրանյանը։

«Ինչպես մեր մաեստորն էր ասում՝ «եթե մի տոկոս կասկածեի, որ կհաղթեմ, չէի դիմի դատարան»: Ինձ թվում է՝ մենք էլ էլի նույն կարծիքին էինք, որ լինելու էր այս հաղթանակը», - ասաց Տիգրանյանը։

Նա ասաց, որ մշակութային գերատեսչության ու Օրբելյանի միջև կոնֆլիկտը իրենց մի պահ ստիպել էր ստեղծագործական հարցերից անցնել իրավաբանությանը, սակայն բարեբախտաբար օպերային թատրոնում խաղացանկը չի տուժել, պրեմիերաներ չեն ուշացել. «Մի պահ թատրոնի աշխատանքը փորձում էր խաթարվել, բայց էդ րոպեին էլ չկանգնեց թատրոնը, որ ուղղակի լարվածություն էր մտել»։

Օրբելյանն ինքը հանրապետությունում չէ, փաստաբանի տեղեկացմամբ՝ եթե վճիռը չբողոքարկվի, ուժի մեջ է մտնում 30 օրից։ Մշակույթի գերատեսչությունում ասացին՝ առայժմ վճռին չեն ծանոթացել և չեն կարող ասել՝ կբողոքարկվի այն, թե ոչ։

Օրբելյանի հեռացման որոշումը կայացրած Նազենի Ղարիբյանը նույնպես վճռին ծանոթ չէ, սակայն նույնն է պնդում՝ գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը նույն մարդը չի կարող լինել՝ անկախ նրա մեծագույն արտիստ լինելու հանգամանքից։

«Մի մարդը նախ չի կարող միաժամանակ էդ երկու գործառույթները լավ, լիարժեքորեն կատարել՝ կա՛մ մեկը պիտի թերանա, կա՛մ մյուսը պետք է թերանա, երկրորդը՝ այստեղ կա վտանգը, չէ՞, իշխանությունը կենտրոնացնելու և հիմնարկի հավասարակշռությունը խախտելու դեպքում», - ընդգծեց Նազենի Ղարիբյանը։

Ղարիբյանն ասում է՝ համակարգը ղեկավարելիս նպատակ է ունեցել մշակութային հեղափոխություն, բարեփոխումներ անել, այդ պատճառով պաշտոնը թողնելուց հինգ ամիս անց էլ իր անվան շուրջ արձագանքները չեն մարում։

«Իմ քայլերը ուղղված են եղել ամենացավոտ տեղերին, և հենց այդ ցավոտ տեղերն էին, որոնք խոչընդոտ են հանդիսանում մեր մշակույթի առաջընթացի կամ բարեփոխումների քայլերին», - ասաց նա։

Սա արդեն երկրորդ դատական հայցն է, որով վիճարկվում ու բավարարվում են մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի որոշումները։

Այս տարվա հուլիսին էլ դատարանը մասամբ բավարարել էր Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրենի հայցն ընդդեմ Մշակույթի նախարարության: Գայանե Կարապետյանը հայցադիմում էր ներկայացրել իրեն աշխատանքից հեռացնելու հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքին վերադառնալու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջով:

«800 հազար ի օգուտ ինձ, պլյուս 150 հազար ի օգուտ ինձ, պլյուս 135 հազար՝ որպես փաստաբանի վճար», - նշեց Կարապետյանը։

Ամիսներ են անցել, սակայն պարզվում է վճիռը չի կատարվել. «Առ այս պահը որևէ փոխհատուցում չեմ ստացել»։

Մշակույթի գերատեսչությունը, ըստ Գայանե Կարապետյանի, դանդաղում է, և Խորեոգրաֆիկի կոլեկտիվը կրկին դատարան է դիմել՝ այս անգամ էլ 10 ամիս փող չստանալու համար։

Նազենի Ղարիբյանը համոզված է՝ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարելիս դիպել է համակարգի վերքերին, ահա թե ինչու են իր որոշումները ցավոտ ու աղմկոտ։

XS
SM
MD
LG